ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան «եռանկյան» ապագա հիմքերը

Գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան «եռանկյան» ապագա հիմքերը
18.12.2012 | 00:29

Այնպիսի պատկերավոր արտահայտություն, ինչպիսին «վերաբեռնումն» է, բնավ ոչինչ չավելացրեց Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության ըմբռնման գործում: Իրականում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն գոյություն չունի, և անգամ առանձին պատկերացում չկա այն մասին, թե ինչպիսին կարող է լինել նոր հարաբերությունների ձևաչափը, ինչպիսին պետք է լինեն միջազգային քաղաքականության առանձին ուղղությունների կոնկրետ խնդիրներն ու գաղափարախոսությունը:
Տարածաշրջանային քաղաքականությունը հենց այն ուղղությունն է, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եղած հարցերը լուծված չեն և հազիվ թե լուծվեն տեսանելի ապագայում: Քննության առնենք, թե ինչպիսի տարածաշրջանային խնդիրներ կարող են գլուխ բարձրացնել ամերիկա-ռուսական հարաբերություններում և որքանով են ամերիկացիներն ու ռուսները պատրաստ փոխըմբռնման ու սեփական հավակնությունների զսպման:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքը Եվրոպայի և անդրատլանտյան կառույցների հետ հարաբերություններն են, և ամերիկացիներն այսուհետ ևս կաշխատեն պահպանել ազդեցությունը Եվրոպայի վրա, ավելի գործուն դարձնել ՆԱՏՕ-ն` բացառելով Եվրոպայի զինված ուժերի նման այլընտրանքային պաշտպանական կառույցներ ստեղծելու եվրոպացիների փորձերը: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մտադիր են իրագործել Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև եվրոպա-եվրասիական դաշինքի ստեղծում թույլ չտալու իրենց խոշորածավալ նախագիծը, և այդ նպատակով Եվրոպայում ձևավորվում են պետությունների խմբեր, որոնք կոչված են արգելափակոցի դեր կատարելու Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի միջև և Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում անգլոսաքսոնական բլոկի գծով գործընկերներ են: Արևելյան, Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում ջանքեր են գործադրվում ստեղծելու ավելի քան 150 մլն բնակչությամբ համեմատաբար ինտեգրված մի տարածք, որը պիտի ներառի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի հետ բազում խնդիրներ ունեցող երկրներ: Պետությունների մի ամբողջ խումբ` ՈՒկրաինան, Լեհաստանը, Ռումինիան և Բուլղարիան, ինչպես նաև բալթյան երկրները, Մոլդովան, թերևս, նաև Բելառուսը խմբվում են մի բլոկի մեջ, որը կոչված է խաթարելու ֆրանս-գերմանա-ռուսական ծրագրերը և նախագծերն էներգետիկայի ոլորտում: Հարավային Կովկասն էլ է ներառված այդ նախագծում և կարևոր դեր է խաղում արևելաեվրոպական այդ դաշնախմբի ամրապնդման գործում, ու ներգրավված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցության մեջ: Հազիվ թե այդ եվրոպական խաղում Հարավային Կովկասի դերը բավականաչափ բարձր լինի ռազմական գործողությունների առումով, բայց էներգամատակարարման առումով տարածաշրջանի դերը, այսպես թե այնպես, կպահպանվի, թեև սահմանափակ շրջանակներում: Չնայած Հարավային Կովկասը ծայրամասային դեր է խաղացել ու խաղում միջազգային քաղաքականության մեջ, այն ուշադրությունը, որ նվիրվում է նրան, բավարար կլինի այդ պետությունների համար, որպեսզի խաղան իրենց խաղերը և քաղաքական առավելություններ ստանան: Եվրոպական քաղաքականությունը որոշիչ դեր կխաղա Հարավային Կովկասի երկրների ճակատագրում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում, սակայն, եվրոպական ուղղությունից բացի, կան նաև ուրիշները, որոնք բախտորոշ են տարածաշրջանի համար:
ԱՄՆ-ը փուլ առ փուլ մշակում և ձևավորում է Թուրքիայի զսպման դոկտրինը և ձգտում է ավելի ակտիվորեն օգտվել մի շարք տարածաշրջանային խնդիրներից` նրան շրջափակելու և մեկուսացնելու համար: ԱՄՆ-ը մի ուղղությունում ակտիվորեն դիմակայում է Թուրքիայի նվաճողամտությանը, մյուսներում չի սահմանափակում նրա նկրտումները, հուսալով, որ բախում կառաջանա տարածաշրջանային խոշոր տերությունների շահերի հետ, այդ թվում` Ռուսաստանի: ԱՄՆ-ը, թվում է, երբեմն փորձում է Թուրքիան ներգրավել Հարավային Կովկասի քաղաքական գործերում, սակայն միաժամանակ ավելի սկզբունքային, ռազմավարական հեռանկարում պատնեշներ է դնում տարածաշրջանում նրա քաղաքականության ճանապարհին: Այդ առաջադրանքի կատարման համար ենթադրվում է հայկական գործոնի օգտագործումը, նպատակ ունենալով հուսալի «կողպեք» դնել Կովկաս Թուրքիայի թափանցման դարպասին: Միաժամանակ, ԱՄՆ-ը մտադիր չէ նպաստել Թուրքիայի հետ Վրաստանի ու Ադրբեջանի մերձեցմանը: Ռազմավարական հեռանկարում (եթե ճիշտ ենք հասկանում ժամանակային, տարածական և իմաստային չափանիշները) ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպայի առաջատար և մյուս պետությունները, թուրքական խնդրում կհանգեն ընդհանուր փոխըմբռնման, այնպես, ինչպես դա ներկայումս տեղի է ունենում Իրանի ու Չինաստանի առնչությամբ: Ընդսմին, եթե Իրանը, վաղ թե ուշ, դիտվելու է իբրև Արևմտյան ընկերակցության առավել հուսալի գործընկեր, ապա Թուրքիան սպառնալիք է դառնալու երկար տասնամյակներ շարունակ, իսկ նրա ներկա հարաբերություններն Արևմուտքի հետ շուտով հօդս կցնդեն: Սակայն մոտ ապագայում ԱՄՆ-ը կձգտի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առաջ բերել եթե ոչ հակամարտություն, ապա գոնե շատ թե քիչ ներհակ հարաբերություններ: Դա, այնուամենայնիվ, առավել բացահայտ կդրսևորվի էներգամատակարարման ոլորտում, թեև կարելի է նկատել նաև այլ ուղղություններում: Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը նկատելիորեն տարբերվում է եվրոպացիների քաղաքականությունից, որոնց մտահոգության գլխավոր առարկան Թուրքիայի մուտքը Եվրամիություն թույլ չտալն է: ԱՄՆ-ը և Ռուսաստանը ձգտում են, և դրա հնարավորությունը կա, ավելի խորամանկ, հաճախ և ամբոխավարական խաղ խաղալ Թուրքիայի գլխին: Նրանք համարում են, որ շահեկան ու հաղթական դիրք են գրավում և կարող են օգտվել Թուրքիայի վարքագծից, շահարկելով նրա դրությունը, այդ թվում` նկատի ունենալով նրա բարդ արտքաղաքական հարաբերությունները եվրոպական և մերձավորարևելյան ուղղություններում: Նկատի ունենալով Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածությունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի մի շարք ռազմավարական խնդիրների առկայությունը, կարելի է ենթադրել, որ «թուրքական մեծ խաղը» կդառնա այն ասպարեզը, որտեղ երկու տերություններն էլ բազմաբարդ քաղաքականություն կիրականացնեն: Հարավային Կովկասը նոր դեր է ձեռք բերել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում, այսինքն, նոր նշանակություն` կապված «թուրքական մեծ խաղի» հետ:
«Թուրքական խաղին» շատ նման կլինի «իրանական խաղը», ուր, ի տարբերություն «թուրքականի», Եվրոպան այնքան էլ նշանակալի դերակատարում չունի, բայց որը մեծանում է «Եվրոպա-Եվրասիա» միավորման ստեղծման կապակցությամբ: Իրանի հարցում ամերիկա-ռուսական հարաբերություններն ավելի լարված են, և այդ լարվածությունը կպահպանվի նաև ապագայում: Իրանը, այսպես թե այնպես, կվերանայի իր գերակայությունները և կաշխատի կառուցել ավելի բազմակողմանի քաղաքականություն, հաշվի առնելով տեխնոլոգիաների ու սպառազինությունների ավանդական մատակարարներից, նախ և առաջ Ռուսաստանից, իր կախման նվազումը: Իրանը կձգտի կարգավորել հարաբերությունները Եվրոպայի առաջատար պետությունների հետ, ինչպես նաև մտերմանալ Չինաստանի և Հնդկաստանի հետ: Իհարկե, Իրանին կհաջողվի ապագայում ապահովել իր անկախությունը, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի համար, և իրանական վերնախավի առջև ընտրության անհրաժեշտություն կդնի, որը կնախընտրի ընդլայնել հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:
Ռուսաստանը ռազմավարական լուրջ սխալ թույլ տվեց` Իրանի հանդեպ միարժեքորեն գրավելով Արևմտյան ըներակցության հետ համերաշխ դիրքորոշում: Դրա շնորհիվ ԱՄՆ-ը հետագայում ևս Իրանի վրա ազդեցության մեծ հնարավորություններ կունենա, ինչն ամերիկա-ռուսական հարաբերություններում լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ներկայումս, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող թշամական հարաբերություններին, գցվում են ԱՄՆ-Իրան-Ռուսաստան ապագա «եռանկյան» հիմքերը, ուր Իրանն ավելի հավասարակշիռ ու չափավոր դիրք կգրավի: Իրանա-ամերիկյան հարաբերությունների անգամ աննշան բարելավումը մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար և Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ կստեղծվի, իսկ ԱՄՆ-ի համար` նպաստավոր պայմաններ: Նկատի ունենալով այդ հեռանկարը, Իրանի դերը Հարավային Կովկասում ավելի նախընտրելի կդառնա, կբացառվեն սահմանափակումները Հարավային Կովկասի պետությունների հետ Իրանի հարաբերություններում: Իրանը կձգտի շատ արագ տարածել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, կդառնա Թուրքիայի ու Ռուսաստանի դուրսմղման և դիրքերի սահմանափակման գործոն: Թուրքիա-Իրան-Ռուսաստան «եռանկյան» շրջանակներում կողմերը կգրավեն ավելի իրավահավասար դիրք, ինչը, անշուշտ, կնպաստի ԱՄՆ-ի դերին` իբրև տարածաշրջանի «երրորդ ուժի»:
Կենտրոնական Ասիան և Կովկասը ԱՄՆ-ի «ուղեղային» կենտրոնների վերլուծական շատ դիտարկումներում համարվում են միասնական տարածաշրջան, որտեղ նույնանման գործընթացներ ու զարգացման օրինաչափություններ են նկատվում: Ռազմավարական հեռանկարի առումով, առաջ Հարավային Կովկասն ավելի գերակա, նախապատվելի դիրք ուներ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, բայց ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի նշանակությունը նվազեց, և Կենտրոնական Ասիան առանցքային նշանակություն ստացավ ԱՄՆ-ի եվրասիական լայնընդգրկուն քաղաքականության մեջ: Կենտրոնական Ասիան կարևոր տարածաշրջան դարձավ Չինաստանի զսպման, ինչպես նաև Խաղաղ օվկիանոս-Հեռավոր Արևելք-Հարավարևելյան Ասիա-Հարավային Ասիա վիթխարածավալ գոտու վերահսկողության առումով: Հենվելով Կենտրոնական Ասիայում իր ներկայության վրա, ԱՄՆ-ը ստեղծում է եվրասիական ուղղությամբ Չինաստանին հակադրության ճակատ, իսկ Աֆղանստանի ու Պակիստանի խնդիրները, վերջին հաշվով, կապված են Չինաստանի խնդրի հետ: ԱՄՆ-ը ձեռքից բաց թողեց պատմականորեն մեծարժեք ժամանակը և, ձգտելով Կենտրոնական Ասիայից դուրս մղել Ռուսաստանին, վրիպեց պահը, իսկ Չինաստանը հասցրեց թափանցել տարածաշրջան: Մի շարք ամերիկացի և եվրոպացի վերլուծաբաններ, մտորելով Ռուսաստանի և Չինաստանի խնդրի շուրջ, չինական սպառնալիքին հակադրում են ամերիկա-ռուսական համագործակցությունը: Այդ թեման ապագայում առանցքային կդառնա ամերիկյան քաղնախագծողների մշակումներում, բայց ԱՄՆ-ում այնքան ուժեղ են հակառուսական տրամադրությունները, որ, շատ հնարավոր է, անգամ միջնաժամկետ հեռանկարում ամերիկա-ռուսական դաշինքն այդպես էլ չկայանա: Եթե ԱՄՆ-ը կարողանա ստեղծել Չինաստանի զսպման համակարգ` առանց Ռուսաստանի օգնության կամ աջակցության, ապա կշարունակի իր խնդիրները Եվրասիայում լուծել առանց ռուսների հետ լուրջ փոխզիջումների գնալու: Այսպես թե այնպես, Եվրասիայում Չինաստանի հետ ԱՄՆ-ի առճակատման ուժեղացման պայմաններում անգամ, ընդհանուր առմամբ, ամերիկացիները կաշխատեն աչքաթող չանել Կենտրոնական Ասիայից ու Եվրասիայի այլ ներքին տարածաշրջաններից Ռուսաստանի դուրսմղման խնդիրը:
Ներկայումս որևէ նախադրյալ չկա, թե ԱՄՆ-ը որևէ զիջում է անում Ռուսաստանին ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում: Ամերիկացիները փոխել են գերակայությունները, բազմանշանակ դադար են վերցրել, բայց դա չի նշանակում, թե այդ տարածաշրջաններում նրանք կորցրել են իրենց հետաքրքրությունները: Ավելին, Բալկաններ-Սև ծով-Կովկաս-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա հսկայական տարածքում` հարակից տարածաշրջաններով հանդերձ, իրականացվում է հստակ ու նպատակամետ քաղաքականություն, որին մասնակցում են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունները, ակտիվացվել են բալկանյան երկրները, տարածաշրջանի խնդիրներին ավելի ու ավելի է մոտենում Հնդկաստանը: Ավելի են որոշակիանում և իմաստավորվում Ռումինիայի, Բուլղարիայի, Հայաստանի, ՈՒզբեկստանի ու Ղազախստանի անելիքները, ավելի ու ավելի է մեծանում քրդական գործոնի նշանակությունը, և այդ խնդրի անկապտելի մաս է դառնում Պակիստանը:
Բ. Օբամայի վարչակազմը ձգտում է Ջ. Բուշի մտադրությունների հետքով ստեղծել աշխարհատնտեսական ճեղքման մի հսկայական կառուցվածք, երբ Կենտրոնական Ասիան մի շարք խնդիրների գծով պետք է ինտեգրված լինի Հնդկաստանի հետ: Հնդկաստանի կողմից Կենտրոնական Ասիայի էներգետիկ և հանքային պաշարների օգտագործումը հնարավորություն կտա ինչ-որ չափով սահմանափակել Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Այդ շրջանն այնքան հեռու է ԱՄՆ-ից, որ ամերիկացիներին իրենց կարիքների համար նրա պաշարները չեն հետաքրքրում, և Հնդկաստանի դերը կարող է առանցքային դառնալ Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցության առումով: Կենտրոնական Ասիան համակարգային աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում ԱՄՆ-ի համար, և ավելի կարևոր ասպարեզ կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիմակայության համար: Հարակից տարածաշրջաններից ոչ մեկն այդքան ուժեղ ազդեցություն չի գործում Հարավային Կովկասի վրա` այստեղ ԱՄՆ-ի, միառժամանակ հետո նաև Չինաստանի շահերի ծավալման կապակցությամբ: Հարավային Կովկասը, մի փոքր կորցնելով իր ռազմական և այլ տարանցիկ նշանակությունը, շուտով ձեռք կբերի նոր նշանակություն և ստորադաս դեր կխաղա Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «փնջում»:
ԱՄՆ-ը հերթական անգամ արգելակել է իր քաղաքականությունը Սև ծովում, որը հետևանք է գերակայությունների փոփոխման, բայց սևծովյան ավազանը մնում է ամերիկյան քաղաքականության կիզակետում: ԱՄՆ-ը ձգտում է այդ նախագծով շահագրգռել բալկանյան և հարավկովկասյան պետություններին, ինչպես նաև ՈՒւկրաինային, նպատակ ունենալով թուլացնելու Թուրքիայի դերը: Սև ծովը շատ յուրօրինակ է իր աշխարհաքաղաքական ուրվապատկերով, և ԱՄՆ-ը ի վիճակի չէ այդ տարածաշրջանում առաջ տանելու իր ռազմավարությունը` առանց հարակից աշխարհաքաղաքական խնդիրների լուծման: ԱՄՆ-ին չի հաջողվում Սև ծով-կովկասյան հաջող միջանցք բացել, և տարանցման այդ ուղղությունը ներկա տեսքով անչափ խոցելի է ամերիկյան նպատակների տեսանկյունից: Այդ խնդրի լուծման համար ԱՄՆ-ը տեխնիկական նոր նվաճումների, Բալկաններում և Հարավային Կովկասում նոր ռազմավարության ծավալման կարիք ունի, ինչն այդ տարածաշրջանի պետությունների արտքաղաքական գերակայությունների փոփոխություն է ենթադրում: Սա, անկասկած, ենթադրում է ամերիկա-ռուսական առճակատման ու մրցակցության սաստկացում, թեև առանձին հարցերի գծով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են և համագործակցել:
Այսպիսով, անգամ մերձակա աշխարհաքաղաքական շահերի առումով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խիստ հեռահար մտադրություններ ունեն, ինչը մրցակցության և առճակատման հերթական փուլերի է հանգեցնելու, էլ չենք խոսում Ռուսաստանի համար ավելի հեռավոր տարածաշրջանների` Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի մասին, որտեղ Ռուսաստանը երրորդական դեր ունի, իսկ գլխավոր խնդիրը ԱՄՆ-ի ու Չինաստանի պայքարն է, սակայն Ռուսաստանն էլ կարող է ներգրավվել համակարգային առճակատման մեջ` որպես ամերիկա-չինական մրցակցության «երկրորդ» խաղացող: Այդ իրավիճակը խիստ վտանգավոր է Հայաստանի համար, բայց կարող է նաև ավելի քան նպաստավոր դառնալ: Նայած նրա վարած քաղաքականությանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ