Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել

Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել
26.04.2013 | 17:53

Հայաստանում, իհարկե, լուրջ չէ խոսելը անկախ սոցիոլոգիական հարցումների մասին՝ հաշվի առնելով, որ մենք ազատ հասարակություն չենք, և մեր ընտրողների մեծ մասը հազիվ թե կարողանա անկեղծ պատասխաններ տալ իրեն ուղղված հարցերին: Մյուս կողմից, սոցիոլոգիական ընկերությունները չեն կարող անկախ հարցումներ անցկացնել՝ հայտնի պատճառներով: Պարադոքսն այն է, սակայն, որ սոցհարցումները մեծ մասամբ իրականություն են դառնում՝ հաղթում է իշխող կուսակցությունը, մյուս քաղաքական ուժերն էլ հավաքում են որոշակի տոկոսներ: Եվ մեր սոցիոլոգները շատ չնչին տոկոսներով կարող են սխալվել իրենց նախընտրական սոցհարցումները ներկայացնելիս:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը հրապարակել է իր նախընտրական սոցհարցումները, համաձայն որոնց՝ ՀՀԿ-ն բացարձակ առաջատար է, իսկ երկրորդ տեղում ԲՀԿ-ն է: Նա նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ կարող են լինել չորս կամ հինգ կուսակցություն: Ըստ Գևորգ Պողոսյանի՝ բարդ են ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի խնդիրները:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Երևանի տասներկու համայնքների 1000 բնակիչների շրջանում հարցում է անցկացրել,՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, ըստ բնակչության, ո՞վ է ՀՀ նախագահի ընտրություններում առավել շատ ձայն հավաքել: Եվ պարզել է հետևյալ պատկերը՝ Սերժ Սարգսյան` 51, 5 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 35, 5 տոկոս: Պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հրապարակված տվյալներից դեռ երկու տոկոս էլ պակաս քվե է ստացել:
Ի՞նչ են ուզում հասկացնել սոցիոլոգիական հարցումների պատվիրատուները Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հետահայաց անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններում այդ սոցհարցումներին և սրբագրելով դրանք:
Բանն այն է, որ իշխանությունները չէին սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տևական մի շրջան կարող է Ազատության հրապարակում անցկացնել հացադուլ, հանրահավաքներ, որոնք անում են ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր քաղաքական ուժերը: Սակայն Րաֆֆին ցույց տվեց, որ ինքը համաձայն չէ հրապարակված պաշտոնական արդյունքների հետ և հայտարարեց, որ հաղթել է ժողովուրդը: Հիմա, Երևանի ավագանու ընտրություններից օրեր առաջ, Րաֆֆիին փորձում են հասկացնել, որ իր ղեկավարած «Բարև, Երևան» դաշինքն այդ ընտրություններում իր ակնկալած արդյունքներից էլ քիչ քվեներ է ստանալու: Թե որքան՝ պարզ կլինի առաջիկայում: Իսկ թե դրանից հետո կհամաձայնի՞ Րաֆֆին նորից բողոքական ընտրազանգվածին համախմբել իր շուրջը, թե ոչ, կերևա առաջիկայում: Երևանի ավագանու ընտրությունները, համենայնդեպս, հազիվ թե այնպիսի համախմբող դեր խաղան, ինչպես ՀՀ նախագահի ընտրությունները: Առավել ևս, որ նախագահի ընտրություններին հաջորդող հետընտրական զարգացումներն ունեցան անփառունակ հանգուցալուծում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ