Հունվարի 19-ին Բեռլինում կայացավ Լիբիայի հարցով սամիթը: Անգելա Մերկելը հայտարարեց, որ բանակցությունների մասնակիցները, այդ թվում Ռուսաստանն ու Թուրքիան, պայմանավորվել են պահպանել չեզոքություն ու չաջակցել կողմերից ոչ մեկին: Կանցլերն ընդգծել է, որ սամիթի մասնակիցները համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել Լիբիա զենքի մատակարարումները: Նա վստահեցրեց, որ երկրները պարտավորվել են «որևէ աջակցություն» ցույց չտալ ոչ մարշալ Խալիֆա Խաֆթարի բանակին, ոչ Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությանը: Որ սամիթի մասնակիցները հրաժարվել են Լիբիայում արտասահմանյան որևէ միջամտությունից՝ հաղորդեց և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 11 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան ու Ֆրանսիան, համաձայնեցին, որ Լիբիայի կոնֆլիկտը չի կարելի ռազմական ճանապարհով լուծել: Բանակցությունների կարևոր արդյունքն էր Լիբիայում հրադադարի հաստատման պայմանավորվածությունը ու միջազգային մեխանիզմի ստեղծումը՝ կոնֆլիկտի կարգավորման նպատակով:
Քաղաքացիական պատերազմը Լիբիայում շարունակվում է 2011-ից՝ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո: Մայրաքաղաք Տրիպոլին գտնվում է Ֆայեզ Սարաջի ձեռքում, արևելքը վերահսկում է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ:
RFI
Հ.Գ. Ամենատարօրինակը, որ սամիթին այդպես էլ չմասնակցեցին Բեռլինում գտնվող Ֆայեզ Սարաջն ու Խալիֆա Խաֆթարը: Նրանք չեն ցանկանում ընդհանուր սեղանի շուրջ միասին նստել: Թերևս պարտված կողմը Էրդողանն էր, որ ստիպված է հրաժարվել Լիբիա զորք ուղարկելուց, որի արտոնությունը հունվարի սկզբին ստացել էր Ազգային մեծ ժողովից, ստիպված է հրաժարվել ծովային սահմանը՝ Սարաջի հետ կնքած համաձայնագրով վերաձևելու հնարավորությունից: Բեռլինում նրա հույսերը ջուրն ընկան: Եվրոպացիները ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասացին իրենց պարզ «ոչ»-ը Էրդողանի ֆանտազիաներին, որի հետևանքով Լիբիան կարող է կորցնել քաղաքական ու տնտեսական նշանակությունը Էրդողանի համար ու նա ուժերը կկենտրոնացնի Սիրիայի վրա: Եթե, իհարկե, չփորձի կողմնակի ճանապարհներով ֆինանսավորել ու զինել Սարաջին, կամ իր ենթակայության տակ եղած մոջահեդներին Լիբիա ուղարկել՝ ԻՊ-ի անվան տակ: Բեռլինում, ամփոփիչ ասուլիսում Անգելա Մերկելն ասաց. «Մենք բոլոր պատվիրակներից խոստում ստացանք, որ աջակցություն չեն ցույց տալու Լիբիայի հակամարտող կողմերին և բոլոր գործողությունները կդադարեցնեն, քանի դեռ պահպանվում է հրադադարի համաձայնագիրը»: Ու դա սողանցք է Էրդողանի համար՝ եթե հրադադարը չպահպանվի, ուրեմն մյուս պայմանավորվածություններն էլ կչեղարկվեն: Առավելևս, որ Բեռլինում չի քննարկվել սամիթի պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներ սահմանելու հարցը, որ կարող էր զսպող գործոն լինել: Մերկելն ասել է, որ հրադադարը պետք է մշտական լինի, որովհետև դա անհրաժեշտ է քաղաքական գործընթացին: Հրադադարի պահպանմանը հետելու է հատուկ հանձնաժողովը, որի կազմում հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցիչներ են: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լիբիայի հակամարտող կողմերը հեռու են համաձայնությունից: «Ընդհանուր առմամբ սամիթը շատ օգտակար էր: Հասկանալի է, որ ի վերջո լիբիացիները իրենք պիտի որոշում ընդունեն, հասկանալի է, որ առայժմ կայուն լուրջ երկխոսություն նրանց միջև չի ստացվում, չափազանց մեծ են տեսակետների տարբերությունները»՝ ասել է Լավրովը սամիթից հետո:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասել է, որ Լիբիայի կոնֆլիկտը կախված է արտաքին մասնակիցներից, այդ թվում՝ Ռուսաստանից: «Խոսքը միջնորդավորված կոնֆլիկտի մասին է, որի շարժիչ ուժերն արտաքին են՝ Ռուսաստանը, Եգիպտոսը, և մյուս երկրները՝ մի կողմում, Թուրքիան ու մյուս երկրները՝ մյուս կողմում, ԵՄ երկրները և մի կողմում են, և մյուս: Այդպիսի կոնֆլիկտը կարող է ավարտվել, եթե միայն արտաքին ուժերն ավարտեն: Հենց դա է ուզում Բրիտանիան, սա արդեն շատ երկար է շարունակվում, ամոթ է»՝ ասել է Բորիս Ջոնսոնը լրագրողներին:
«Մենք չենք կորցնում հույսը, որ երկխոսությունը կշարունակվի ու կոնֆլիկտը կկարգավորվի»՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: Իսկ Էրդողանը, որ նախօրեին հրամայել էր Սարաջի կառավարությանն օգնելու համար զորքեր ուղարկել Լիբիա, հայտարարել է, որ պետք է վերջ դնել գեներալ Խաֆթարի ագրեսիվ դիրքորոշմանը:
Մոսկվայում Սարաջն ու Խաֆթարը համաձայնության չեկան, նրանք այդպես էլ իրար չհանդիպեցին, Sky News Arabia-ի տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունը՝ Խաֆթարը պնդում է, որ իր զորքերը պիտի մտնեն Տրիպոլի, Սարաջը պահանջում է, որ Խաֆթարի զոքրքեր վերադառնան մինչև 2019-ի ապրիլի 4-ը ունեցած դիրքերին՝ հենց այդ օրը Խաֆթարը սկսեց հարձակումը:
Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հասան Սալամեն կոչ է արել արտաքին ուժերին դադարեցնել աջակցությունը տեղական աշխարհազորին՝ զենքի, վարձկանների ու այլ ռազմական օգնության մատակարարումով: Նրա խոսքով՝ այդ գործողությունները կախարդված շրջանակ են ստեղծում, երբ կոնֆլիկտի կողմերը այլ երկրների միջամտությանն են դիմում: Հասան Սալամեն գտնում է, որ կոնֆլիկտի քաղաքական կարգավորումը բոլոր մասնակիցների համար լավագույն ելքը կլիներ, քանի որ Լիբիան ընդարձակ տարածք ունի, բնակչության բարդ էթնիկ կազմ, բազում զինված խմբեր ու թույլ պետականություն, որ չի կարող կառավարել մեկ խմբավորում: Թերևս՝ Հասան Սալամեն ամենամոտն է ճշմարտությանը, որովհետև Մուամար Կադաֆիի սպանությունից հետո Լիբիայում չի գտնվում տարբեր ցեղախմբերին համախմբող գաղափար ու շահ՝ մեկ պետություն մնալու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ