«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ժողովրդի՝ վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը

Ժողովրդի՝ վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը
25.04.2018 | 23:23

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա ծրագրերի օրակարգը: «Վաղը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունները սկսում ենք ժամը 12:00-ին»,- ասաց նա: Որևէ բախում չի լինելու, ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը պետք է ճանաչվի րոպե առաջ: «Այսօր չգիտեմ որ անպատասխանատու պաշտոնյան զրահամեքենա էր մտցրել փողոց: Այդ միջադեպն ավարտվեց զրահամեքենայի աշխատողների և քաղաքացիների միջև գրկախառնությամբ»,-ասաց Փաշինյանը:
Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, առաջադրեն այդ թեկնածուին ու քվեարկությամբ ընտրեն այդ թեկնածուին»,- նշեց Ն. Փաշինյանը: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանն ու հրաժարական տված կառավարությունը Հայաստանում չունեն որևէ իշխանություն:


«Ոստիկանության ու ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման»,- ասաց պատգամավորը: Մենք պատրաստ ենք բանակցությունների: Դրանք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է վերաբերեն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցմանը` հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Այն ժամանակ, երբ իմ ու Կարեն Կարապետյանի միջև նշանակված էին բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում էին, որ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատին, քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը: Առաջարկել ենք, որովհետև ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ»,- ասաց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, թե այսօր էլ իրեն մոտեցան ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ուժային կառույցների հետ և պնդել, թե երկրում պետք է արտակարգ դրություն մտցնել` հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել: Եթե ստից մի թուղթ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը: Թե ուզում ես, բախտդ փորձիր»,- ասաց պատգամավորը և բերեց Սերժ Սարգսյանի օրինակը, որ մարտի 23-ի հատուկ դրություն չմտցրեց` ուրեմն ՙՍատանի մայլում քյանդրբազություն մի արա՚` դիմեց նա Կարեն Կարապետյանին և կոչ արեց սադրիչ տեղեկություններ չտարածել, թե իբր Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով արդեն լուծել է վարչապետ դառնալու հարցը: Փաշինյանը նշեց, թե ինքը հանդիպել է Մոսկվայի ներկայացուցիչների հետ, և նրանք պնդել են, որ Ռուսաստանը չի միջամտում երկրի ներքին գործերին: Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել: «Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ից ու 24-ից հետո՝ 25-ին, այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում՝ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու, դա է՝ անվերապահ ու առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն նա պետք է չցուցաբերի: Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Խոսելով այն մասին, թե Կարեն Կարապետյանը ի վերջո տվել է հրաժարական, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս ամենը պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են: Հայաստանում այս պահին չկա կառավարություն»: Փաշինյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց իրավաբանները արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժպ: «Կարեն Կարապետյանը չհամարձակվի հանկարծ իրեն վերապահել վարչապետի լիազորություններ: Դա կարող է համարվել քրեական հանցագործություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ