«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հառլեբաուտ». Մեծ աշխարհի փոքրիկ անկյունը

«Հառլեբաուտ». Մեծ աշխարհի փոքրիկ անկյունը
13.05.2014 | 11:49

Շուտով կլրանա «Հառլեբաուտ» խնամքի կենտրոնի բացման մեկ տարին: «Հառլեբաուտը» Բելգիայի Օստենդե քաղաքի Միդելկերկե շրջանի ամենագեղեցիկ, ժամանակակից սարքավորումներով ու նորագույն կահավորանքով ապահովված ծերանոցներից մեկն է, որտեղ կան բոլոր հարմարություններն օրը բովանդակալից անցկացնելու համար:

Այստեղ բնակվում է շուրջ 100 ծեր: Նրանց սպասարկում է 36 աշխատակից:
Լինելով «Հառլեբաուտի» աշխատակից, օտար ազգի ներկայացուցիչ` հայ, ինչպես նաև լրագրող, այդ մեկ տարում փորձեցի իմ փոքրիկ «հետաքննությունն» անցկացնել:
Այն, ինչ տեսա անցած ամիսներին, ստիպեց հաճելիորեն զարմանալ: Իսկապես, ծերերն այստեղ անհոգ են, նրանց աչքերը փայլում են երջանկությունից: Նրանք իրենց զգում են ինչպես տանը: Լույսը բացվելուն պես, արդեն խնամված, մաքուր ու կոկիկ պատրաստ են նախաճաշելու: Այնուհետև օրը կարող են գեղեցիկ ու յուրօրինակ անցկացնել: Ոմանք նախընտրում են թերթ կարդալ, ոմանք` գործել, մյուսներն էլ թեժ զրույցի են բռնվում: Երբ մոտենում է ճաշի ժամը, մանուկների նման վազում են, ու ամեն մեկը նստում է իր աթոռին:
Ճաշատեսակները թարմ են, ախորժակ գրգռող ու բազմազան: Այնպիսին են, որ կբավարարեն ամենախստապահանջ համադամասերին անգամ: Ճաշին հաջորդում է սուրճը` համեղ թխվածքաբլիթներով: Այն մատուցվում է կեսօրին բացվող շքեղ սրճարանում, ուր կամավոր գալիս են այն մարդիկ, ովքեր ցանկանում են անվճար զբաղեցնել ծերերին: Յուրաքանչյուր ժամ այստեղ մարդաշատ է ու հետաքրքիր:
Ծերանոցի բնակիչներն ապրում են լի ու բովանդակալից կյանքով, վայելում են Աստծուց իրենց բաժին ընկած օրվա յուրաքանչյուր ժամը: «Հառլեբաուտը» խնամքի այնպիսի կենտրոններից է, ուր տիրում են սերն առ մերձավորը և հոգու խաղաղությունը, հանդուրժողականությունը: Այս տան յուրաքանչյուր անդամ իր ապաստարանի նվիրյալն է, յուրաքանչյուրը փորձում է օգնել մյուսին: Հոգեպարար այս մթնոլորտի կերտողն ու պահապանը, իհարկե, տնօրեն Լուկ Վանեսն է: Մարդ, ով ղեկավարելով խնամքի 2 կենտրոն, կատարեց ի վերուստ մեզ տրված` «Սիրի՛ր մերձավորիդ» պատվիրանն ու խնամքի, սիրո, ընտանեկան ջերմության կարոտ յուրաքանչյուր տարեցի ապահովեց բարեկեցիկ կյանքով, տվեց այն ամենը, ինչի կարիք ունեին նրանք:
Մի անգամ ականատես եղա հուզիչ դեպքի. տարեցներից մեկն անսպասելի վատ զգաց: Եվ այն տեսա, որ տնօրենը, կիսատ թողնելով գործը, ամեն ինչ մոռացած վազեց դեպի տարեցն ու իր ձեռքով առաջին օգնությունը ցույց տվեց: Նրա այդ քայլը ինձ հետագա մտորումների տեղիք տվեց: Հասկացա` նա մարդու այն տեսակն է, որը պատրաստ է օգնելու ինքնամոռաց ու կանգնելու յուրաքանչյուրի կողքին:


Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բելգիա

Հ. Գ.- Երանի՜ աշխարհի բոլոր կարոտյալներն այսպիսի ձեռքերում լինեին ու այսքան անհոգ:
Երանի՜ բոլորի աչքերից այսքան երջանկություն ու հոգու անդորր ճառագեին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ