Փետրվարի 21-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ էին: 57 միլիոն ընտրողները նոր խորհրդարանի 290 պատգամավորների էին ընտրում: ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին քվեարկությանը զանգվածային մասնակցության կոչ է արել:
Սահմանադրության պահնորդների խորհուրդը 7150 թեկնածուների է միայն թույլ տվել ընտրություններին մասնակցել, մերժելով 7 300-ին: Խորհորդը, որտեղ գերակայում են պահպանողականները, թեկնածուների հաստատման բացառիկ իրավասություն ունի: Մերժվածները հիմնականում բարենորոգիչների ճամբարից են: Նրանք քննադատել են Սահմանադրության պահնորդների խորհրդի որոշումը: Թեհրանում բարենորոգիչների ու չափավորականների կոալիցիան, որ աջակցում է նախագահ Հասան Ռուհանիին, ընդհանրապես վճռել է իր ցուցակը չներկայացնել: Բարենորոգիչների 8 այլ կուսակցությունններ, այնուամենայնիվ, վճռել են մասնակցել ընտրություններին առանձին ցուցակներով: Վերլուծաբանները գտնում են, որ այդքան տարաբաժանվածությունը միայն կթուլացնի չափավոր ընտրախավին:
Չափավոր ուժերի կողմնակիցները ու բարենորոգիչները հիասթափված են կառավարության տնտեսական ու քաղաքական աշխատանքի արդյունքներից և կարող են ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Նախագահ Հասան Ռուհանին ընտրվել է՝ խոստանալով նորմալացնել հարաբերություններն աշխարհի հետ ու բարելավել տնտեսական վիճակը: 2015-ին Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը բարելավման հույսեր ներշնչեց, սակայն 2018-ին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից ու վերականգնեց պատժամիջոցները՝ կտրուկ վատացնելով իրավիճակը, ինֆլյացիան հասել է 50%-ի: Նախագահ Հասան Ռուհանին մոռացել է իր նախընտրական խոստումները, մասնավորապես՝ կառավարության կազմում երիտասարդ քաղաքական գործիչների ու կանանց ընդգրկումը: Չափավոր ընտրազանգվածը նրան մեղադրում է, որ մինչև հիմա ազատ չեն արձակվել 2009-ի բողոքի շարժման ղեկավարները, որ արդեն 10 տարի է տնային կալանքի տակ են: Նախկին նախագահ, բարենորոգիչ Մուհամեդ Խաթամին, որ կարևոր դեր է խաղացել չափավորականների համախմբման մեջ նախորդ ընտրություններում, ներկա ընտրություններին վճռել է չխառնվել:
Պահպանողականները հույս ունեն այս անգամ վերցնել խորհրդարանն իրենց վերահսկողության տակ: Նրանք հաջողվել է ընդհանուր ընտրացուցակ ներկայացնել, որտեղ ներառվել են նախորդ նախագահ, պոպուլիստ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները: Նրանք հույս ունեն ստանալ չափավոր ընտրազանգվածի ձայները: Ամենայն հավանականությամբ՝ նահանգներում կհաղթեն պահպանողականները, բարեփոխականները հայտարարել են, որ ոչ բոլոր շրջաններում թեկնածուներ ունեն: Թեհրանում պահպանողականների ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետը: Եթե խորհրդարանում պահպանողականները մեծամասնություն ստանան, Հասան Ռուհանիի, որ Արևմուտքի հետ հաշտեցման քաղաքականություն է վարում, վիճակն ավելի կբարդանա: Գործող խորհրդարանի նախագահ, չափավոր պահպանողական Ալի Լարիջանին, որ աջակցել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին ու նախագահի արտաքին քաղաքականությանը, այս անգամ թեկնածությունը չի առաջադրել:
Եթե պահպանողականները ստանան մեծամասնություն խորհրդարանում, նրանք վարելու են Արևմուտքի նկատմամբ կոշտ քաղաքականություն, որ լրջորեն թուլացնելու է Ռուհանիին, նրա նախագահական ժամկետն ավարտվում է 2 տարուց: Բարեփոխիչների ճամբարի ապագան լավատեսություն չի ներշնչում, որովհետև պետական մյուս ինստիտուտները, մասնավորապես Սահմանադրության պահնորդների խորհուրդը և փորձագետների խորհուրդը, որ նշանակում է հոգևոր առաջնորդին, վաղուց արդեն պահպանողականների ձեռքում են:
RFI
Հ.Գ. «Տարբեր քաղաքական հայացքներով ու նախընտրություններով մարդկանց մասնակցությունը Մեջլիսի ընտրություններին վկայում է, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը: Դա կարևոր ցուցանիշ է միջազգային հանրության համար»՝ երեկ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ քվեարկությունից հետո ընտրատեղամասից դուրս գալով: ISNA-ն գրում է, որ նախարարի խոսքով՝ դեռ ԻԻՀ պահնորդների կորպուսի հրամանատար Կասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը ցույց տվեց, որ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի պետական ահաբեկչությանը: «Ընտրությունները մեր երկիրը ամրապնդելու լավագույն միջոցն են»՝ հավելել է նա: Երեկվա ընտրություններում առաջիններից մեկը քվեարկել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: Ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և հանգիստ, սակայն անվտանգության ուժեղացված հսկողությամբ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդել են մի քանի տասնյակ ձերբակալվածի մասին, որ փորձել են ձայներ վաճառել: Ընտրությունների արդյունքների մասին տեղեկություններ դեռ չկան: Եվ, այնումենայնիվ, ինչպիսին էլ լինեն արդյունքները, ակնհայտ է, որ բարեփոխումների կողմնակիցների ու պահպանողականների կոնֆլիկտն անխուսափելի է: Եթե դեռ գրանցումից առաջ մեջլիսի ապագա կազմը զտվում է, որևէ արդարության մասին խոսք լինել չի կարող: Փաստացի՝ կրոնապետությունը ապահովում է իրեն հարմար ու հլու խորհրդարան՝ ամբողջական իշխանություն ունենալու համար: Չի բացառվում, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամբողջ Իրանում սկսվեն բողոքի շարժումներ կրոնապետության դեմ ընդհանրապես, որոնց կհաջորդի բռնությունների նոր ալիք: Հավելեք, որ Իրանում գրանցվել են կորոնավիրուսի արդեն տասնյակն անցնող դեպքեր ու կան նաև տասնյակ մահացածներ, Իրանը մտնում է ֆորս մաժորի շրջան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ