Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Իմոն Գիլմորի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը, նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Երկրի ղեկավարը կրկին անգամ հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարևոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ և հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի: Արցախի Հանրապետության Նախագահը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու և տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձիք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ