ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն

Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն
15.02.2013 | 00:58

Վաղն ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Եվ` փառք Աստծո: Ոչ մի քարոզարշավում թեկնածուներն այսքան անհեթեթություններ չէին հրամցրել իրենց ընտրողներին: Բնականաբար, լավագույն նկատառումներով և ամենայն լրջությամբ:

Հին հռոմեացիները ճիշտ էին` շատախոսում են նրանք, ովքեր ասելիք չունեն: Բայց ինչո՞ւ են նրանք ասպարեզ մտել` սա մեկ, և ո՞ւր են նրանք, ովքեր ասելիք ունեն` սա երկու, և երեք` իսկ ինչո՞ւ են ունկնդիրները հանդուրժում: Մենք կանոն ենք դարձրել ֆինանսատնտեսական ճգնաժամով և նրա հետևանքներով արդարացնել սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրները: Եվ կանոն ենք դարձրել չմտածել, որ հասարակությունը միասնական, փոխկապակցված ու միմյանց վրա անմիջականորեն ներգործող մասերի ամբողջություն է: Շատ քչերն են մեկնակետ ընդունում այն փաստը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսվում է գաղափարականից, երբ տնտեսությունը այլևս չի կառավարվում նախկին մեխանիզմներով, սկսում է փլուզվել ու փլուզել ամեն ինչ: Սխալ ընտրված մեկնակետի պատճառով սովորաբար ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հնարքներ ու միջոցներ են որոնվում, մինչդեռ հաղթահարման փոխարեն պետք է փոխել կառավարման հին մեխանիզմը: Թղթի վրա հարթ ու հեշտ է, կյանքում ամեն ինչ ավելի դժվար ու բարդ է: Իհարկե: Մարդկային գործոնն ունենում է իր դրական ու բացասական ազդեցությունը: Առավել ևս քաղաքականության մեջ մարդկային գործոնն ավելի ազդեցիկ ու արտահայտված է, քան թվերի ու տոկոսների թագավորությունում: Նախագահական ընտրությունների այս քարոզարշավն ակնհայտ դարձրեց ճգնաժամը Հայաստանի տնտեսության մեջ, իշխանության ու ընդդիմության, որ առանձնապես մեծ նորություն չէր, ամենածանրը հասարակական գիտակցության ճգնաժամն է, որ հավասարապես ախտահարում է հասարակության բոլոր մասերը: Եվ դա է ամենավտանգավոր մարտահրավերն այսօր:
8 թեկնածուներ հունվարի 21-ից հնարավորություն ունեին ամեն օր դիմելու բոլորին ու յուրաքանչյուրին: Հավանական էր, որ ինչ-որ մասը նրանց լսելու և դիտելու է: Այդ հավանականությունը նվազագույնը պարտադրում էր ասելիք ունենալ, առավելագույնը ենթադրում էր, որ թեկնածուները կփորձեն իրենց տեսակետները հիմնավորել, փաստարկել, համոզիչ դարձնել, որպեսզի քարոզարշավի մեկնարկի ու վերջնագծի համեմատությամբ ընտրողները կողմնորոշումը որոշումի փոխարկած լինեն: Քարոզարշավի արդյունավետությունը լավագույնս կարտահայտվի ընտրության թվաբանության մեջ` տոկոսային պատկերով: Ընտրությունների արդյունքները քաղաքական ուժերի, այս դեպքում` քաղաքական և այդպիսին ներկայացող գործիչների գնահատականը կլինեն ընդհանրապես: Գուցե նաև հասարակության նախապատվությունների ու արժեքային ընկալումների: Բայց ընտրությունների արդյունքները չեն փոխի պատկերը: Գաղափարների ու գաղափարը կրողների ճգնաժամը բացահայտ է: Երբ դուք հնարավորություն չունեք նոր հագուստ գնելու, բայց և չեք կարող մերկ դուրս գալ փողոց, դուք սկսում եք ձևափոխել հին հագուստը, վարպետության դեպքում կարկատանները գուցե և չերևան: Քաղաքական դաշտում կարկատանները շատ ավելի երևացող են ու չեն ապահովում ոչ հագուստի նոր տեսք, ոչ գեղեցկություն, ոչ հարմարավետություն: Այլևս բացահայտ է, որ գործող քաղաքական էլիտան ճզմած լիմոնի կարգավիճակում է և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու փոփոխվող իրավիճակներին: Միակ ինովացիոն արձագանքը գործընթացից հեռանալն է և դադար վերցնելը, որպեսզի նոր ժամանակում վերադառնա արդեն նոր տարածք: Քաղաքական դաշտի վերադասավորությունն իմաստ կունենա, եթե իշխանություն-ընդդիմություն տարաբաժանման հիմքում չդրվի հայրենասեր-թշնամի մոդելը։

Հայաստանի Հանրապետությունն արդեն բավականին ժամանակ ունեցել է` հասկանալու, որ իշխանության ու ընդդիմության փոխհարաբերությունը պետք է կառուցվի մրցակցության, բայց ոչ առճակատման ու միմյանց թշնամի հռչակելու, ունեցած ներուժը թշնամուն վերացնելու վրա ծախսելու համար: Այդ մոդելը սպառել է իրեն և ապացուցել, որ փոխհարաբերությունների պարզաբանման գործընթացով հնարավոր չէ փոխարինել քաղաքականությունը. պետությունը պետք է հստակ քաղաքականություն ունենա, քաղաքական հավասարակշիռ դաշտ, որ կարողանա նորմալ գործառնել: Եվ իշխանության, և ընդդիմության բնականոն գործունեության պայմաններ են պետք, միայն այդ դեպքում նրանք կունենան ժողովրդի աջակցությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել հավատը իշխանության նկատմամբ ու հույսը` ընդդիմության, իսկ հույսի ու հավատի միագումարը հեռանկարն է: Պետությունը պետք է ամբիցիաներ ունենա, քաղաքացին` հեռանկար: Խնդիրները ձևակերպվում են, երբ ձևավորվում են լուծման նախադրյալները. սա ևս վաղուց հայտնի է, իսկ մենք կարծես նոր-նոր տեղեկանում ենք: Համենայն դեպս, 2013-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում այս գիտակցությունը չարտահայտվեց: Եթե անկեղծ լինենք, բոլորովին չդրսևորվեց նաև 2012-ի խորհրդարանական ընտրություններում: Եթե չեք մոռացել, համապետական ընտրության գլխավոր ինտրիգը ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններն էին, ներառյալ` ԲՀԿ-ՀԱԿ փոխհարաբերությունները, ընդամենը անձնական վարքագծի մակարդակով` ով ինչ կասի, ով ինչ կանի: Իսկ դա հեռու է քաղաքական պայքարից և քաղաքականության ցածր մակարդակ է նշանակում: Ավելին` նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն էլ մնաց` կառաջադրվի՞ Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, կառաջադրվի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ շրջագծում: Եզրակացությունները նույնն են: Որևէ մեկը գնահատե՞ց, թե քաղաքական գործընթացների փոխարինումը անձնական համահակակրանքների դրսևորումներով և քաղաքագիտական իմիտացիաներով ի՞նչ ազդեցություն ունեցավ պետության վարկի ու իմիջի, պետության քաղաքացիների կենսամակարդակի, աշխարհայացքի, աշխարհընկալման, հասարակության ընկալումների վրա:
Քարոզարշավի ավարտին միայն երեք թեկնածուներ կարող են ամփոփել իրենց ընտրարշավը` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը, որովհետև միայն այդ երեքն են ծրագրված քարոզչություն վարել: Իսկ վերջին շաբաթում նույնիսկ «նկատում են» միմյանց ու անդրադառնում միմյանց գնահատականներին: Երեքից ամենաանկեղծն ու չհասկացվածը մնում է Հրանտ Բագրատյանը: Չհասկացվածը նախ և առաջ ՀԱԿ-ում: Զարմանալիորեն ՀԱԿ-ը անգամ հավակնում է Բագրատյանի 100 օրվա համահեղինակության, ինչպես հայտարարել է Լևոն Զուրաբյանը, ծրագիրը ՀԱԿ-ում մշակվել է, հղկվել է, ծայրահեղությունները հանվել են, և այլն, և այլն: Պատկերացնո՞ւմ եք` ինչպես են ոչ մասնագետները մասնագետին տնտեսագիտություն սովորեցրել: Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է զվարճալի դառնալ, օրինակ, Գյումրիում նա կոչ է արել փետրվարի 18-ին դուրս գալ պատի տակից և մասնակցել ընտրության: Սերժ Սարգսյանը, որ որոշել է ընտրություններից հետո կարդալ թեկնածուների նախընտրական ծրագրերը, որովհետև նրանց չի ընտրելու, արդեն չի ասում` ընտրությունը կատարեք ձեր սրտի թելադրանքով, այլ ուղղակի ասում է` ընտրեք ինձ, եթե ուզում եք, որ կատարեմ իմ ծրագրերը:
Բացահայտորեն անհասկանալի սկսեցին ու ավարտում են իրենց ընտրարշավը Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը: Վարդան Սեդրակյանը վստահ է, որ ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետքով, որովհետև լայն շփումներ է ունեցել կասկածյալների հետ բնակարանի ու ամառանոցի շինվերանորոգման հողի վրա: Բայց դա կապ ունի՞ ընտրական ծրագրի ու նպատակների հետ, որ այդպես էլ մնացին երգ-երաժշտության, ասուլիսների մակարդակում: Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը և արդեն մտածում է հետընտրական կյանքի մասին` դժվար թե նոր կուսակցություն ստեղծվի, կուսակցությունը սահմանափակում է գործողություններն ու օրակարգը, իսկ գործընթացը թույլ է տալիս հասարակության լայն շերտեր ներգրավել, ուստի շինծու ընտրությունների գաղափարը գործողության մեջ կպահվի շարժման գաղափարով: Արման Մելիքյանը փետրվարի 13-ին պայծառատեսության բռնկում ունեցավ և հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրությանը, որովհետև չի կարող ճանաչել ընտրություններն օրինական ու իրավաչափ, որովհետև ընտրակեղծիքները կանխելու համար ինչ կարելի էր անել` չարվեց: Թեկնածուն կոչ արեց քվեարկել իր օգտին, որ իշխանությանը «ոչ» ասելու միակ տարբերակն է: Իսկ մինչև փետրվարի 8-ը Արման Մելիքյանը չէ՞ր կարծում, որ ընտրությունները օրինական ու իրավաչափ չեն լինելու: Ինչո՞ւ թեկնածությունը չհանեց անօրինական ու անօրինաչափ գործընթացից, որի ժամանակ այդպես էլ ոչ ծրագիր ունեցավ, ոչ նպատակ, պարզապես ծառայեց խոսափող` միօրինակ ու անդեմ: Բոլոր զվարճասերների կուռքը եղավ ու մնաց Պարույր Հայրիկյանը, բայց վերջում նա ինքն իրեն էլ գերազանցեց` հավարտ հեղինակելով ընտրական հեքիաթ իր առաքելության մասին: Նաև` հասարակության, որ անհամարժեք վերաբերմունք դրսևորեց դարի ոճրագործությանը, իսկ համաշխարհային հանրությունը սպասում էր, որ գործող նախագահն իր թեկնածությունը կհանի հանուն ֆավորիտ թեկնածուի` Հայրիկյանի, մյուս թեկնածուներն էլ ազնիվ պոռթկումով կհետևեն նրան ու սպիտակ ձիու վրա Հայրիկյանը երգելով կմտնի նախագահական, որպեսզի հետո տանի նախագահի բոլոր թեկնածուներին: Պարույր Հայրիկյանն այնքան անկեղծ է իր երազանքներում, որ ուղղակի անհարմար է հարցնել` իսկ ո՞րն էր Ձեր նպատակը այս ընտրություններում, Ձե՞ր թեկնածությունը պաշտպանել, թե՞ մյուս թեկնածուներին վարկաբեկել` պարբերաբար նրանց համախմբումի կոչ անելով` հաստատ իմանալով, որ կոչը բացարձակապես ապարդյուն է: 1996-ի սցենարը 2013-ին չի գործելու:
Երկուշաբթի նախագահական ընտրություններ են` գործող նախագահը խոստանում է, որ այս ընտրությունները կլինեն լավագույնը: Ընտրություններով, նույնիսկ նախագահական, կյանքը ոչ սկսվում, ոչ ավարտվում է, ավելին` 2013-ի նախագահական ընտրություններից շատ առաջ ծագած ու առավել ևս հետո ծագելիք խնդիրները հեշտ ու հանգիստ կյանք չեն խոստանում ոչ մեկին: Պետական կառավարման համակարգի կազմավորման սահմանադրական գործընթացներն արդեն իսկ մեծագույն փորձություն են, որ պետք է հաղթահարվեն հենց սկզբից, և այդ հանգրվանում Հայաստանի նոր նախագահը միանգամից պատասխանելու է արմատական մի հարցի` հավատո՞ւմ է ժողովրդին, իր ծրագրերին, պատրա՞ստ է քաղաքական էլիտայի փոփոխության, թե՞ պաշտոնավարելու է ևս հինգ տարի` հենարան ունենալով քրեաօլիգարխիկ համակարգը և իրադարձությունների զարգացումների տրամաբանությամբ ժառանգություն ստացած թիմ, որի հավատարմությունը խստիվ հարաբերական է: Այբ-ը գիտենք, Բեն-ը թոթովում ենք, Գիմ-ը գիտենք, որ կա, ո՞րն է լինելու մեր Դա-ն, երբ վաղուց ժամանակն է, որ Եչ-ն ու Զա-ն անցած լինեինք: Պատմության մեջ: Քաղաքականության մեջ: Գոնե մեր ընկալումների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Քաղաքական էլիտայի փոփոխության խնդիրն ապրիորի ու հետաձգելի չէ: 2018-ը պատմական ապագա չէ: Իրական է ու արագահաս: Եվ որպեսզի նախագահական ընտրություններում բացառենք թատրոնն ու վարձավճարված ներկայացումները, իմաստ ունի Ընտրական օրենսգրքի, գուցե նաև Սահմանադրության փոփոխությունը, որպեսզի այլևս նախորդ ընտրություններում 3-ից ավելի անգամ առաջադրված և ընտրողների ձայների 5 տոկոսից պակաս ստացած թեկնածուների առաջադրումն արգելվի օրենսդրորեն: Իսկ մարդու իրավունքների սահմանափակումից խուսափելու համար կարելի է և ժամկետ սահմանել` 10-30 տարի: Ի վերջո, օրենքնե՞րն են մարդկանց համար, թե՞ մարդիկ են օրենքների համար: Երկիրը մերն է, մենք ո՞վ ենք: Չսպասենք, որ ուրիշներն ասեն, ինքներս որոշենք:

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ