ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ես տեսել եմ քո արցունքները ու լսել եմ քո ծիծաղը

Ես տեսել եմ քո արցունքները ու լսել եմ քո ծիծաղը
05.03.2020 | 14:12

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Կարոտել էինք քեզ, ու՝ գալիս էինք, բայց փող չունեինք: Երկուսով էլ, այդպես էր ստացվել: Էջմիածնից էինք գալիս, մոմեր էինք վառել, ես նորից մեխվել-մնացել էի Մայր տաճարի միայն ինձ հայտնի կետում, որտեղ կանգնած էի 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ նորընտիր Ամենայն Հայոց կաթողիկոսին դեղին մի թղթի կտոր փոխանցեցին… Ու նա լաց եղավ: Անթաքույց արցունքներով, որ երևի ինքն էլ չէր զգում: Կարոտել էինք քեզ, ու՝ գալիս էինք, բայց չէինք կարող առանց ծաղիկ: Պարզապես չէինք կարող ձեռնունայն քեզ մոտ գալ: Ու՝ եկանք մի մեծ փնջով՝ դաշտային ծաղիկների՝ Էջմիածնից Եռաբլուր բոլոր ծաղիկները այդ օրը ես քաղեցի: Ու երբ հասանք քեզ, դու մեզ դիմավորեցիր քո վարար ծիծաղով, որ երկուսս էլ լսեցինք՜ Այդին Մորիկյանն ու ես: Ու դա չէր կարող պատրանք լինել:


Տարիների մեջ սկսել եմ հասկանալ քեզ, տարիների հետ սկսել եմ դու-ով դիմել, տարիներ անց՝ ծնունդդ շնորհավոր՝ քեզ հետ ու առանց քեզ: Տարիների հետ նաև սովորություն է դարձել զրուցելը՝ երեքով՝ դուք՝ այդտեղից, ես՝ այստեղից: Ու եթե որևէ մեկը երբևէ լսեր… Մեր խելագար-խելահեղ զրույցները, երբ ես սովորաբար լռում եմ, իսկ դուք խոսում:
Իսկ այսօր՝ ծնունդդ շնորհավոր:


Այդինն ասում է, որ կյանքը զրուցակցի փնտրտուք է: Չգիտեմ, գուցե, մենախոսության համար ոչինչ չես որոնում: Որոնումներն իրենց ժամանակն ունեն, իսկ հետո գալիս է ժամանակ, երբ ուզում ես ապրել գտածներիդ հետ, բայց ստացվում է՝ կորցրածներիդ:
Քեզ կորցրեց առաջինը երկիրդ, հետո՝ ընտանիքդ: Առաջինը երկիրդ, որովհետև ընտանիքդ միշտ էլ գալիս էր հետո, երբ քո կյանքում ավարտվում էր պետությունը: Բայց ավարտվու՞մ էր պետությունը քո կյանքում երբևէ: Չէ: Ես, որ տեսել եմ քո արցունքները ու լսել եմ քո ծիծաղը, միշտ պահում էի տարածությունը քո ու իմ միջև, թեպետ առաջին օրից դու ինձ դու-ով ես դիմել, և աշխատանքային ու պաշտոնական հանդիպումների ու այցերի մեջ միշտ ունեցել եմ իմ մի քանի րոպեն, երբ ես ձայնագրիչն էի միացնում, իսկ դու անջատում էիր ու սկսում խոսել…


Քեզ կորցրեց պետությունը, ու մինչև հիմա դա չի գիտակցել: Քեզ կորցրեց ժողովուրդը, որ վախից ուզում էր քեզ մոռանալ: Քեզ կորցրեց ժամանակը, ու դու չհասցիր մեկ հազարերորդականն անել այն ամենի, որ ծրագրել էիր ու սկսել: Քեզ կորցրեց գրականությունը, որ բառ առ բառ քեզնից պատմություններ էր ուզում, իսկ դու ստիպված էիր բառերի կոկորդը կտրել ու սիրտդ տալ 18 տարեկաններին, որ տղամարդ էին դառնում քո ստեղծած բանակում՝ զինվոր դառնալուց առաջ: Դու այնպես էիր պատմում Հայաստանի ազգային բանակի տանկերի ու կործանիչների մասին, որ ինձ թվում էր՝ կյանքիս կեսը տանկիստ եմ եղել, մյուս կեսը՝ օդաչու:
Քեզ կորցրին ընկերներդ, որ քո մեջ միայն հովանավոր էին փնտրել, իսկ հետո նոր հովանավորներ գտան:
Քեզ չկորցրեց պատմությունը, որ քայլ առ քայլ հետևիցդ էր ընկած 40 տարի, իսկ արդեն 21 տարի միացել է քեզ: Քեզ չկորցրին հարազատներդ, որ միշտ տանը մի ափսե ավելի ճաշ ունեն, եթե հանկարծ տուն մտնես, որ երբեք քեզ բացակա չեն զգացել:
Եվ, ուրեմն, ծնունդդ շնորհավոր, այնտեղ, որտեղ դու ես, արդեն այնքան ընկերներ ու հարազատներ ունես, որ մենակությունը մնացել է մեզ, իսկ դու քո լույսերի մեջ ես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու թեկուզ ծննդյան օրով չեն դառնացնում, պիտի ասեմ՝ ներիր նրանց, որ դավաճանեցին քեզ նախկինում, ու ներիր նրանց, որ… դավաճանում են այսօր: Նրանք մեղավոր չեն, մեղավորը վախն է, որ ապրում է նրանց սրտերում, ովքեր աշխարհը սիրել չգիտեն, բայց ուզում են իշխել: Ու ինձ էլ ներիր, որ ներել չգիտեմ:

Դիտվել է՝ 10200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ