Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սուրեն Սուրենյանց. «Վերադարձիր առաջին նախագահի բարձունքիդ, եթե մնացել է»

Սուրեն Սուրենյանց. «Վերադարձիր առաջին նախագահի բարձունքիդ, եթե մնացել է»
02.03.2015 | 18:40

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

«Լսում էի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը: Բացի մեկ դրվագից՝ հիասթափությունս անասելի է. աչքիս առաջ փլվում է քաղաքական մի հսկա, ով առանց չափազանցության եղել է իմ քաղաքական կումիրը, պատանեկան ու երիտասարդական իմ պատկերացումներում՝ նա նույնացել է 88-ի, պետականության գաղափարի հետ: Տարիներ առաջ հիասթափության առաջին ազդակը ստացա, հետո՝ երկրորդը, երրորդը... այսօր, կարծես թե՝ վերջնականը:
Հետո ասում են՝ հավատա քաղաքականությանը: Ո՞նց հավատաս, երբ անձամբ, անմիջականորեն ճանաչում ես հանրապետության երեք նախագահներին, իսկ այսօրվա քաղաքականությունը նրանց մարդկային հարաբերությունների սարդոստայնն է, նրանց էգոյի պատանդը:
Գանք հանրահավաքին: Արդեն իսկ ցավալի է, ողբերգություն, որ 2008-ին ազատության սիմվոլ դարձած Տեր-Պետրոսյանի հետ այսօր Ազատության հրապարակ էր եկել ընդամենը 1500 մարդ: Սա հասարակության ամենախոսուն գնահատականն է Պապիին (նրան այսպես են կոչում մերձավոր շրջապատում):
Իհարկե, ես չունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական, հասարակական բարձր կարգավիճակը, բայց նաև զերծ եմ նրա բնավորությանը բնորոշ քինախնդրությունից ու անկեղծորեն պետք է ասեմ, որ միանշանակ համաձայն եմ նրա ելույթի այն դրվագին, որը վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ խնդրին: Այս դրվագում կարծես խոսում էր առաջին նախագահը՝ իմաստուն մի պետական գործիչ, ով բանաձևում էր երկրի զարգացման վեկտորը: Ելույթի մյուս դրվագներում միայն քինախնդրություն էր, չարություն, հասարակությանն ապրանքի վերածելու մոլուցք, ընդդիմախոսներին անվանարկելու թուլություն և գայթակղություն: Մարդն այնքան ինքնասիրահարված է, որ անգամ մոռացել էր օրվա խորհուրդը, հիշատակի խորհուրդը, տասը զոհերի հանդեպ իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը և կատակներ էր անում, քիչ մնաց հիշեր 2008-ի քոչարին ու մի ոտքից կաղող Զուրաբյան Լյովի հետ շուրջպար բռներ:
«...Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»,- չգիտես հոխորտո՞ւմ էր, թե՞ արդարանում առաջին նախագահը: Հազիվ թե արդարանում էր, որովհետև եթե այդպես լիներ, ապա, որպես պատասխանատու գործիչ, նախ և առաջ պետք է հասարակության առաջ ներողություն խնդրեր իր քաղաքագիտական հայտնի վերլուծության ձախողման համար, այն բանի համար, որ հերթական անգամ դարձել է հասարակության աննախադեպ հուսալքության պատճառ: Բայց ափսոսանքի որևէ զգացում չկար, ու եթե նույնիսկ կա, ապա կարծում եմ՝ միայն նրա համար, որ «յուղոտ» տեղ խոպան գործուղղված Զուրաբյան Լյովիկը այլևս չի կարող մայր գրասենյակ հասցնել «կլորիկ տրանսֆերտները»:
Կամ եթե դու ես միակ ընդդիմությունը, ապա համարո՞ւմ ես, որ իշխանությունն արդեն «գնել» է քո երեկվա դաշնակիցներ Գագիկ Ծառուկյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իրենց կուսակցություններով, էլ չասած՝ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, «Հիմնադիր խորհրդարանի», ՀՀՇ-ի, ԱԴԿ-ի ու մյուսների մասին: ՈՒնե՞ս փաստեր, որ այդ հարգարժան մարդիկ Սերժի գրպանում են, իսկ գուցե դո՞ւ էլ նման մտադրություն ունեիր, երբ քո վաղեմի ընկեր Սերժից տետատետ հանդիպում էիր հայցում:
Ելույթի մեկ այլ դրվագում առաջին նախագահն ընդհանրապես մոռացավ օրվա խորհուրդը ու տափակ հումորով սկսեց անվանարկել մարդկանց, ովքեր՝ վտանգելով անգամ իրենց կյանքը, 2007-ի վերջին ապահովել են նրա քաղաքական ռեստավրացիան: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»,- ասում է Տեր-Պետրոսյանը։ Քիչ էր մնում՝ Տեր-Պետրոսյանը զարկ տար իր անսպառ երևակայությանն ու այս մարդկանց մեղադրեր Մարտի 1-ի կազմակերպման մեջ:
Խորհուրդ կտայի առաջին նախագահին՝ հատկապես զգույշ արտասանել Դավալու բառը, որովհետև այն ասոցացվում է Վազգեն Սարգսյանի անվան հետ, ով, ի տարբերություն ոմանց, երբեք իր բանակին մենակ չի թողել հակառակորդի դեմ: Իհարկե, հասկանում եմ, որ դժվար խորհորդ եմ տալիս, որովհետև առաջին նախագահը կարողացավ ներել, իր իսկ կողմից, Մարտի 1-ի ոճիրում դերակատարություն ունեցած Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողանում ներել արցախյան հաղթանակի խորհրդանիշ դարձած Վազգեն Սարգսյանին: Չի կարողանում ներել՝ հայտնի պատճառներով:
Բայց ես Արամին՝ Վազգենի եղբորը, մեկ այլ հարցում մեղադրում եմ: Դա այն է, որ ժամանակին ինձ թույլ չի տվել, որպեսզի հրապարակայնացնեմ ներկոնգրեսային խոհանոցի ինչ-որ դրվագներ:Թույլ չի տվել՝ բարոյականությունից դրդված, «աղ ու հացի» սուրբ կանոնից ելնելով: Հիմա էլ չեմ մանրամասնելու: ՈՒղղակի արձանագրեմ, որ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը, ըստ այդմ՝ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ունեն կոնկրետ մոսկովյան «կնքահայրեր»: Հայկական «բուրժուա-դեմոկրատիան» Մոսկվայի համար պահանջարկված էր լինելու, եթե Սերժ Սարգսյանը Հայաստանը տաներ եվրաինտեգրման ճանապարհով: Այլ խոսքով, Տեր-Պետրոսյանը, կամա թե ակամա, օժանդակել է Հայաստանի եվրասիականացմանը՝ դարձյալ, կամա թե ակամա, Մոսկվայի համար նվազագույնի հասցնելով իր ու Ծառուկյանի դաշինքի գինը: Այս թեմայով՝ առայժմ այսքանը:
Ես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ բան եմ սովորել, ինչի համար նրան երախտապարտ եմ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից սովորելու ոչինչ չունեմ: Շատ կուզենայի, որ հանուն հանրապետության՝ Տեր-Պետրոսյանը վերադառնա առաջին նախագահի բարձունքին, եթե այն մնացել է...»:

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ