«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում

Աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում
16.01.2015 | 12:33

Ավարտվեց 2014 թվականը, բայց մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, երբեք չի հեռանա եզդու սրտից ու հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը ԻՊ-ի հրեշների կողմից ենթարկվեց ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության: Բայց մեր թևերը վեր բարձրացնելու ժամանակը եկավ: Վերջապես հնչեց ճշմարտության ձայնը, աշխարհը օգնեց եզդիներին: Մեր ազատամարտիկները զենքը ձեռքին ազատագրեցին Շանգալը` մեր տունը, մեր գոյության ամրոցը: Հաղթեց արդարությունը, ազատագրվեց մեր բնօրրան Շանգալը: Այն Շանգալը, որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ, այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերի: Բայց ոչ ոք երբեք չի զրկել եզդիներին մեր բնօրրանից` Շանգալից: Այն հողը, որի վրա եզդի ժողովուրդը հուսալիորեն պահպանել է իր ազգային ինքնությունը, իր կրոնը, իր մշակույթը, իր պատմությունը, իր սրբավայրերն ու սրբությունները: Շանգալը մեր ժողովրդի հույսն ու ապավենն է: Նույն այդ հողի վրա է, որ շատերը ցանկացել են բաժանել, փշրել, արտաքսել և ֆիզիկապես ոչնչացնել մեր ժողովրդին, բայց դա նրանց չի հաջողվել, ու ոչ ոքի չի հաջողվի, որովհետև եզդին, թեկուզ մենակ, իր մայր բնօրրանում պայքարել է ազնիվ, ճիշտ ու միասնական ապրելու համար: Ապացուցել է իր թշնամիներին, որ նրանց յուրաքանչյուր չար մտադրություն դատապարտված է: Եզդի ժողովուրդը դարեր շարունակ մահացու պայքար է մղել տարբեր ոսոխների դեմ: Վերջապես «սև դրոշը» Շանգալում եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ մեր ազատամարտիկների ոտքերի տակ և տրորվեց: Ամենուր վեր խոյացավ եզդի ժողովրդի ազատագրական պայքարի դրոշը: Եզդին փրկեց իր տունը, իր ընտանիքը, իր աշխարհը, իր բնօրրանը: Փրկվեց մարդկության և առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովուրդը:

Իհարկե, մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Մենք ստացանք ամբողջ աշխարհում մեր բարեկամների և ընկերների կարեկցանքն ու օգնությունը: Աշխարհը ճանաչեց և տեսավ եզդի ժողովրդին և համոզվեց, որ եզդիները մենակ էլ կարող են պաշտպանել իրենց բնօրրանը տարբեր ավազակախմբերից:

Ազատագրվեց Շանգալը, գինը սարսափելի է` հազարավոր սպանվածներ, գերիներ, փախստականներ, ստրկավաճառության դատապարտվածներ, մոր աչքի առջև կենդանի թաղված երեխաներ, գլխատված ամուսիններ, ամենուր մահ, կարծես մի պահ չարը հաղթել էր բարուն, մահը` կյանքին: Թվում էր, ոչ ոք չի կարող հանգցնել ամենուր մոլեգնող կրակը, բայց հաղթեց կյանքը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Մենք ապացուցեցինք, որ եզդին կարող է լինել իր կյանքի, հույսի, ապագայի, խաղաղության երաշխավորը: Ցավում ու սգում ենք, բայց հպարտ ենք, որ մեր ժողովրդի զավակներն աշխարհի մեծամեծներին հիշեցրին եզդի ժողովրդի գոյության, պայքարի և հաղթանակի մասին: Այո, մեծամեծների հետ հարաբերվելու լավագույն դասը ուժեղ, անկախ, ինքնուրույն, հզոր լինելն է, ինքդ քեզ պաշտպանելն է: Ես երջանիկ չեմ, բայց հպարտ եմ, որ այս դաժան փորձությունից պատվով, ճակատը բաց դուրս եկավ մեր ժողովուրդը, աշխարհը տեսավ և ճանաչեց եզդիներին: Մենք հավատում էինք մեր հաղթանակին, վստահ էինք մեր ժողովրդի ուժին ու կամքին: Համբերում էինք, որ հերթական փորձությանը կդիմանանք, և, փառք Աստծո, հաղթեց մեր համբերությունը: Այժմ բոլորս, առանց երկմտելու, խնդրում ենք Աստծուն, որ վերջնականապես ապահովի մեր ժողովրդի գոյությունն իր բնօրրան Շանգալում: Իսկ ես հավատում եմ Աստծուն, որ կտա այդ բոլորը, որովհետև մենք այժմ, ավելի քան երբևէ, միասնական ենք և հավատում ենք մեր ուժին, հավատում ենք, որ այսօր ուժն է ծնում իրավունք:

Պատերազմը շարունակվում է, այն դեռևս չի ավարտվել, բայց մենք պարզ գիտենք, որ մեր բնօրրան Շանգալի տերը մենք ենք, մեր պաշտպանը, մեր հայրենիքի զինվորը մենք ենք: Իհարկե, կան նաև այլ խնդիրներ, բայց այսօր կարևորը հաղթանակն է իսլամիստների դեմ, ինչը, հավատացած եմ, շուտով կտոնենք:

Եզդիների ցեղասպանությունը ցնցել էր Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին, ամենուր ձևավորվեցին «Օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շեշտեց, որ «ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների ճանաչման, դատապարտման հարցում. սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»: Այո, որպեսզի այլևս մարդկությունն ականատես չլինի ցեղասպանությունների, պետք է ճանաչի և դատապարտի յուրաքանչուր ցեղասպանություն:

Այսօր էլ մենք խնկարկում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք ու պայքարելու ենք նրանց թափված արյան համար: Մեր ժողովուրդը անկեղծորեն հավատացել է Աստծուն: Երբեք չի սպանել, չի պղծել, չի թալանել, վայրագություններ չի արել իր հարևանների և ընդհանրապես մարդկության նկատմամբ: Մենք երբեք չենք ապրել նյութական արժեքներով, հարգել ենք բոլորին, Աստծո անունը մեր շուրթերին աղոթել ենք մեր և աշխարհի բոլոր ժողովուրդների ու մարդկանց բարօրության համար: Մենք չենք ընդունում ատելությունը և մոլագարության ցանկացած դրսևորում: Մեր ժողովրդին հատուկ են լավատեսությունը, դժվարություններն անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին: Մենք շատ բան սովորեցինք մեզ համար այս վճռորոշ, սարսափելի, բայց և բախտորոշ իրավիճակում: Այսօր արդարության վերջնական հաղթանակի համար մենք պարտավոր ենք միասին ու միակամ լինել: Չէ՞ որ ապրելու մեր իրավունքը մեր ձեռքին է, իսկ աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում: Հավատացեք, այդքան փորձություններից հետո մեզ` եզդիներիս, ամենաքիչը ինքնավարություն է պետք Շանգալում` Եզդիխանա անունով:

Չնայած դժվարություններին, այս նոր տարին մեզ համար ուրախալի է` ազատագրվել է մեր Շանգալը, փրկվել է մեր ժողովուրդը։ Բոլորի իղձերի, նպատակների իրագործման տարի թող լինի, թող ամենուր հաղթեն արդարությունն ու մարդկային լավագույն արժեքները: Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:

Աստված ապավեն ամբողջ աշխարհին, մեր մոլորակին:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ

խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ