Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վարդան Օսկանյանի ոդիսականը

Վարդան Օսկանյանի ոդիսականը
04.07.2013 | 13:56

Այն պահից, երբ Վարդան Օսկանյանը դարձավ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարարի համար սկսվեց մղձավանջների շրջանը: Օսկանյանը, իհարկե, դիվանագիտական հմտությամբ քանիցս փորձեց դրանք շրջանցել, բայց երբ կծիկը սկսում է քանդվել, մինչև վերջ գնում է: Վարդան Մինասիչի «կծիկը» վաղուց է քանդվում, դեռ էն «փուչ օրից», երբ կուսակցական դառնալով սկսեց քաղաքական լուրջ գործչի իմիջ խաղարկել «Բարգավաճում», ժամանակ առ ժամանակ հակադրվել կուսակցության որոշումներին, կուսառաջնորդին հակառակ կարծիքներ արտահայտել ու, սրանով հանդերձ, նույնիսկ հավակնել լուրջ դերակատարության ԲՀԿ-ում`կուսակցության քաղաքական գիծը փոխելու ծրագրերով:
Վարդան Օսկանյանը կամ նրան ԲՀԿ-ում «տեղավորածը» երևի չէին կարող կանխատեսել, որ գործը կարող է նման ընթացք ստանալ, բայց գոնե կարող էին ենթադրություն անել, որ նախկին պաշտոնյայի համար քաղաքական դաշտում կարևոր դերակատարություն ունենալու ճանապարհը ծանր ու դժվար է լինելու, եթե ապահովագրված չէ կոմպրոմատներից: Օսկանյանը տասը տարի եղել է ՀՀ արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ով` ով, նա գոնե լավ պիտի իմանար, թե կոմպրոմատներով ինչեր կարելի է անել: Եվ ով` ով, գոնե նա, ով ԱԺ ամբիոնից խոսում էր իր ոսկերիչ պապի մասին` հասկացնելու համար, թե ինքը փողեր յուրացնող չէ, պետք է որ ժամանակին ապահովագրած լիներ իրեն հնարավոր իշխանական հարվածներից` «Սիվիլիթասի» գործունեության կոնտեքստում: Օսկանյանի կամ մեկ ուրիշի և Օսկանյանի համատեղ ծրագրի նպատակը, ի վերջո, նրան նախագահի թեկնածու առաջադրելն էր, ու հենց դա էլ փսորեց իշխանությունը 2013-ի ընտրություններին նախորդած աշնանը: Օսկանյանը ոչ միայն չկարողացավ թեկնածու առաջադրվել, այլև տուժեց նրա` եթե ոչ Հայաստանի ներսում, ապա գոնե երկրի սահմաններից դուրս ունեցած հեղինակությունը; Այս օրերին արդեն տեղեկություններ են տարածվում, թե «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը հրաժարվել է շարունակել «Սիվիլիթասի» ֆինանսավորումը պատճառաբանությամբ, թե գումարը Օսկանյանին է փոխանցել ոչ թե քաղաքական գործունեություն ծավալելու, այլ տեղեկատվական ծրագրեր իրականացնելու համար: Տրամաբանական է, որ Հանթսմանի նման հայտնի մարդը չի ցանկանա իր անունը կապել մեկ այլ երկրի ներքին քաղաքականության հետ:
Իսկ որտեղ է այսօր Վարդան Օսկանյանը: Նա արդեն տևական ժամանակ չի երևում հայոց քաղաքական երկնակամարում: Նա նույնիսկ գրառումներ չի կատարում իր ֆեյսբուքյան էջում, որոնցում սովորաբար շատ ակտիվ արձագանքում էր երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադարձություններին: Վերջին գրառումը, որ նա արել է, եղել է մայիսի 21-ին` կառավարության ծրագրի վերաբերյալ: Օսկանյանը անարձագանք է թողել վերջին օրերին իշխանության ներսում տեղի ունեցող հակամարտությունը, որը կարող էր հարմար առիթ լինել իր` ընդդիմադիրի իմիջի համար: Չի բացառվում, որ իշխանությանն ուղղված քննադատությամբ փայլելուն կաշկանդում է հենց իր դեմ հարուցված յուրացումների մասին գործը, ինչպես և Հանթսմանի մերժողական վերաբերմունքը երբեմնի հովանավորյալի նկատմամբ: Զգացմունքայինների համար հույժ կարևոր հանգամանք, իսկ Վարդան Մինասիչի թաց աչքերը ԱԺ-ն դեռ չի մոռացել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ