ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Միևնույն է, հայրենիքն անտեր ես թողնում

Միևնույն է, հայրենիքն  անտեր ես թողնում
01.05.2012 | 00:00

Մեծ եղեռնի թեմայով մի հուզական հոդված գրել էի դեռևս Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի վերջին կուրսում՝ «Երևանի համալսարան» պարբերականի համար, որի աշխատակիցն էի։ Է՜, 1969, թե 1970 թվականն էր։ Այս տարի, գտնվելով Լոս Անջելեսում և մասնակցելով ապրիլքսանչորսյան միջոցառումներին, տեսա, թե որքան պատշաճորեն է նշվում նահատակաց հիշատակի այդ օրը։ Այդքա՜ն տպավորիչ։ Այդքա՜ն մարդաշատ։ Այդքա՜ն պատկառելի։ Երբեք չէր հերիքի երևակայությունս` պատկերացնելու համար։

Ապրիլի 24-ի առավոտյան 8.00-ին, ինչպես նախօրեին ծանուցել էին լրատվամիջոցները, ավտոբուսներն արդեն մարդկանց սպասում էին Լոս Անջելեսի արբանյակ քաղաքների նախատեսված կետերում, երկուական երիտասարդ ուղեկցորդուհիներով։ Մինչև ժամը 9.30-ը մարդկանց պետք է հասցնեին Հոլիվուդ, որի Լիթլ Արմենիա փողոցից մեկնարկելու էր բողոքի քայլերթը։

10.30-ին, բացման կարճատև արարողությունից հետո (հնչեցին ցեղասպանությունն ու Թուրքիայի ժխտողական վարքագիծը դատապարտող ելույթներ` թե՛ հայազգի, թե՛ այլազգի հռետորների կողմից), հայ հոգևորականի ողջերթի մաղթանքով սկսվեց քայլերթը։ Երևի մի կիլոմետրից ավելի ձգվող բազմահազարանոց թափորը տանում էր Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի պետական դրոշները, օրվա խորհրդին համահունչ պաստառներ, հնչեցնում արդարության, հաղթանակի հասնելու, թուրքական կառավարության բռնած դիրքի հասցեին ամոթանքի, ներողության պահանջի կարգախոսներ։

Քայլերթն ավարտվեց Հոբարթի փողոցում, որտեղ տեղադրված բեմահարթակից հնչում էին տարբեր ազգերի ներկայացուցիչների ելույթներ, իսկ դրանք ընդմիջվում էին Լոս Անջելեսի սիրված հայ երգիչների կողմից ազգային հայրենասիրական, հերոսական, վերածնության երգերի խրոխտ կատարումներով, որոնց ջերմորեն արձագանքում էր բազմահազարանոց հրապարակը: Երեք ժամ տևեցին քայլերթն ու եզրափակիչ հանրահավաքը: Ժամը 16.00-ին նույնպիսի բողոքի բազմամարդ մի ցույց էլ տեղի ունեցավ Թուրքիայի հյուպատոսարանի մոտ` օրվա բոլոր կարգախոսներով ու պաստառներով:

Այս ամենից հետո հարսիս` Անիետային, ինձ վարորդ դարձրած, շտապեցի Մոնթեբելլո, որտեղ գտնվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Ցավոք, ուշացա, քանի որ ավտոմեքենաների մեծ հոսքը դեպի Մոնթեբելլո ամբողջ երթուղում խցանումներ էր առաջացրել: Այստեղ ավարտվել էր, մասնակիցների պատմելով, շատ բովանդակալից գիտաժողովը, որի մեկուկես ժամ տևած հիմնական զեկուցման թեման ցեղասպանության հոգեբանական հետևանքներն էին սերունդների վրա:

Իրադարձություններով հարուստ օրը երեկոյանում էր, և, ճիշտն ասած, դժվար էր պատկերացնել, որ բազմակողմանի այդ ծրագրի հեղինակն ու այդքան պատվախնդիր կազմակերպիչը Կալիֆոռնիայի «Միացյալ հայ երիտասարդներ» նույնքան երիտասարդ կազմակերպությունն է, որը, ինչպես իրենք են հատուկ ընդգծում, միանգամայն անկախ հայկական կազմակերպություն է` իր հայրենանվեր անդամներով: Նույնքան «ճակատային» էլ երկու ակտիվ ՄՀԵ-ականի հարց ուղղեցի. գուցե ներկայացնում են մեր ավանդական կուսակցություններից որևէ մեկի «երիտասարդական թև՞ը»: Պարզվեց՝ ո՛չ, ոչ մի կուսակցություն, իրենք միանգամայն անկախ, չկուսակցականացված կազմակերպություն են ներկայացնում, օրվա ծախսատար միջոցառումների բոլոր ծախսերն էլ հոգացել են իրենք` համայնքում անցկացված «թելեթոնի»՝ հեռուստահանգանակությամբ հավաքված գումարներով:

Այս երիտասարդական կազմակերպությունը վայելում է համայնքի անդամների ոչ միայն սերն ու համակրանքը, այլև վստահությունը, և շնորհիվ դրա էր հստակորեն ապահովում նաև հասարակական կարգի պահպանումը: (Քայլերթի ընթացքում ոչ թե հասարակական կարգը` մեր ընկալմամբ, այլ քայլերթի կարգը պահպանող ՄՀԵ-ականների հետ ընդամենը երկու անզեն ոստիկան կար, կարծեմ՝ նրանք էլ հայեր էին): Օրվա խորհրդին վայել միատեսակ շապիկներ հագած երիտասարդ տղաներն ու աղջիկներն այնքան սիրալիր ու պատրաստակամ էին իրենց ծառայություններն առաջարկում, որ անմռունչ ենթարկվում էի: Իսկ ի՜նչ հեղինակություն է վայելում ՄՀԵ-ի նախագահը` Արութին Հարությունյանը, մի կիրթ ու շիտակ, ձիգ երիտասարդ: Չկարողացա ճշտել կազմակերպությանը վերաբերող որոշ մանրամասներ, բայց, կարծում եմ, արժե անդրադառնալ, որովհետև մեր հնամյա «ավանդականների» ֆոնին այնքան թարմ են շնչում նրանք, այնքան կենսական զով են սփռում շուրջբոլորը և այնքան առինքնող են միասին ու առանձին-առանձին: Եվ երբ ասում են` «մոռանանք ամեն տեսակի կուսակցական անջրպետ, մենք հայ ենք, մեկ ազգ ենք, բռունցքվենք, միասնաբար հասնենք մեր խնդիրների լուծմանը», հավատում ես անկեղծությանը: Ո՞վ է ասում՝ մարո՜ւմ, հատնում ենք:

Միմյանց այնքան հրաշալիորեն լրացնող երևանյան և լոսանջելեսյան ապրիլքսանչորսյան թափորները «վարքագծի» մի նրբին տարբերություն ունեն. Կալիֆոռնիայի մեր հայրենակիցները բողոքի ձայն են բարձրացնում, մարտնչում են, իսկ Երևանում, չնայած նույնաբովանդակ պաստառներին, մեր երթն ավելի հարգանքի տուրք է զոհվածների հիշատակին:

Կալիֆոռնիայի «Միացյալ հայ երիտասարդները» նաև վերածնություն են խորհրդանշում: Աստված ավելի զորեղ կորով տա ձեզ: Հուսամ, մենք դեռ կլսենք ձեր մասին:

Այնուամենայնիվ, օրվա խորհրդից դուրս, հարցի մյուս կողմն էլ կա. սփյուռքի բողոքի ակցիաների տարեցտարի խտացող շարքերը ո՞ւմ հաշվին են ստվարանում, և ո՞ւր են մեզ տանում արտագաղթի ահագնացող չափերը: Իբրև չարիքների փոքրագույնը, ուրախանում ենք, թե լավ է գոնե համախմբող կա, փրկող կա, հայրենիքի սերն ու խնդիրները փայփայողներին ուղղորդող կա, նրանց` որպես տեսակի, պահպանության մասին հոգացող կա: Իսկ հայրենի՞քը, այս մի բուռ բուն հայրենիքը ո՞վ պիտի պահպանի: Թուրքը, չունեցած տեղով, հայրենիք ստեղծեց: Արյունո՛վ ստեղծեց, արյունով էլ պահպանեց: Բոլորն էլ արյունով են պահպանում, ուրիշ ձև չկա: Արյուն թափելո՞ւց ենք փախչում, անգործ նստելո՞ւց ենք փախչում, գնահատված չլինելո՞ւց ենք փախչում: Որն ուզում ես ընտրիր, միևնույն է, հայրենիքն անտեր ես թողնում, անպաշտպան ես թողնում: ՈՒ խտացնում ես այն «շքերթը», որն ամենևին էլ մեր հպարտության առարկան չէ: Ամենևին:

Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ

Լոս Անջելեսում մեր թղթակից

Լուսանկարը` հեղինակի

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ