ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կպահպանվի՞ Պուտին- Էրդողան-Ռուհանի ալյանսը

Կպահպանվի՞ Պուտին- Էրդողան-Ռուհանի ալյանսը
23.02.2020 | 10:57

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանք է տարվում Մոսկվա-Թեհրան-Անկարա սամիթի նախապատրաստման համար՝ սիրիական կարգավորման հարցով: Նրա խոսքով՝ «իրանական կողմի հետ բանակցություններ են եղել այս հարցով» և «սամիթի ժամկետն» ու 3 նախագահների գրաֆիկները դեռ պետք է համաձայնեցնել: Պեսկովն առաջին տեղում դրել է Իրանը, որովհետև այնտեղ խորհրդարանական ընտրություններ են, որ ինչպես գտնում է ВВС-ին, անցնելու են «ուլտրապահպանողականների ու բարեփոխականների» դիմակայության պայմաններում:

Ճիշտ է՝ Իրանի պատգամավորները հիմնականում զբաղվում են ներքին գործերով և չեն որոշում արտաքին քաղաքականությունը, ուստի սակավ հավանական է, որ Դամասկոսի վերաբերյալ Թեհրանի քաղաքականությունը նկատելի փոփոխություններ կրի, թեպետ երկրում կձևավորվի նոր իրավիճակ՝ քաղաքական ուժերի նոր հարաբերակցությամբ: Բանակցում են Թուրքիայի հետ: Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը տեղեկացրել է, որ խոսքը Անկարայի համաձայնությունը ստանալու մասին է: Պայմանավորվածությունների կայացման դեպքում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահների 6-րդ սամիթը կարող է կայանալ Թեհրանում, մարտի սկզբին: Եռակողմ ձևաչափով հանդիպումը պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք, նախնական հանդիպումներ ու 3 երկրների ԱԳ նախարարների հանդիպումներ՝ օրակարգի համաձայնեցման համար: Տեսականորեն՝ սամիթը պետք է առաջ տանի սիրիական կարգավորման Աստանայի գործընթացը, ինչ-որ նոր տեսակետներ բերի Սիրիայում իրավիճակի կայունացման ու դեէսկալացիայի՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններում՝ հաշվի առնելով իրադարձությունների հետագա զարգացման ընդհանուր ռազմավարական տեսլականը և ընդհանուր ջանքերի համակարգումը: Բայց այս դեպքում արգելակ է դարձել Իդլիբը, որտեղ թուրքական ու սիրիական կառավարական ուժերը փաստացի ուղղակի ռազմական բախումների մեջ են, որոնց հետևանքով երկու կողմերից էլ կորուստներ կան: Սա առաջին ու լուրջ ճգնաժամն է եռյակի կազմում, որ հանդես է գալիս իբրև սիրիական կարգավորման երաշխավոր: Բայց վերաբերում է ավելի շատ Թուրքիային ու Ռուսաստանին՝ Իրանին առնչվելով միջնորդավորված: Պատահական չէ, որ թուրքական կողմը ավելի շատ ակնարկում էր Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին: Ինչու՞: Թուրքական Evrensel-ը նշում է, որ Իդլիբում իրավիճակի սրման արտաքին պատճառները ՙանհայտ ու հանելուկային են» և կոչ է անում պատասխաններ գտնել Իդլիբի գործողություններում «Էրդողանի դրսևորած համառության պատճառների մեջ»: «Անկարան համառորեն չի ցանկանում շփման գնալ Դամասկոսի հետ, փորձում է Սիրիայի պաշտոնական բանակը տեղավորել ահաբեկչական ենթատեքստում,- նշում է Evrensel-ը:-Թուրքիայի հայտարարությունները Սիրիայի տարածքային ամբողջականության ճանաչման մասին չեն արտացոլվում մարտադաշտում: Եթե ներկա լարվածությունը վերաճի թուրք-սիրիական պատերազմի, դա կհարուցի քաոս, որում կներքաշվեն ոչ միայն Թուրքիան ու Սիրիան»:

Թուրքական մեկ այլ թերթ՝ Yeni Şafak-ը պատահական չի համարում ժամանակի մեջ համընկնումը, երբ Թուրքիան Լիբիա է ուղարկում արմատական խմբավորումներ Իդլիբից, և իրավիճակի սրումը սիրիական այդ նահանգում՝ ակնարկելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի միջև ալյանսի գոյությունը: Այդ ենթատեքստում են թուրք փորձագետները տեղավորում և Խաֆթարի այցը Մոսկվա ու նրա բանակցությունները ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Միաժամանակ՝ նրանք գտնում են, որ Էրդողանը, որ Սիրիայում ու Լիբիայում ՙամրապնդում է իր ջիհադիստական խմբավորումների հովանավորի իմիջը», լուրջ սխալ է գործում: Բարդ իրավիճակում Էրդողանը չի կարողանում Իդլիբի հարցով պայմանավորվել Պուտինի հետ, որ նախկինում չէր եղել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողացել կատարել մի քանի առանցքային պարտավորություններ՝ սիրիական Իդլիբի խնդրի լուծման համար, և նշել է, որ հարյուրավոր զինյալներ Իդլիբի դեէսկալացիոն գոտուց տեղափոխվում են Լիբիա՝ մարտական գործողություններին մասնակցելու համար: Բացի այդ՝ Էրդողանը փորձում է իր կողմում ակտվ խաղի մեջ ներքաշել ԱՄՆ-ին, որ խարխլում է թե Մոսկվայի, թե Թեհրանի քաղաքական վստահությունը: Դա իր հերթին սկսեց որոշարկել, 2018-ի Սոչիի հուշագրի Անկարայի կողմից խախտումների պայմաններում, Իրանի ու Ռուսաստանի՝ Իդլիբում Դամասկոսի վերահսկողության վերականգնման անհրաժեշտության վճռականությունը: Ավելին՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսը, որտեղ Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Սիրայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես գրում է թուրքական Cumhuriyet-ը, «ձգտում են նրան իրենց ճանապարհից հանել», նշանակում է ճեղք եռյակում, որ ապագա բաժանման պատճառ է: Շվեյցարական Neue Zürcher Zeitung-ի գնահատականով՝ հենց Թուրքիան է թույլ օղակն ալյանսում, իսկ Էրդողանը ռիսկի տակ է դնում իր հարաբերությունները Ռուսաստանի ու Թեհրանի հետ՝ նրանց համեմատ թույլ դիրքերում լինելով: Իրո՞ք Էրդողանը պատրաստ է իր դաշնակիցների հետ վիճել: ժամանակը ցույց կտա: Նա դեռ շանսեր ունի գրագետ լուծումներ գտնելու և ցրելու կուտակվող ամպերը, հեռանալու ռազմական առճակատումից, առաջ տանելու սիրիական կարգավորման քաղաքական գործընթացը: Այլ ճանապարհ պարզապես ոչ ոք չունի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ու՞մ են ուզում ռուսները համոզել: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում համաձայնության չեն եկել Իդլիբի հարցում: Էրդողանը կրկին հորդորել է Պուտինին «զսպել Ասադի առաջխաղացումը», Պուտինը պնդել է՝ թիրախում ահաբեկչական խմբավորումներն են, ընդգծել է «Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը»: Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա: Փետրվարի 20-ին ռուսական ռազմական բեռնափոխադրող Տու-154Մ ինքնաթիռը և Սու-24 կործանիչները ստիպված են եղել շրջանցել Թուրքիայի օդային տարածքը, թռչել Կասպից ծովի վրայով և Իրանի ու Իրաքի տարածքով մտնել Սիրիա: Ռուսական ինքնաթիռները զենք և զինամթերք էին տեղափոխում կառավարական ուժերի համար:
Ֆրանսիան և Գերմանիան պնդում են՝ Իդլիբում անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական գործընթացը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա մտահոգություն է հայտնել, որ մարտերի ընթացքում Եվրոպան կկանգնի միգրացիոն նոր ճգնաժամի առաջ և փախստականների հնարավոր թիվը գնահատել է 2 միլիոն: «Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է. երեկ ևս երկու թուրք զինվոր է զոհվել, այսինքն՝ հարձակման սկզբից նրանց թիվը տասնյակ է: Դա կարող է հանգեցնել անվերահսկելի ռազմական էսկալացիայի», - հայտարարել է նա: Եվ ամենակարևորը՝ ՙԱնկարան մտադիր է առավել վճռական գործողություններ նախաձեռնել Սիրիայում»՝ Իզմիրում հայտարարել է Էրդողանը: «Պայքարը մեզ հեշտությամբ չի տրվում, մեր մարդիկ սպանվում են Սիրիայում: Մենք նոր ծուղակների ենք բախվում: Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից առաջ խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այնուհետև մենք որոշել են մեր ճանապարհային քարտեզը: Մենք առավել վճռորոշ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը: Նա չի նշել, թե ինչ որոշակի միջոցների մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ Անկարան «չի ենթարկվի համաշխարհային գերտերությունների սցենարներին»:
Այսինքն՝ Էրդողանը բնավ էլ մտադիր չէ Իդլիբում գրագետ լուծումներ գտնել և ցրել կուտակվող ամպերը, հեռանալ ռազմական առճակատումից, առաջ տանել սիրիական կարգավորման քաղաքական գործընթացը: Նա ընտրել է այլ ճանապարհ և զորքեր է տեղափոխում Իդլիբ՝ կռիվը շարունակելու: Հակառակ՝ ջիհադականներին զինաթափելու խոստումին՝ Անկարան նոր ճակատ է բացում Լիբիայում: Մակրոնն ու Մերկելը առաջարկել են Իդլիբի հարցի քննարկման քառակողմ ձևաչափ՝ Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան-Թուրքիա: Թեհրանում եռակողմ հանդիպումը կարող է չկայանալ ոչ միայն ռազմական, այլև՝ առողջապահական նկատառումներով՝ հազիվ թե նպատակահարմար է, որ Պուտինն ու Էրդողանը գնան Իրան, որտեղ կորոնավիրուսի համաճարակ է թափ հավաքում: Բայց որևէ ձևաչափով հանդիպման չկայացման հիմնական պատճառը՝ ընդհանուր լուծումներ չունենալն է: Անկարան փաստացի երկակի խաղ է խաղում՝ հայտարարում է, որ կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, և՝ պահանջում է Պուտինից, որ Ասադը զորքերը հանի Իդլիբից: Իսկ Մերկելին ու Մակրոնին հայտարարում է, որ փրկում է խաղաղ բնակչությանը հումանիտար աղետից: Եվ՝ չհայտարարված պատերազմը դե ֆակտո շարունակվում է, ու սպառնում վերսկսվել Լիբիայում: Որովհետև Էրդողանը իրեն համարում է փրկիչ ու գլխավոր խաղացող Մերձավոր Արևելքում՝ հենվելով իր բանակի վրա: Բայց բանակ ունի ոչ միայն Թուրքիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ