Վարչապետի գլխավոր խորհրդական Տեր-Պետրոսյանը հուշեց՝ պետք է վերադարձնել կիսանախագահական համակարգը
24.01.2020 | 04:45
Դեռևս 2019 թվականի վերջին հայտնի դարձավ‚ որ ՀՀ իշխանությունը նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Ասել‚ որ դա անսպասելի էր‚ ճիշտ չի լինի։ Ի սկզբանե քաղաքական և հասարակական շատ ուժեր‚ որոնք ներգրավված են այսօրվա իշխանության կառուցվածքում‚ այդ թեման արդիականացնում էին դեռևս ԱԺ նախընտրական շրջանում։ Այս թեմային գուցե այնքան էլ լուրջ չէին վերաբերվում‚ քանի որ իշխանության հիմնական թևը և անձամբ վարչապետը դրա մասին առանձնապես չէին հնչեցնում։ Հիշարժան է‚ որ անգամ 2015 թվականին‚ երբ Սերժ Սարգսյանն էր նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ և երկրի կառավարման մոդելն էր փոխում‚ Նիկոլ Փաշինյանը չմիացավ ընդդիմության միասնական ճակատին՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների‚ ինչի համար իր շատ գործընկերների‚ մասնավորապես‚ ՀԱԿ-ի կողմից‚ որակվեց որպես Սերժ Սարգսյանի հաճախորդ։
Սակայն հետագա գործընթացները‚ իշխանավարության 1 տարի 7 ամսից 1 տարի 8 ամսվա ժամանակաշրջանը նոր օրակարգ առաջացրեց իշխանության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի համար‚ ինչը ևս հասունացրեց 2020 թվականին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացը։ Խնդիրն այն է‚ թե ինչ ծավալ‚ ինչ մասշտաբ և ինչ քաղաքական նպատակներ կարող է ունենալ սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Քանի որ իշխանության ներկայացուցիչները‚ ինչպես միշտ‚ կամ անտեղյակ լինելով‚ կամ իբրև թե մանևրելով‚ կամ էլ խուսափելով պատասխանատվությունից‚ անորոշ պատասխաններ են տալիս հարցին այդ փոփոխությունների վերջնական նպատակի ու մասշտաբների մասին՝ անելով իրարամերժ հայտարարություններ‚ բնականաբար վերլուծական շրջանակներում և քաղաքական դաշտում տարբեր վարկածներ են ի հայտ գալիս։ Այնուամենայնիվ‚ կարելի է նկատել‚ որ սահմանադրական փոփոխություններն ընդհանուր առմամբ երկու իմաստ ունեն՝ ա) լոկալ նշանակություն և բ) գլոբալ փոփոխությունների նպատակ հետապնդող։
Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։
1. Սահմանադրական փոփոխությունների լոկալ խնդիրներն առաջին հերթին առնչվում են Սահմանադրական դատարանին։ Չի բացառվում‚ որ իշխանությունը կնախաձեռնի նաև տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ինստիտուտի փոփոխություն։ Մասնավորապես‚ կամ մեծ քաղաքներում կվերադառնան քաղաքապետերի ուղղակի նշանակմանը‚ կամ հակառակը՝ համատարած կանցնեն անուղղակի նշանակման մեխանիզմին՝ ավագանու միջոցով։ Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին‚ ապա ամեն ինչ շատ հասկանալի է։ Իշխանությունը‚ որ փորձեց և դեռ շարունակում է փորձել ռեպրեսիվ մեթոդներով կոտրել Սահմանադրական դատարանը‚ ի վերջո հասկացավ‚ որ այդ մեխանիզմը չի գործում‚ և ՍԴ անդամները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ‚ բավականին անկոտրում և սկզբունքային են։ Ավելին‚ իշխանությունների գործողությունները նույնիսկ ավելի են համախոբվում ՍԴ անդամներին։ Ըստ վարկածներից մեկի՝ անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից վերահսկելի համարվող ՍԴ անդամներն անընդհատ տեռորի և ռեպրեսիայի մեթոդոլոգիայի պատճառով երես են թեքում վարչապետից և համախմբվում են ՍԴ նախագահի շուրջը։ Օրենքի ուժով ՍԴ անդամներին կաշառելու մեխանիզմը առայժմ արդյունք չի տալիս։ Սա բնական է։ ՍԴ անդամներն ու դատավորները փորձված ու շատ բան տեսած մարդիկ են՝ ի տարբերություն այսօրվա իշխանավորների‚ որոնց աշխատանքային գրքույկը բացվել է իշխանափոխությունից հետո ԱԺ-ում կամ կառավարությունում։ Նրանք շատ լավ հասկանում են՝ իշխանափոխությունից հետո իրավական այդ կարգավիճակն անմիջապես հօդս է ցնդելու։ Պարտադիր-կամավոր այդ օրենքը համարվելու է հակասահմանադրական‚ դա նրանց ոչինչ չի տալու‚ հակառակը՝ թե հասարակությունը‚ թե իշխանությունը իրավական առումով մեկուսացնելու են նրանց‚ և չեղյալ է հայտարարվելու այդ գործարքը։ Այստեղ‚ փաստորեն‚ ՍԴ անդամների մոտ կա նաև պրագմատիկ հաշվարկ։ Ի սկզբանե շատ դժվար էր պատկերացնել‚ թե կառավարման համակարգում թրծված ու իշխանական ինտրիգներին քաջածանոթ ՍԴ անդամները կգնային նման գործարքի։ Այս պարագայում իշխանությանը մնում է ՍԴ վերահսկողության տակ առնելու ամենաերկար ճանապարհը՝ սահմանադրական փոփոխություններ‚ ինչը կարելի էր ի սկզբանե կիրառել և չլարել իրավիճակը‚ ինչը շատ դժվար է առանց իմիջային և քաղաքական լուրջ զոհաբերությունների լուծել։ Մանավանդ որ տեսնում ենք՝ միջազգային ատյաններն ակնհայտորեն սատարում են Հրայր Թովմասյանին‚ և տվյալ դեպքում այս թեման Նիկոլ Փաշինյանի ուժերից վեր է։ Այսպիսով՝ սահմանադրական փոփոխությունները կարող են լուծել ՍԴ-ի հետ կապված թնջուկն ու այս կարևորագույն ատյանը տեղափոխել Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ։
2. Սահմանադրական փոխոփությունները նաև գլոբալ նպատակներ են հետապնդում։ Իր կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը սկսել է շատ հստակ հասկանալ‚ թե իրականում ինչ է կատարվում երկրում‚ սկսել է գիտակցել իր իրական հնարավորությունները։ Էյֆորիան անցել է‚ հիմա սկսվել է խումարի փուլը։ Նա տեսնում է‚ որ տնտեսության մեջ‚ մեղմ ասած‚ լրջագույն ճահճացում է‚ էկոնոմիկան ընդհանրապես չի շնչում‚ վերջին շրջանում նկատելի է նաև հասարակության ապատիան‚ իսկ գործարարները‚ որոնք շատ ավելի ճկուն են‚ շատ վաղուց են հասկացել‚ որ իրականում երկրում իշխանության խոսքն ու գործը չեն համընկնում։ Ըստ էության‚ չի բացառվում‚ որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հասկանալ‚ որ միաժամանակ քաղաքականությամբ և տնտեսությամբ զբաղվելը‚ զուգահեռ նաև սեփական ու իշխանության PR-ն անելը մի մարդու բեռ չէ։ Մանավանդ եթե հաշվի առնենք‚ որ նրա այդ ունակությունները մեծ չեն‚ իսկ հանրությունն էլ սկսել է ավելի համարժեք արձագանքներ տալ ընթացող իրադարձություններին։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանի քողարկված խորհրդականներն ու գործընկերները‚ մասնավորապես ՀԱԿ-ից և ամենակարևորը՝ նրա գլխավոր խորհրդական Լևոն Տեր-Պետրոսյանը‚ հուշում են այս հարցերի լուծման լավագույն ճանապարհը՝ փոխել կառավարման ձևն ու անցնել կիսանախագահական համակարգի։ Համակարգ‚ որը փոխվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ իշխանական իր վերարտադրությունն ապահովելու համար։ Պատահական չէ‚ որ ՀԱԿ-ն անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ՝ նպատակահարմար գտնելով կիսանախագահական համակարգի վերականգնումը։ Կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում Նիկոլ Փաշինյանը կարող է գոնե հույսեր փայփայել‚ որ եթե սահմանադրական փոփոխություններն արագ կատարվեն‚ իր վարկանիշը դեռևս կշարունակի մնալ բարձր‚ և հնարավորություն կունենա ընտրությունների արդյունքում դառնալու նախագահ։ Այս պարագայում տնտեսության ամբողջ բեռը‚ այդ թվում Նիկոլ Փաշինյանի օրոք առաջացած խնդիրները‚ կվերահասցեագրվեն վարչապետին։ Իսկ վարչապետի պաշտոնը տվյալ դեպքում ամենախոցելի պաշտոնն է դառնում։ Նիկոլ Փաշինյանը նոր համակարգում կստանա իր ամենանախընտրելի դիրքը՝ լիակատար կվայելի իշխանությունը‚ սակայն որևէ պատասխանատվություն չի կրի ձախողումների համար։ Եվ որպես քավության նոխազ միշտ հանդես կգա վարչապետը։ Սա Նիկոլ Փաշինյանի համար ամենաիդեալական վիճակն է։ Ինչպես ցույց է տվել վերջինիս իշխանավարման ժամանակաշրջանը‚ Փաշինյանի ամենահարազատ խաղաոճն է՝ պատասխանատվությունը գցել բոլորի վրա։ Երբեմն նույնիսկ այդ պատասխանատվությունը գցվում է սեփական ընտանիքի անդամների վրա‚ սակայն երբեք ինքը չի ստանձնում այն։
Իհարկե‚ կառավարման համակարգի փոփոխությունները կհամեմվեն քարոզչական համապատասխան կարգախոսներով‚ նույնիսկ կհիմնավորվի‚ թե վարչապետական համակարգը որքան է խանգարել‚ որպեսզի Հայաստանը թռիչքաձև տնտեսական զարգացում ունենա։ ՈՒղեղներ լվանալու գործում Նիկոլ Փաշինյանը‚ իհարկե‚ վարպետ է։
Գլոբալ փոփոխությունների պատճառների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը‚ որ Նիկոլ Փաշինյանը սկսում է հասկանալ‚ որ խորհրդարանում իր քաղաքական մեծամասնությունը բավականին հեղհեղուկ զանգված է։ Եվ 88 պատգամավորների մի մասը‚ որոնք նրա քաղաքական հենարանն են համարվում‚ ցանկացած պահի‚ տարբեր պատճառներից ելնելով՝ կարող է դադարել մնալ Փաշինյանի քաղաքական թիմում։ Եվ եթե հաշվի առնենք «Լուսավոր Հայաստանի» բնույթը կամ այն‚ որ հնարավոր է շատ արագ պայմանավորվել «Բարգավաճ Հայաստանի» հետ‚ շատ արագ խորհրդարանական մեծամասնությունը կարող է մասնատվել։ Իսկ վարչապետի անձն այսօրվա սահմանադրությամբ որոշում է խորհրդարանական մեծամասնությունը։ Այսինքն՝ եթե որևէ պահի խորհրդարանական մեծամասնությունը երերա‚ Նիկոլ Փաշինյանը պարզապես կզրկվի վարչապետի պաշտոնից։ ՀՀ գործող վարչապետը հասկանում է‚ որ խորհրդարանական մեծամասնությունն իր համար հուսալի հենարան չէ‚ և ինքը երաշխավորված չէ ներիշխանական հեղաշրջումներից։ Այնպես որ՝ վարչապետն այսօր շահագրգռված է հնարավորինս շուտ ներդնել իր համար երաշխավորված իշխանական համակարգ և կախում չունենալ որևէ քաղաքական ուժից։
Սրանք են այն երկու գործոնները‚ որոնք մղում են Փաշինյանին սահմանադրական փոփոխությունների։ Վերջինս ակնհայտորեն շտապում է‚ և ժամանակը նրա դեմ է աշխատում։ Երկրում տիրող թեժ իրավիճակը‚ որևէ խնդիր լուծելու կառավարության անկարողությունը‚ գործադիր իշխանության ջայլամի քաղաքականությունը հասարակության մեջ հարցեր են առաջացնում՝ արդյոք այդ իշխանությունը ցանկանու՞մ է կամ կարո՞ղ է լուծել իր խնդիրները։ Իսկ դա հանգեցնելու է նրան‚ որ լոկալ խնդիրների համար մղվող ցանկացած պայքար (լինի մսավաճառների‚ «Արմաթ» լաբորատորիաների‚ ինտելեկտուալ խաղերի փակման թե այլ խնդիր) անխուսափելիորեն քաղաքականացվելու է։ Եվ դրա գագաթնակետը դառնալու է այն‚ որ ընդդիմադիր դաշտում ձևավորված քաղաքական այն ուժը‚ որը կապված չի լինի նախկինների հետ‚ հանդես կգա որպես այլընտրանք և տեր կկանգնի այդ խնդիրներին՝ երկրում գեներացնելով բավականին լուրջ քաղաքական գործընթացներ։
Այսպիսով՝ 2020 թվականին պրոցեսները շատ ավելի արագ են ընթանալու‚ քան գուցե պատկերացնում են իշխանությունը և նույնիսկ հասարակությունը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ