ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը

Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը
17.05.2013 | 16:34

Ընդդիմության էությունն այն է, որ գաղափարներ հակադրի իշխանության վարած քաղաքականությանը, ծրագրեր առաջարկի, երկիրը դրականորեն փոխելու նոր ուղիներ հրապարակի: Իսկ ինչ են անում մեզանում գործող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը:
Ընտրությունից ընտրություն ՀՅԴ-ն իր ազգափրկիչ գաղափարները զառամյալ գզրոցից հանում, փոշին թափ է տալիս, հետն էլ մի երկու քննադատություն ուղղում իշխանությանը, ռևերանսներ անում համագործակցության կոչ անող ուժերին, բայց դաշնակցականին հատուկ համառությամբ պնդում իր մտքի «գոհարները» որպես միասնության գրավական:
«Ժառանգությունը», որը բավականին երիտասարդ կուսակցություն է ՀՅԴ-ի համեմատ, ամեն անգամ մի նոր բան է հորինում, նոր քարոզչական հնարքներ կիրառում, ուշադրություն գրավում, բայց մինչև վերջ չի կարողանում տանել իր տկար մեջքին առած ծանր բեռը: Տպավորություն է, թե «Ժառանգությունը» ծրագիր էլ չունի, պարզապես առաջ է գնում` ոնց կստացվի ու առաջին իսկ քամուց երերում է` վերադառնալով ելման կետին:
ՀԱԿ դաշինքի և ՀՀՇ-ի «միքս» ՀԱԿ կուսակցությունը ավազակապետության դեմ պայքարը տեսնում է նույն ավազակապետության բարեկամ օլիգարխի հետ ընկերություն անելու մեջ: Ու քանի որ ժամանակ առ ժամանակ քննադատելու թիրախը տեսադաշտից հեռանում է` ինչ-ինչ պատճառներով, ողջ ուժերն ուղղում է օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցչի պաշտպանությանը յուր նախկին զինակիցներից` խմբագրելով ԲՀԿ անզգույշ «բլթոցները»: ՀԱԿ-ը, առնվազն վերջին երկու տարում, որևէ նոր միտք հրապարակ չհանեց: Թերևս միակ գաղափարը բուրժուադեմոկրատական հեղափոխության հասնելու միտքն էր, որն ընդհանարապես չդարձավ քննարկման առարկա` պատմականորեն հնացած լինելու պատճառով:
Դե, իսկ ԲՀԿ-ի մասին չարժե անգամ խոսել: ԲՀԿ-ն երկրի հզորացումը տեսնում է խիստ շոշափելի դաշտում` ընտրակաշառքների տեսքով: Օրերս ավելացավ ևս երկու «ատրիբուտ» ծառուկյանական հայրենասիրության պակերացումների շարքից` եկեղեցի և կազինո: Տարիներ առաջ մոսկվայաբնակ իմ բարեկամը պատմում էր, որ հայ քիլլերները ամեն հանձնարարությունից առաջ գնում են հայկական եկեղեցի` մոմ վառելու, որ Աստված, մեղա-մեղա, հաջողի իրենց գործը, հանկարծ չվրիպեն: Երևում է` Ծառուկյանի եկեղեցին նույն տրմաբանության մեջ է` «ռուլետկան» պտտողները նախ կմտնեն եկեղեցի մոմ վառելու, հետո կգնան ղումար խաղալու: Խիստ օրիգինալ լուծում է, խոսք չկա:
Մնաց Նախախորհրդարանը, որի առանցքում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կերպարն է: Վերջինս ՀԱԿ դաշինքի անդամ էր, բայց հեռացավ ավելի վաղ, քան մյուս հեռացածները և արդեն մի քանի տարի «Սարդարապատ» նախաձեռնության, ապա և Նախախորհրդարանի հետ ինչ-որ ծրագիր է մտմտում, որը, իր և իր համախոհների պատկերացմամբ, կարող է այլընտրանք լինել ոչ միայն գործող համակարգին, այլև ընդդիմադիր ուժերի առաջարկած գաղափարներին: Այսօր Նախախորհրդարանը Ազատության հրապարակում ակտիվ քաղաքական գործունեության հայտ կներկայացնի: Թե ինչ կտա այդ հայտը քաղաքական ուժերից հիասթափված հանրությանը, ցույց կտա ժամանակը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ