ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԴԻՋԻԹԵՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿՕԳՆԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ

«ԴԻՋԻԹԵՔ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿՕԳՆԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ
20.09.2011 | 00:00

Հոկտեմբերի 7-9-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի «ԴիջիԹեք» ցուցահանդեսը: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ:
Ամենամյա այս ցուցահանդեսում այս տարի մեծ տեղ է հատկացվելու ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստող կրթական հաստատություններին: Միջոցառման ընթացքում փորձ է արվելու ապահովել գործատու-երիտասարդ մասնագետներ կապը, մանավանդ որ հետազոտությունները ցույց են տվել, որ «ԴիջիԹեք»-ի այցելուների 45-50 տոկոսն ուսանող է: Ցուցահանդեսի ընթացքում 3 օր շարունակ կանցկացվի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակում տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան գտնելու իրենց որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկվելու տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
Տեխնիկական հմտություններով և որակյալ գիտելիքներով աշխատուժը մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների շարժիչ ուժն է: Հայաստանում ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների բազմազանությունը դեռ չի ենթադրում համապատասխան կադրերի առկայություն, քանի որ ՏՀՏ ոլորտում աշխատանք առաջարկող գործատուին միշտ չէ, որ բավարարում է երիտասարդ մասնագետների պատրաստվածության աստիճանը: Ըստ ՏՏ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, բուհերում տրվող գիտելիքները հիմնականում տեսական են և անարդյունավետ: Բարձրակարգ ՏՏ մասնագետների աշխատավարձերն արագորեն ավելանում են, և ընկերությունները երբեմն դժվարություններ են ունենում թափուր աշխատատեղերը համալրելու հարցում, հաճախ էլ ստիպված են լինում սեփական միջոցներով վերապատրաստել մասնագետներին:
Հայաստանում ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստող բուհերից է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ): Համալսարանի պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը համամիտ է, որ բուհերում տեսական գիտելիքների դասավանդումը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան գործնական հմտությունների փոխանցումը: «Աշխարհի ցանկացած երկրում տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտը չի կարող համալսարանից դուրս գալ և միանգամից մտնել արտադրություն: Համալսարանում իրականացվում են ծրագրեր, որոնք հիմնված են հիմնարար գիտելիքների վրա, և առանց այդ հիմնարար բազայի գործնական մասը չի կարող կյանքի կոչվել: Եթե մենք մյուս ծայրահեղության մեջ ընկնենք և փորձենք բավարարել գործատուի պահանջը, պատրաստենք մասնագետների, որոնց կկարողանան վերցնել ու առանց այդ կադրերի վրա ծախս անելու, շահույթ ստանալ, այդ դեպքում համալսարանները կվերածվեն արհեստավորներ պատրաստող արհեստանոցների: Հաճախ շատ գործատուներ ասում են` ինձ այս կամ այն ծրագրային փաթեթն է պետք, և եթե շրջանավարտն այդ փաթեթին չի տիրապետում, այդ գործատուների տեսանկյունից պատրաստվել է շատ վատ մասնագետ: Ոչ միայն գործատուները պետք է իրենց պահանջները ներկայացնեն բուհերին, այլև բուհերն իրենց պահանջները հավասարաչափ կարող են ներկայացնել գործատուին: Նույն գործատուն շատ դեպքերում չի ցանկանում անմիջական մասնակցություն ունենալ իր ապագա մասնագետի պատրաստման գործում: Բնական է, տեխնոլոգիական համալսարանի դեպքում ճիշտ ձևն այն է, երբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ապահովում է բազային հիմնարար կրթությունը, որն այդքան արագ փոփոխվել չի կարող, իսկ արտադրության ներկայացուցիչը նեղ-մասնագիտական դասընթացներին իր մասնակցությամբ կարողանում է լրացնել գործնական հմտությունների հետ կապված բացը»,- ասում է Ռ. Աղգաշյանը:
Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորը նշում է, որ ՏՏ մասնագետների պատրաստման գործում պոլիտեխնիկն ունի շատ մեծ առաջընթաց և ՏՀՏ ոլորտի հետ համագործակցության փայլուն օրինակներ։ «Մեր համագործակցությունը «Սինոփսիսի» հետ բացառիկ մոդել է, որը շատ ու շատ երկրներ այսօր ընդօրինակում են: Սա իդեալական այն տարբերակն է, որը կցանկանայինք մեր մյուս գործընկերների հետ (ոչ միայն ՏՏ ոլորտի) ունենալ: Համալսարանում ունենք «Մայքրոսոֆթի» ինովացիոն փայլուն կենտրոն: Շատ մեծ ծրագրեր ունենք «Նեյշընլ Ինսթրումենթսի» հետ. նախատեսված է մի մասնաշենքի 4 հարկերը վերակառուցել և բացել բարձրտեխնոլոգիական լաբորատորիաներ, որոնցից կօգտվեն ուսանողները: Հուսով ենք` մյուս տարի այդ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի»,- նշում է ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորը:
Ըստ պարոն Աղգաշյանի, ճարտարագիտական համալսարանի շրջանավարտները հիմնականում աշխատանք գտնում են. «Ասեմ ավելին, հաճախ շատ գործատուներ, որ բողոքում են բուհերի կրթական մակարդակից, տանում-աշխատեցնում են մեր ուսանողներին` չափազանց գոհ լինելով նրանցից: Եվ աշխատեցնելով հաճախ չեն թողնում գան դասերի: Թե՛ համալսարանների, թե՛ ՏՏ ոլորտի գործատուների նպատակը մեկն է, և այդ նպատակին հասնելու համար պետք է համագործակցել»:
Ռ. Աղգաշյանը վստահորեն նշում է, որ հայաստանյան բուհերում կան բարձրակարգ դասախոսներ` տեղեկատվական տեխնոլոգիաների լավ մասնագետներ պատրաստելու համար. «Մեր դասախոսներն ունեն համապատասխան ներուժ որակյալ մասնագետներ պատրաստելու համար: Մեր խնդիրն այնպիսի մասնագետներ պատրաստելն է, որոնք ցանկացած միջավայրում կկարողանան շատ արագ կողմնորոշվել ու հարմարվել»:
ՏՏ-ն Հայաստանի համար շատ հեռանկարային է, իսկ կադրերի պատրաստումը ոլորտի առաջանցիկ զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Սակայն ակնկալել, որ համալսարանները միայն իրենց սահմանափակ հնարավորություններով կկարողանան առկա հարցերը լուծել, սխալ կլինի:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այս տարի առանձին տաղավարով ու սեփական կրթական ծրագրերով կներկայանա «ԴիջիԹեք»-ին։ Բացի այդ, համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթսի», «Մայքրոսոֆթի» և «Սինոփսիսի» տաղավարներում ունենալու է հատուկ բաժին, որտեղ կներկայացվի բուհի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ