Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում

Քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում
06.09.2015 | 20:46

Ֆանատիզմի ու կրոնական անհանդուրժողականության պատճառով ընդհանուր ողբերգության ընդերքում ծավալվում է շատ ավելի մեծ ողբերգություն: Ողբերգություններից առավելագույնը՝ ցեղասպանություն:
1. Անցած կիրակի, Angelus, Սուրբ Պետրոսի հրապարակ. Ֆրանցիսկոս պապը հիշատակում է Ֆլավիանո Միշել Մելքիին՝ Սիրիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսին, ում գլխատել են 100 տարի առաջ, հայերի ցեղասպանության սկզբին: Նախօրեին նա դասվեց երանելիների դասին Խարիսայում՝ Լիբանանում: Մեզ մոտ այդ իրադարձությունն աննկատ անցավ:
Հայոց ցեղասպանությունը, որ զարմանալիորեն մինչև օրս բազում վեճեր է հարուցում, ըստ էության քրիստոնյաների ցեղասպանություն էր, սարսափելի ողբերգություն, որ կատարվեց Օսմանյան կայսրության անկման տարիներին: Այսօր, երբ օր առ օր առավել ահավոր լուրեր են հասնում Մերձավոր Արևելքի (Լիբանանի, Եգիպտոսի, Լիբիայի, Իրաքի, մասնավորապես՝ Սիրիայի) քրիստոնեական համայնքներից, քրիստոնյաների ցեղասպանությունը իր դաժան երթն է վերսկսել մեկ դար անց, երբ հալածում կամ ամբողջությամբ տեղահանում են քրիստոնյաներին:
Տագնապալից հարցեր են ծագում: Հարյուրամյա վաղեմության պատմական փաստերի ժխտումը ապշեցնում է: Իսկ ի՞նչ, երբ խոսքը այսօրվանի մասին է: Մեր աչքի առաջ կատարվողը չտեսնե՞նք: Հայացքներս փախցնե՞նք: Ականջներս փակե՞նք: Լեզուներս կո՞ւլ տանք: Ո՞ր մեկը: Թե՞ երեքը միաժամանակ:
Երկար տարիներ ես հետևում եմ հայերի ցեղասպանության մասին վեճերին: Ես չեմ կասկածում, որ եղել է ցեղասպանություն: Ես նաև չեմ կասկածում, որ եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են այդ փաստը հակաթուրքական տրամադրություններ արթնացնելու և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դիմակայելու համար: Թուրքիան ունի այլ խնդիրներ ու դժվարություններ և նույնպես օգտագործում է փաստը՝ հայկական ողբերգությունը սխալ մեկնաբանելով: Բայց անցյալի ողբերգությունների հիշատակումը հաշիվներ մաքրելու կամ վրեժի համար չէ, ավելի շուտ՝ խաղաղության ապահովման և նոր հարաբերություններ ձևավորելու համար է: Հայտնի են Ջորջ Սանտայանայի խոսքերը. «Ով չի հիշում անցյալը, դատապարտված է կրկնելու»: Պատմության ողբերգությունները ընդունելն ու հիշելը կրկնությունը բացառելու միջոց է, ներկան ու ապագան պաշտպանելու միջոց: «Այլևս երբեք»՝ կարգախոսով:
Բնութագրական է, որ հայերի ցեղասպանության շուրջ խոսակցությունները երբեք չեն լռում ֆրանսիացի քաղաքական գործիչների շրջանակներում, բայց հենց ֆրանսիացի քաղաքական գործիչներն են առավել քան անտեսում այսօրվա ողբերգությունները, որ ծավալվում են պատմականորեն ֆրանսիացիներին այդքան լավ հայտնի տարածքներում քրիստոնյաների շուրջ: Այդ երկերեսանիությունը չի կարող տեսանելի չլինել: Պորտուգալիայում կուլիսային «իրական քաղաքականություն» ապրիլին արգելափակեց հայերի ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին անդրադարձը, մենք Եվրոպայի սակավաթիվ խորհրդարաններից էինք, որտեղ լռություն էր: Մենք նաև մեր ժամանակների ողբերգությունների դեմ քիչ ենք գործում: Շատ ավելի կարևոր են փողերը՝ իբրև ներդրումներ:
2. Ֆրանցիսկոս պապը բազմիցս իր ելույթներում անդրադարձել է աշխարհում հալածվող քրիստոնյաների հարցին և ուշադրություն է հրավիրել ժամանակակից կյանքի հետաձգում չհանդուրժող իրավիճակներին: Անցյալ կիրակի սպանված եպիսկոպոսին հիշատակելուց հետո նա ասաց այն, ինչ կա՝ «Այսօր ավելի շատ են տանջահարվածները, քան քրիստոնեական առաջին դարերում»: Երեք օր առաջ Հռոմում ես հանդիպեցի Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Հովսեփ III Հունանին, որ նախագահում էր Մելքիի երանելիացման արարողությունը: Նա ինձ ասաց. «Այսօր մենք տառապում ենք աննախադեպ հալածանքներից, մեր պատմության ամենադաժան ժամանակներում էլ այսպես չի եղել»: Դառն է դա լսել, եթե հիշենք, որ պատմությունը երբեք Մերձավոր Արևելքին երես չի տվել:
Շատ ցավալի է Մերձավոր Արևելքում տեսնել սրընթաց ու բռնի անհետացումը վաղեմի ու ծաղկող քրիստոնեական համայնքների: Լիբանանը տառապում է խզումներից՝ սկսած 70-ական թթ.: Իրաքը վերջին տասնամյակում մեկ միլիոն քրիստոնյա է կորցրել՝ համայնքի երկու երրորդը: Երբ Մոսուլը գավեցին «Իսլամական պետության» զինյալները, Նինվեի բիբլիական հարթավայրից քրիստոնյաները կամ լրիվ անհետացան, կամ հավատափոխվեցին, կամ սպանվեցին, կամ փախան: Գոնե մեկը չի մնացել: Սիրիայում սարսափները պատերազմի ընթացքով են գալիս: Հորդանան ու Լիբանան հասած փախստականների պատմությունները սարսափելի են՝ օրեցօր ավերվող կյանքեր, վայրկենական տեղահանումներ, բաժանված ընտանիքներ, առևանգված ու բռնաբարված կանայք, նրանցից շատերը դարձել են սեքս-ստրկուհիներ, դաժան մահապատիժներ, երկրի երեսից ջնջված տաճարներ: Հավատը չի հալվում՝ ոչ նրանց, ովքեր հեռանում են, ոչ նրանց, ովքեր մնում են:
Ֆրանցիսկոս պապը չի վախենում տաբույակիր բառերից: Ցեղասպանություն բառը նրա շուրթերից հնչեց հուլիսի 9-ին Բոլիվիա այցի ընթացքում: «Այսօր մենք սգում ենք, երբ տեսնում ենք՝ ինչպես Մերձավոր Արևելքում ու աշխարհի մյուս մասերում մեր շատ եղբայրներ ու քույրեր ենթարկվում են հալածանքների, բռնությունների ու սպանվում են Հիսուս Քրիստոսին հավատալու համար: Երրորդ համաշխարհային այս պատերազմում, որը ձևավորվում է տարբեր մասերից, ցեղասպանության ձևերից մեկն է իրագործվում, որին վերջ դնելու ժամանակն է»: Այս խոսքերի ուժը դեռ չի ընկալվում: Քաղաքականությունն ու արդարադատությունը դեռ չեն յուրացրել, թե ինչ է պահանջում դաժան իրականությունը իրենցից:
3. Քրիստոնյաների ու եզդիների ցեղասպանության նկատմամբ միջազգային քաղաքականությունը խայտառակություն է: Համարյա զրո գործողություններ: Լռությունը մշտական խարան է, դահիճներին հանցակցության ձև: Ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես Հոլոքոստի սարսափներին բախվելով, ասենք. «Կարող եք Հոլոքոստը դատապարտել որքան ցանկանաք, բայց մի օգտագործեք երկու բառ՝ «հոլոքոստ» և «հրեա»:
Պորտուգալիայում մենք չխուսափեցինք վարքագծի այս ցավալի օրինակներից՝ անվստահ, շահամոլ և երեսպաշտ: Վերջին հինգ տարիներին ճգնաժամը շարունակում է խորանալ, այս հարցով խորհրդարանը քվեարկել է միայն մեկ անգամ՝ միաձայն ընդունելով CDS-ի առաջարկը 2011-ի հունվարին, նախորդ կառավարության օրոք: Երբ մենք նախագահում էինք ՄԱԿ-ի ԱԽ-ում, ոչ մի անգամ համընդհանուր ուշադրությունը չսևեռեցինք քրիստոնեական համայնքների դժբախտությունների վրա: Մարդու իրավունքների խորհուրդը մեզնից ոչ մի առաջարկ չի ստացել: Եվրամիությունում էլ անընդունելի է, որ այդ հարցը բարձրագույն ներկայացուցչի ու Խորհրդի ուշադրության դաշտում չէ և ոչինչ չի արվում՝ ոչ խոսքով, ոչ գործով: Ինչպես մեզ մոտ: Համագործակցություն լռության հետ:
Այս երկրներում դաժան ճգնաժամը ավելի շատ զոհեր է ծնում, քան մենք պատկերացնում ենք: Հազարավոր տեղահանվածներն ու փախստականները՝ անկախ իրենց հավատի ու դավանանքի, դրա ապացույցն են: Բայց ընդհանուր ողբերգության համապատկերում կոնկրետ ողբերգություն է կատարվում, որ ներառում է քրիստոնյաներին ու եզդիներին: Մի քանի օր առաջ հրապարակված լուրը դա է վկայում. «Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է 15 մուսուլմանների ձերբակալության մասին: Նրանք մեղադրվում են 12 քրիստոնյաների սպանության մեջ, որ նույն նավով Միջերկրական ծովով փախչում էին և նետվել են ծովը»: Ֆանատիզմի և կրոնական անհանդուրժողականության պատճառով ընդհանուր ողբերգության ընդերքում ծավալվում է շատ ավելի մեծ ողբերգություն: Ողբերգություններից առավելագույնը՝ ցեղասպանություն: Հենց դրա վրա մենք պիտի արագ կենտրոնացնենք մեր ուշադրությունը: ՈՒ վերջապես սկսենք գործել:


Ժոզե Ռիբեյրու-Կաշտրու
"Publico", Պորտուգալիա


Հ.Գ. Եվրոպայի ամենախաղաղ ու հանգիստ, օվկիանոսի ափին բարեկեցիկ կյանքով ապրող երկրից Մերձավոր Արևելքի իրավիճակի ու համաքրիստոնեական աղետների մասին այս հրապարակումը ինձ զարմացրեց: Պատճառը հայոց ցեղասպանության համեմատությունը չէր մեր օրերում կատարվող ցեղասպանությունների հետ: Այդ համեմատությունը այլ ձևակերպումներով իմ մտքում էլ կար: Տարօրինակ չէ՞, որ այն երկրները, որ դատապարտում են հարյուր տարի առաջ կատարված ցեղասպանությունը, ոչինչ չեն անում իրենց աչքի առաջ կատարվող ցեղասպանությունները կասեցնելու ու կանխելու համար: Տարօրինակ չէ՞ ՄԱԿ-ի խոր լռությունն ու անգործությունը, երբ հազարավոր մարդիկ են սպանվում ու ավերվում են պատմական հուշարձաններ, որ մարդկության ու քաղաքակրթության ժառանգության մաս են: Տարօրինակ չէ, որ նաև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը որևէ դատապարտող հայտարարություն չի անում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքների ու կոտորածների վերաբերյալ: Քաղաքականությունը մեր օրերում դառնում է ոչ թե հնարավորը կյանքի կոչելու, այլ անհասկանալիի արվեստ, երբ համամարդկային արժեքները սկսել են հաշվել նավթի ու գազի գնով, միջպետական փոխհարաբերությունները կառուցում են բացառապես շահերի ու ազդեցությունների ենթակայությամբ: Եթե նույնիսկ միշտ է այդպես եղել, անհնար է համակերպվել, որ այդպես էլ պիտի շարունակվի: Սխալվելու իրավունք ունեն բոլորը, սխալները չուղղելու իրավունք ոչ ոք չունի: Անհատների ու պետությունների մակարդակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ