ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
25.10.2011 | 00:00

(սկիզբը թիվ 57, 58, 63, 65, 66-ում)

Մենք բոլորս լավ ենք հիշում, որ անկախության հենց սկզբին մեր շատ համաքաղաքացիներ մեծ ոգևորությամբ ու հուսառատ ձեռնամուխ եղան ստացած ազատության իրականացմանը։ Այն մարդկանց ու նրանց զինակիցների մասին, որոնց հաջողվեց իրենց ջանքերի և մեծ հավատի գնով տպավորիչ արդյունքների հասնել վերջին քսան տարվա գործունեության տարբեր ոլորտներում, հուսով եմ, դեռ նույնքան տպավորիչ խոսքեր կներբողվեն։ Իսկ մենք մեր համեստ շարադրանքում սահմանափակվենք զուտ այն հարցերով, որոնք առնչվում են մեր քաղաքացիների տնտեսական ակտիվությանը։
Մեր համաքաղաքացիների մի մեծ բանակ, ոգևորված ձեռք բերված բաղձալի հնարավորությամբ, իր մեծ կամ փոքր բիզնեսը կազմակերպեց։ Այն ժամանակ` անկախության արշալույսին, մեր գլխին պայթած չարիքների (երկրաշարժ, պատերազմ, շրջափակում և այլն) պայմաններում անգամ թվում էր, թե համեմատաբար արագ կհաղթահարենք դժվարություններն ու կսկսենք բարեկեցիկ, եթե չասենք` հարուստ, պետություն կառուցել։ Տարիների հեռվից նույնիսկ այն ժամանակվա մեր համընդհանուր լավատեսությունը չէիր անվանի միամտություն կամ երանավետ թմբիր։ Թեև հանրահայտ է, որ նման հուզական վերելքում ժողովուրդը երկար ճանապարհ չի կտրում, բայց, այդուամենայնիվ, մեր այն հոգեվիճակում կար մի ինչ-որ լիցք, կարողություն, սլացք, որոնք մենք չկարողացանք առավելագույնս իրացնել։ Կամաց-կամաց նոսրանում է այն մարդկանց բանակը, ովքեր ձգտում էին (և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր էին անում) հաստատվել և կայանալ ստեղծարար ու ստեղծագործ դաշտում։ Առանց չափազանցության պետք է ասեմ, որ այդ շարքերն այնքան են նոսրացել, որ արդեն լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր տնտեսական անվտանգությանը (առանձին թեմա է)։ Այս առումով հիանալի դիդակտիկ նյութ կարող են ծառայել այսօրվա իրավիճակն ու դժվարությունների մակարդակը Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Իսլանդիայում։ Մենք նոսրացման շատ պատճառներ ենք ունեցել ինչպես անձնական, այնպես էլ հասարակական-պետական պատասխանատվության դաշտում։ Անձնական պատասխանատվության դաշտին (ռիսկերի ոչ բավարար պատկերացում և գնահատում, բուն զարգացման հարուցած բնական սահմանափակումներ) մենք այստեղ չենք անդրադառնա, թեկուզ և այն պատճառով, որ նման մաղումը որոշակիորեն անխուսափելի էր։
Միանգամայն այլ պատճառներ են ընկած հասարակական-պետական պատասխանատվության դաշտում (այստեղ «հասարակություն» բառն իզուր չի առաջինը նշված)։ Մենք (այդ թվում և` ինքս), հոգսերի ու դժվարությունների մեջ թաղված, չկարողացանք ժամանակին ձևակերպել որոշ հասարակական «պատվերներ» և «զարգացման գերակայություններ», որոնց իրականացումը պետք է ստանձներ մեր պետությունը։ Հավատացեք, սա շեշտադրումների շինծու փոփոխություն չէ։ Ոչ բոլորը, իհարկե, կհավատան դրան, բայց այդ իրավիճակն էլ է առայժմ լիովին բացատրելի։ Շատ երկար են մեր «ուղեղները լվացել» խորհրդային իրականության այնպիսի դոգմաներով, ինչպիսիք են` միայն պետությունն է ստեղծում, միայն պետությունն է կառուցում, միայն պետությունն է տալիս, հոգում և այլն։ Անվիճելի է, որ մեր ամեն մի լուրջ նախաձեռնության թիկունքում կանգնած են եղել միանգամայն կոնկրետ նախաձեռնող մարդիկ և մարդկանց խմբեր` անկախ այն բանից, թե տվյալ պահին ում են նրանք ավելի ներկայացնում` հասարակությա՞նը, թե՞ պետությունը։ Այսպես մենք բոլորս հասանք տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)` որպես գերակա ուղղության, հաստատմանը, «2020» ծրագրի ստեղծմանն ու իրականացմանը, արդյունաբերական զարգացման հայեցակարգի մշակմանը, գյուղմթերքների արտադրության մեջ տիրող իրավիճակի առողջացման մի ամբողջ շարք գործուն միջոցառումների նախագծմանն ու իրականացմանը, գործարարության զարգացումը կասեցնող պատճառների հետազոտման հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, թեթև արդյունաբերության վերածնման խնդիրների քննարկմանը և այլն։ Խնդիրը միայն նման «հասարակական պատվերների» կամ «պետական նախաձեռնությունների» ձևակերպման տեմպն է, որ մեր պետությունը մեզ հետ կարող է կենսագործել։
Մեր այսօրվա իրականության գլխավոր հարցերից մեկն այն գործոնների վերլուծությունն է, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս առաջ շարժվելու այն տեմպով, որը համապատասխանում է առաջադրված անհրաժեշտություններին, և, իհարկե, թույլ տվեք ասել, «հակամիջոցների» մշակումն այդ գործոնների առավելագույնս հնարավոր և առավել անցավ «զրոյացման» ուղղությամբ։ Այս առումով երկրի ներկա ղեկավարության մտահոգությունը, որը դրսևորվում է բազմաթիվ նախաձեռնություններում, միանգամայն օրախնդիր է։ Զարգացման մեզ անհրաժեշտ տեմպը կասեցնող հիմնական գործոններից մեկը, իմ խորին համոզմամբ, «աճախտերի» չափազանց երկար ձգձգված որոշ դրսևորումներն են։
Մեկ օրինակով բացատրեմ։ Մեր զարգացման «կինոժապավենի» տակ հստակորեն երևում է կադրերի մեկ այլ շերտ, որը, իրոք, անխուսափելի էր, բայց միաժամանակ այդքան ձգձգված չպետք է լիներ։ Այդ երկրորդ շերտում, թող որ բավականին աղոտ ուրվապատկերով, այնուամենայնիվ, երևում են տարբեր երկրների ու ժողովուրդների կյանքի դրվագներ` նրանց զարգացման տարբեր փուլերում։ Եթե ուշադրությամբ նայեք, կտեսնեք ուրվապատկերներ, որոնք բնորոշ են «ֆեոդալիզմի շրջանին», «լուիդորի ու դոլարի պաշտամունքի շրջանին», «խիստ լեգենդանման կենսընթացի շրջանին», որն այսօր մեզ մոտ մամուլում խորհրդանշվում է «մեր դեմ խաղ չկա» բանաձևմամբ, եվրոպական դատական «խրախճանքի շրջանին», «ոսկու տենդի շրջանին», «Ամերիկայում արևմտյան հողերի յուրացման շրջանին», «ամերիկացիների կողմից մեծ ավտոմեքենաներով համատարած հրապուրվածության շրջանին», որ նոր-նոր է սառչում և այլն։
Շատ փոքր չափամասերով, թեև կոնկրետ մարդկանց համար շատ ցավագին, այս ամենը մենք անցել ենք կամ էլ ապրում ենք այդ երևույթների մայրամուտը։ Մեր պետությունն ու հասարակությունը խիստ առաջ են անցել «աճախտերի» նշված դրսևորումներից։ Մեր ժողովուրդը, լինելով նշված «աճախտերի» տարածողը, միևնույն ժամանակ անթույլատրելիորեն ուժեղ ճնշման է ենթարկվել դրանց կողմից։ Բխելով մեզնից և բարձրանալով վեր, այդ «աճախտերը» վերածվել են ծանր ու մռայլ թանձրախիտ ամպերի, և, կամաց-կամաց, օգտվելով մեր անգործությունից ու դանդաղկոտությունից, իջել են ուղիղ մեր սնարին։ Ես չէ, որ պիտի ասեմ, թե որքան սնապարծ և անհանդուրժող ենք դարձել մենք։ Ես չէ, որ պիտի ասեմ, թե որքան անզիջում և հանդուգն ենք դարձել մենք անգամ մեր փողոցներում։ Ես չէ, որ պիտի ասեմ, թե որքան դժվար է դարձել բացատրել մեր իսկ երեխաներին, որ պաշտոնի ու «ջիփի» առկայությունը դեռ ամենաթողության և անպատժելիության երաշխիք չէ։ Առանց տարբերություն դնելու հաջողակի, տաղանդավորի, համառի և անհաջողակի, անտաղանդի ու ոչ այնքան համառի միջև, կարելի է վստահորեն ասել, որ մեր ժողովուրդն այդ տարիներին արժանավայել ու համառ է աշխատել։ Մեզնից շատերը, ապավինելով սոսկ իրենց ուժերին ու միջոցներին, հաճախ միայնակ են փորձել հաղթահարել գրեթե ամեն քայլափոխի հանդիպող դժվարությունները, որովհետև քաջ հասկանում էին, որ առանձնապես օգնության հույս չունեն ոչ մի կողմից։ Բոլորի համար էր դժվար` թե՛ անհատների, թե՛ պետության, թե՛ հասարակության։ Մեզնից շատերն աշխատում էին, որ մեր սերունդների համար պահեն-պահպանեն ամենայն արժեքավորը (եթե հաջողվեր, նաև զարգացնեն)։ Աշխատում էինք, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ինքն իր համար գծանշել էր ժողովրդի, երկրի ու սերունդների առջև իր պատասխանատվության սահմանը։
Այսօր` նոր քսանամյակի և մեր զարգացման նոր փուլի շեմին, ինչպես էլ մեզնից յուրաքանչյուրն անվանի այն, մենք կարելվույն չափ պարտավոր ենք, բացի մեր ուղղակի պարտավորություններից, լծվելու նաև հիշատակված ամպերի ցրման գործին։ Ինչպե՞ս` կհարցնեք։ Տարբեր կերպ։ Ասենք, ինչպես իմաստուն ասացվածքն է հուշում, «հարցնողն է ամոքում»։ Հարգանքի են արժանի բոլոր այն պետական այրերը, հասարակական, քաղաքական գործիչները, լրագրողներն ու գործարարները, ովքեր այսօր իրենց ուշադրության դաշտում են պահում և՛ ուրիշի ցավը, և՛ ուրիշի հոգսը։ Չափազանցություն թող չհամարվի, բայց դա դեռ քիչ է։ Մի հին ճշմարտություն կա. «Եթե մարդուն ձուկ ես տալիս, նրան կերակրում ես մեկ օր, եթե նրան սովորեցնում ես ձուկ որսալ, ապա կերակրում ես ամբողջ կյանքում»։ Աշխատավոր մարդու համար գլխավոր օգնությունը կլինի իրապես գործող հղկված մեխանիզմի և համապատասխան պայմանների ստեղծումը, որ նա կարողանա սեփական քրտինքով ապահովել իր ընտանիքի, ուրեմն և իր ժողովրդի ու իր պետության բարեկեցությունը։ Սա այնքան էլ դժվար բան չէ, և մենք լիովին ի վիճակի ենք դա ապահովելու։ Որպեսզի առավելագույնս իրացնենք մեր «նոր նկարագիրը» մեզ տրված ժամանակաընթացքում, պետք է մարդու գործունեության ցանկացած տեսակի համար հաջողության և բարեկեցության հարմարավետ ու լուսավոր ուղի հարթենք։ Այդ հռոմեական ջրանցույցները պետք կգան ոչ միայն մեր սերնդին։ Շատ ցանկալի կլիներ, որ մենք ինքներս անեինք դա։
Ահա, ուրեմն, այդ հարթված ուղիով մենք կարճ ժամանակամիջոցում կկարողանայինք «աճեցնել» կայացման և բարեկեցության որոշակի մակարդակի հասած աշխատավորների ու արարողների այնպիսի «կրիտիկական զանգված», որը
-տեսանելի կլինի բոլորին ինչպես պետության ներսում, այնպես էլ դրսում (այստեղից բխող բոլոր հետևանքներով),
-կդառնա գործուն և համոզիչ այլընտրանք, ասենք, կոռուպցիային ու զեղծարարությանը,
-կդառնա մեզանում, այսպես կոչված, «միջին դասի» (կայունության և զարգացման լրջագույն գործոններից մեկի) ձևավորման հիմնական բազան,
-լավ օրինակ և շարժառիթ կդառնա այն բանի համար, որ ողջ հայությունը (և ոչ միայն) զանգվածաբար ցանկանար մեզ հետ մեկտեղ «անցնել» այդ հարմարավետ ճանապարհով` ի բարօրություն իր և մեր պետության։
Աշխարհի երկրների ու ժողովուրդների զարգացման պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նման խնդիրները լուծվել են ոչ պակաս ծանր պայմաններում։ Չնվազեցնելով խնդրի բարդությունը` մեզ մնում է միայն բարեխղճորեն «տեղայնացնել» միջազգային փորձը։ Եվ դա անել, հաշվի առնելով սեփական միջավայրը (կեռմանի մասին մենք արդեն ասել ենք) մեր վերադարձի, գիտելիքների, փորձի կուտակված «պաշարի» ու ավանդույթների և, վերջապես, հայության հավաքական շնորհի յուրահատկությունը։ Բացի ճանապարհներ սալարկելուց, մենք բոլորս` «աշխատավոր մեղուներից» մինչև լրագրողներ, մտավորականներից մինչև պետական այրեր, հարկադրված կլինենք զբաղվելու մի ոչ այնքան հաճելի գործով։
Երբ ծովն ուժեղ ալեկոծվում ու փոթորկվում է, ափ է նետում ոչ միայն հրաշալի խեցիներ, պոկված մարջաններ կամ սաթ, այլև ամեն տեսակի կեղտ ու անպետքություն (որ մենք ենք մի ժամանակ ծովը նետել)։ Իսկ հետո, երբ տարերքը հանդարտվում է, հերթական մակընթացությամբ նորից սրբում, հետ է տանում փոթորկի հետքերը։ Այսպես էլ մեր «աճախտերը». դրանք չէին կարող հայտնվել անհայտությունից և չեն էլ կարող մաքրվել առանց մեզ։ Այն ամենից զատ, ինչով մենք հպարտանում ենք, մենք ամենատարբեր բնագավառներում բուծել ենք բազում-բազմաթիվ «բոռեր»։ Ահա, ներքևից վերև` ջրի մարդ, գազի մարդ, լույսի մարդ, թոշակի մարդ, կադաստրի մարդ, ճանապարհային ոստիկան, դատախազություն, դատավոր և այսպես շարունակ։ Երկիրը փոխվում է, խաղի կանոնները փոխվում են, իսկ նրանք ո՛չ։ Նրանք միացնում կամ անջատում են, տալիս են կամ չեն տալիս, քննում են կամ քննելու տնազ են սարքում։ Ինչպես գլադիատորական մենամարտերի կամ ցլամարտի ժամանակ` կամ բութդ վերև ես տնկում, կա՛մ ներքև` թող ապրի կամ մեռնի։ Գլադիատորական մարտերից մարդկությանը բաժանում է 1500 տարի, իսկ ցլամարտի մայրամուտը հիմա մեր աչքի առջև է տեղի ունենում, քանի որ մարդու գիտակցությունն ամենադժվար փոփոխվող մատերիան կամ սուբստանցն է։
Մարդկանց մի տեսակ կա, որի մեջ հաղթանակի (ընդ որում` ամեն գնով) գայթակղությունը, փաստորեն, անհաղթահարելի է, ինչը լավագույնս ցույց է տալիս ցլամարտի բուն էությունը։ Մարդը, զինված սրերով կամ նիզակներով, ինչպես նաև ցլին, այսպես ասած, «զոռով» իր դաշտը բերելու հնարավորությամբ, ջանում է ամեն գնով հագուրդ տալ իր ամբարտավանությանն ու անասնական բնազդներին։ Իսկ եթե փորձենք պատկերացնել հակառա՞կ մի տեսարան. որքա՜ն խղճուկ տեսք կունենար գութանին լծված այդ «բոռերից» որևէ մեկը։
Բարոյազուրկ այս «բոռերը», ահա, իրենց անպատժելիությունից թևեր առած, անամոթաբար օգտվել են մեր դժվարություններից ու հոգսերից։ Եթե ինքը բնությունն է ստեղծել այնպիսի էակների, որոնց առանձին տեսակներն իրենց սերունդները մեծացնում են ի հաշիվ ուրիշների, ապա չարժե բանավիճել` պե՞տք են, արդյոք, դրանք, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, ինքը` բնությունը, համաձայն էվոլյուցիայի օրինաչափության, կարգավորում է կենդանի էակների ցանկացած տեսակի քանակը։
Այսպես էլ մենք` հայ ազգը, լիիրավ ենք կարգավորելու «բոռերի» քանակը։ Թեև նրանց քանակը մեծ չէ, որքան նրանց ազդեցությունը մեր «ներկա օրվա» ու «վաղվա» վրա, այդ խնդիրը հեշտ չէ լուծել մի շարք պատճառներով։ Նախ, նրանք ամենուր են` մեր մերձավորների շրջանում և կոլեկտիվներում, մեր գյուղում ու քաղաքներում, պաշտոնյաների ու հասարակական գործիչների շրջանում։ Մենք, ճնշող մեծամասնությամբ, նույն հավատն ունենք, նույն ու գրեթե անփոփոխ արժեքները, մեկ ընտանիք, մեկ նպատակ կյանքում (որ պետք է հնարավորինս պարկեշտ ապրել), նույն կարգի ընկերներ ու զինակիցներ։ Բայց մեր կողքին, ինչպես ասացինք, «բոռեր» ևս կան, ովքեր հնարավոր են համարում ապրել «այստեղ, այլուր և ամենուր»։
Երկրորդ, նրանք` այդ «բոռերը», մեծ մասամբ օգտվում են «ճշտի» ու «կեղծ ճշտի» կամ «ստի» մի խառնուրդից։ Մենք բոլորս լավ ենք հասկանում, որ թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը փողն ու կապերը նպատակին հասնելու շատ հզոր միջոցներ են, բայց նրանք` այդ «բոռերը», շատ ավելի հեռուն են գնում։ Նրանք ավելի քան համոզված են, որ այս աշխարհում ամեն ինչ որոշում են փողն ու կապերը, ու դեռ իրենց թույլ են տալիս զանգվածային քարոզ կարդալ այդ թեմայով։ Ակամա միտքդ է գալիս վերջերս հրապարակված մի միտք Սիլվիո Բեռլուսկոնիի խոսակցությունից. «Միառժամանակ հետո ես կլքեմ էս անպետք երկիրը»։ Այդպես էլ «մերոնցից» ոմանք, օգտագործելով մեր դժբախտությունները, արդեն լքել են մեզ (կամ անվտանգության բարձ են ստեղծել մեր երկրից դուրս)։
(շարունակելի)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ