Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Հիվանդության փորձության տառապանքը կանցնի, իսկ վարձքը կմնա հավիտյան»

«Հիվանդության փորձության տառապանքը կանցնի, իսկ վարձքը կմնա հավիտյան»
08.10.2013 | 10:34

«ՄԱՐՄՆԻՆ ՏՈՒՐ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է, ՈՉ ԹԵ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է»


Ըստ Գրիգոր Նարեկացու բնութագրման, այս մեր մեղսամակարդ մարմինը, որին առաջնակարգություն տալով գիշեր-ցերեկ ծառայում ենք, ըստ Աստծո խոսքի, ստորակարգ է առավել, քան մեր մարմնի մյուս մասերը՝ հոգին ու բանականությունը, որոնք հաճախ անտեսելով` բազում հիվանդություններ ենք ձեռք բերում: Իսկ հիմա` ավելի մանրամասն։ Մարմինը մարդկային գոյության եռամիասնության վերջին օղակն է, բայց, դժբախտաբար, չգնահատելով մեր հոգու հավիտենականությունն ու դրա առաջնակարգությունը, շատերս, մեր ազատ կամքով, մարմնին առավել տեղ ենք տալիս և անխոհեմաբար գիշեր¬ցերեկ ստրկաբար ծառայում ենք նրա ցանկություններին, որի դառնահամ պտուղները, ըստ Աստծո խոսքի, սրանք են. «Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ էի ասում, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու»:
Եթե անաչառորեն քննենք այդ «պտուղները», ապա կտեսնենք, որ շատերս դրանցից անմասն չենք։ Եվ այդ մեղավոր ցանկությունների դեմ պայքարը Պողոս առաքյալը կոչում է բարի պատերազմ, որը, ի վերջո, տանում է Սուրբ Հոգու քաղցրահամ «պտղաբերության», որոնք հետևյալն են. «Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա: Իսկ նրանք, որ քրիստոնյաներ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղատացիներին 5.21-24)։
Սուրբ հայրերից մեկն է ասել. «Մարմնին տուր այն, ինչ պետք է, ոչ թե ինչ ուզում է»։ Ինչպես մենք մեր երեխաներին չենք տալիս այն, ինչ իրենք են ուզում, այլ ինչ օգտակար ենք համարում։ Եթե երեխաներին թողնես, ամբողջ օրը քաղցրավենիք ու ծամոն կուզեն, դրա պատճառով վիտամինազուրկ կլինեն ու կսկսեն հիվանդանալ կամ թերաճ կմնան։ Իսկ մեկ ուրիշն ասել է. «Մարմինն անշնորհակալ ընկեր է, ինչքան շատ ես սիրաշահում, այնքան աշխատում է քեզ վնասել»։ Այսինքն, մարմինը հակառակվում է հոգու ողջախոհությանը։ Դժբախտաբար, մենք շատ հաճախ ցանկանում ենք այն, ինչ վնասակար է, ու տրվելով այդ ցանկություններին, նախ տկարացնում, վնասում ենք մեր մարմինները, ապա դառնում ենք ամեն բանից դժգոհ, ջղագրգիռ, շուտ վհատվող, հոգնած ու հիվանդոտ էակներ։ Եվ ուշքի ենք գալիս, երբ արդեն բժշկի ձեռքն ենք ընկնում ու, ցավ քաշելով և մեծ գումարներ ծախսելով, ջանում ենք վերականգնել այն, ինչը կարելի էր հեշտությամբ կանխել։ Ինչպես հրդեհը կարելի էր կանխել, եթե իսկույն փչեինք վառվող լուցկու վրա, իսկ եթե անհոգ ենք լինում, ապա մեծ վնասներ ենք կրում։
Այդպես էլ մարմնի անկարգ ու անհագուրդ ցանկությունները կատարելով` հետզհետե վնա-սում ենք նաև մեր հոգին, բթացնում և մթագնում բանականությունը, քանզի ծառայական մարմինը իշխանություն է բանեցնում թագավորական հոգու վրա: Իսկ այս ծառայական գերությունից ոչ ոք չի կարող ազատվել առանց Փրկչի՝ Հիսուսի: Դրա համար Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք» (Գաղատացիներին 5.16)։
Ահա՛ թե որն է դեղատոմսը. մի՛ արեք այն, ինչ ուզում եք, այլ սովորե՛ք մարմնի վնասակար ցանկություններին հակառակվել Տիրոջ շնորհով, այլապես մարմինը մեզ Աստծուն կհակառակեցնի, մահվանը կմոտեցնի և դժոխքին կընտելացնի։ Իսկ երբ հոգուն մոռացած, գիշեր-ցերեկ մարմնին ենք ծառայում, Աստված ստիպված է լինում թույլ տալ, որ անձի առողջությունը տուժի, որպեսզի գոնե այդպես սթափվի իր ապրած սխալ կյանքից։ Այդ ժամանակ մեր հիվանդությունները վերածվում են յուրօրինակ զսպաշապիկի մեր կատաղած ու փրփրած մեղավոր անձերի դեմ, կամ էլ ցավոտ մի սանձի, որ մեր ընթացքն ուղղվի դեպի փրկության ճանապարհը: Ավետարանական անառակ որդին, երբ ամեն բան կորցնելով, նույնիսկ խոզերի կերակուրը փափագեց, նոր միայն խելքի եկավ, հասկացավ իր մեղքը և որոշեց զղջումով հայրական տուն վերադառնալ, թեկուզ ծառայի կարգավիճակում։ Այդպես էլ մեր երկնավոր Հայրը, թույլ տալով զանազան հիվանդություններ ու փորձություններ, սպասում է, որ մենք, ուշքի գալով և սթափվելով մեր սխալ ընթացքից ու մեղսալից կյանքից, զղջումով ու ապաշխարությամբ Իրեն դառնանք` հավիտենական դժոխքի տանջանքներից փրկվելու համար։
Իսկ հիմա էլ մի վկայության հետ ծանոթանանք, ինչը կհաստատի վերը կարդացածները:

ԲԺՇԿՈՒՀՈՒ ՕՐԱԳԻՐԸ
Հիշում եմ, որ տարիներ առաջ մի շատ անսովոր գիրք կարդացի` ուռուցքաբանական հիվանդանոցի բժշկուհու օրագրից: Նա քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ շփվելու երկար տարիների փորձ ունենալով, մի զարմանալի օրինաչափություն էր հայտնաբերել իր բժշկական պրակտիկայում: Նրա աչքի առաջ բազմաթիվ անաստված մարդիկ, իրենց հիվանդության մասին լուրն իմանալուց հետո, ներքին անհավատությամբ են վերաբերվել բժիշկների ասածներին: Իսկ երբ հաստատվել է այդ դառը իրականությունը, երկրորդ ռեակցիան եղել է ապստամբությունն Աստծո դեմ, թե ինչո՞ւ հենց իրենց կպավ այդ հիվանդությունը (չնայած նրանցից շատերն Աստծո մասին ամբողջ կյանքում չեն էլ հիշել կամ հավատացել): Երրորդ ռեակցիան չարության պոռթկումն է եղել առողջ ապրողների դեմ, նույնիսկ հարազատների (մի՛ զարմացեք, մահվան շեմին մոտենալը կատակ բան չէ, քանզի ամբողջովին տակնուվրա է լինում մարդու ներաշխարհը): Եվ վերջապես, այդ ամենից հետո, երբ մարդը հանդարտվել է, սկսել է լրջորեն խորհել իր իրական վիճակի մասին, մանավանդ որ դրա համար արդեն բավական ժամանակ ունի` իր ցավերի ու քաղցկեղածին ուռուցքների հետ մեն-մենակ մնալով: ՈՒ նա սկսում է զարմանալի սթափությամբ նայել ապագային, և շատ ժամանակ կատարվում է հրաշքի նման մի բան, նրանցից շատերը սկսում են Աստծուն կանչել, հարազատներին խնդրել, որ իրենց համար եկեղեցում մոմ վառեն, աղոթք անեն, իրենց ունեցած իրերից կարիքավորներին բաժանեն, հետո խնդրում են իրենց համար սրբապատկերներ ու եկեղեցում օրհնված ջուր բերել, և նման շատ լավ բաներ: Իսկ երբ նրանք հոժար կամքով քահանա են կանչում և առանձնության մեջ խոստովանում իրենց նախկին բոլոր մեղքերն ու անօրենությունները, դրանցից արձակում ստանալով, հանդարտվում են հոգեպես, քանի որ իրենց կյանքի ամենակարևոր բանն են կատարել: ՈՒ չանցած շատ ժամանակ, նրանցից շատերի հայացքում երկնային անբացատրելի ու լուսավոր խաղաղություն է հայտնվում, ինչը հայտնի նշան է, որ նրանք ներքնապես հաշտվել են Աստծո հետ: ՈՒ եղել են բազում դեպքեր, որ մահածին քաղցկեղով վարակված շատ հիվանդներ հանկարծ սկսում են դեպի լավը գնալ, և, ի զարմանս բժիշկների, լրիվ ապաքինված դուրս են գրվում:
Աստված նրանց համար կյանքի մի նոր էջ է բացում, որի երկնային խորհուրդը միայն կյանք պարգևող Արարիչը գիտի:
Բայց ամենազարմանալին այդ բժշկուհու օրագրի վերջին էջն էր: Այս ամենի մասին գրելուց հետո գիրքն ավարտում է հետևյալ աղոթքով. «Տեր Աստված, մարդասեր մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, թե տեսնես, որ ես շեղվել եմ ինձ համար Քո ծրագրած փրկության ճանապարհից և գնում եմ դժոխքի անդունդը, խնդրում եմ, ինձ էլ քաղցկեղածին հիվանդություն ուղարկիր, որ գոնե այդ միջոցով ապաշխարությամբ մաքրվեմ ու, Քեզ հետ հաշտված, վերադառնամ Քո սիրազեղ գիրկը. ամեն»:
Այսինքն, ինչպես սուրբ հայրերից մեկն է ասել. «Հիվանդության փորձության տառապանքը կանցնի, իսկ վարձքը կմնա հավիտյան»:
Իսկ Դավիթ թագավորն աղոթում է. «Փորձի՛ր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը, քննի՛ր և իմացիր իմ շավիղը և տես, թե անօրենություններ կա՞ն իմ ճանապարհին, և առաջնորդիր Քո հավիտենական ճանապարհով. ամեն»:
Ինքս ամեն օր իմ աղոթքներում օգտվում եմ այս սաղմոսի տողերից, քանի որ մարդն անընդհատ սխալվող էակ է, ու նրան միշտ Ճշմարիտ ՈՒղղորդող է պետք դեպի երկինք, ուր Տերը արժանացնի բոլորիս:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ