Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

ԲՀԿ-ի վերջին հնարավորությունը

ԲՀԿ-ի վերջին հնարավորությունը
28.04.2013 | 21:52

Կրկեսի մի ժանր կա, երբ տղամարդը կանգնում է ջարդված ապակիների վրա ու քայլում, կամ մեխերի վրա, կամ էլ տաք ածուխի: Սա յոգային հնարքներին տիրապետողների մոտ առանձնապես լավ է ստացվում: Նրանք և՛ զարմացնում են շրջապատին, և՛ գումար վաստակում, և, միաժամանակ, չեն վնասում սեփական ոտքերը:
Կարողանու՞մ է, արդյոք, Գագիկ Ծառուկյանը զարմացնել, բիզնեսը կրկնապատկել և ջրից չոր դուրս գալ: ԲՀԿ-ն դա անում է յուրօրինակ ձևով: Այս կուսակցության գործունեությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ընդդիմություն խաղացող ԲՀԿ-ն ճկունության առանձնապես մեծ շնորհների չի տիրապետում, երբեմն դա անում է բավականին անշնորհք ձևով` նույնիսկ չանդրադառնալով հետևանքներին և հաջորդ պատեհ առիթով կրկնում «համարը»` նույն բծախնդրությամբ: 2012 -ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանելով ընտրազանգված էր գողանում յուր դաշնակիցներից` ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից: ԲՀԿ-ն պոչը նրբորեն քաշեց դաշինքից հենց հաջորդ օրը` հընթացս պարտակելով ընտրատեղամասերում արված տեսանյութերը: Ինչի դիմաց` ինքը կիմանա: Խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի չէ քանի ընտանիք մեկ- երկու օր կուշտ փորով հաց կերավ, բայց նույնքան ընտանիք նվաստացավ՝ հոգին սակարկության սեղանին դնելով: Այդքան ընտանիք հերթական ընտրության գնաց հանուն փողի և ոչ` սկզբունքի: Մի բան է, որ սա անում է իշխանական կուսակցությունը, քանի որ վերջինս առաջին հերթին վերարտադրվել է ուզում ամեն գնով: Իհարկե, սա չի արդարացնում և ՀՀԿ-ին, բայց երբ ընդդիմադիր ուժն է ընտրակաշառք է բաժանում, մի բանի մասին է խոսում` չկա գաղափար:
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի ընտրություններն են, ու ԲՀԿ -ի «քարոզիչները» դռնեդուռ ընկած ձայներ են հավաքում: Մեր բնակարանի դուռն արդեն երկու անգամ ծեծել են նրանք: Միակ հարցն էլ սա էր`կուզենայինք իմանալ, կարո՞ղ է ԲՀԿ-ին ձայն տաք: Ընդ որում, նրանք այցելում են առանց քարոզչական նյութերի: Ընտրողը տեղյակ էլ չէ, թե ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն, եթե հաղթի քաղաքապետի ընտրություններում: Այսինքն, այս կուսակցության ծրագիրը միայն ձայներ հավաքելն է, մոտավոր հաշվարկը` ԲՀԿ-ն որքան է ստանալու: Արդեն մամուլում հայտնվել են հրապարակումներ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին: Փաստորեն, այս անգամ էլ ԲՀԿ-ն որոշել է սարուձոր չընկնել ու դիմել կրկին փորձված մեթոդին:
ԲՀԿ-ն, նույնիսկ դաշնակցելով երկու քաղաքական ուժերի հետ, չկարողացավ նրանցից քաղաքական պայքարի դասեր առնել: Թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը քաղաքական ճանապարհ անցած գործիչներ ունեն և նախընտրական քարոզարշավը տանում են որոշակի քաղաքական հարթության վրա: Խոսքը բովանդակության մասին է և ոչ՝ այն մատուցելու ձևերի: ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալու հնարավորություններն սպառվում են այս ընտրություններով: Իշխանությունը ազատ է թողել ԲՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն էլ է հասկացել, որ չարժե քաշել այն փեշից, որը քաշքշելուց արդեն բավականին պատառոտվել է: Սա, կարելի է ասել, վերջին մարտն է առաջիկա հինգ տարվա համար: ԲՀԿ-ն կարող է փեշերը կարկատել ընդդիմադիր դաշտում կամ էլ մնալ մերկ` ՀՀԿ-ի այլևս ոչ այնքան տաքուկ գրկում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ