ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մենք աղոթելու և պայքարելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար»

«Մենք աղոթելու  և պայքարելու ենք  մեր անմեղ զոհերի հիշատակի համար»
07.10.2014 | 00:33

2012-ի սեպտեմբերի 29-ից այս օրը հայաստանաբնակ եզդիների, ինչո՞ւ չէ, նաև համայն աշխարհի եզդիների համար դարձավ պատմական օր: Այդ օրը մեր Սուրբ Լալիշա Նուրանից առանձին մեր հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ Միրե-Միրա Թահսին Բեգն օծեց մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի կառուցած եզդիների սրբատեղին՝ «Զիարատա Եզդիան»: Կատարվեց բոլորիս երազանքը. մենք Հայաստանում ունեցանք մեր հոգևոր սրբատեղին: Այն զարգանում է, մեծանում և դառնում բոլորիս համար սիրելի հոգևոր տուն, իսկ մենք պարտավորվում ենք ամեն տարի այս օրը հավաքվել, շնորհավորել միմյանց Հայաստանում եզդիների սրբատեղիի հիմնման օրվա կապակցությամբ: Մեր սրբատեղին ժամանակին կվերածվի մշակութային, հանդիսությունների, հյուրասիրությունների կենտրոնի, այն հայաստանցիներին և մեր հանրապետության հյուրերին կպատմի եզդի ժողովրդի մասին, կներկայացնի մեր ժողովրդի պատմության էջերը: Այն նպաստելու է մեր ժողովրդի կյանքում Սուրբ Լալիշա Նուրանի առաջնորդանիստի դերի ընկալմանը և բարձրացմանը, հայկական և եզդիական մշակույթների փոխհարստացման գործընթացին:
Այս տարի սրբատեղիում բացվեց Հայ-եզդիական բարեկամության հուշահամալիր, որում ընդգրկված է 5 հուշարձան։ Բարեկամության հուշարձանի հարևանությամբ տեղադրված են եզդի ժողովրդի արժանավոր զավակներ ՈՒսուբ Բեգի, Ջհանգիր Աղայի, նրանց լավագույն բարեկամ Անդրանիկ Զորավարի արձանները: Հուշահամալիրում բացվեց նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հանդիսությունն սկսվեց լռության րոպեով, սրբատեղիում հավաքված բազմահազար եզդիները, հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչներ հարգեցին եզդիների բնօրրանում՝ Շանգալում, այս տարվա օգոստոսի 2-ից սկիզբ առած եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր երախտագիտությունը հայտնեցինք երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից եզդի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և եզդիների ցեղասպանությունն իրականացնողներին ու նրանց հովանավորողներին «գրողի ծոցն» ուղարկելու համար:
Երախտագիտություն հայտնեցինք հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր այս օրհասական օրերին թիկունք ու նեցուկ կանգնեցին եզդի ժողովրդին և դատապարտեցին մեր ժողովրդի ցեղասպանությունը:
Այս տարի, իհարկե, տխուր էինք, բայց և ավելի միասնական: «Զիարատա Եզդիան» մեզ ուժ և միասնություն է տալիս: Մենք աղոթելու և պայքարելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ