ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
03.02.2012 | 00:00

Գնահատման և թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսել է միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների 2011-2012 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2012 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ: 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Ինչպես «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ, առաջին փուլի միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրումը կավարտվի մարտի 15-ին, ինչից հետո կսկսվի տվյալների բազավորման և ճշգրտման փուլը: «Ճշգրտման ժամանակ շրջանավարտն իրավունք ունի հրաժարվելու քննությունից, փոփոխելու այն, նոր դիմում-հայտ գրելու: Փոփոխությունները կարող են կատարել մինչև ապրիլի 10-ը»,- նշեց Կարո Նասիբյանը` տեղեկացնելով, որ այս տարի փոփոխություններ են մտցվել շրջանավարտի դիմում-հայտում. հայտը լրացնելիս շրջանավարտը միասնական քննությունների հետ մեկտեղ պետք է նշի նաև կենտրոնացված` բանավոր քննությունները և մուծում կատարի նաև բանավոր քննության համար, ինչը նախորդ տարիներին արվում էր բուհում՝ գործերը հանձնելիս:
Եվս մեկ փոփոխություն. կառավարության հաստատած քննությունների ցանկում օտար լեզուների թվում ավելացել է նաև ռուսերենը: Եթե նախկինում շրջանավարտը որպես օտար լեզու հանձնում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն, ապա այս տարվանից կարող է հանձնել նաև ռուսերեն։
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին։ Առաջին փուլը կավարտվի հունիսին, իսկ քննությունների լրացուցիչ փուլը կընթանա հուլիսի 2-8-ին։
Կարո Նասիբյանը տեղեկացրեց նաև, որ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է, որ բանավոր և ներբուհական քննությունները տեղի կունենան ավելի վաղ` հունիսի 25-ից հուլիսի 8-ը։ Այսինքն, միասնական և բանավոր քննությունները համընկնելու են։ Գնահատման և թեստավորման կենտրոնում վստահեցրին, որ այս փոփոխությունը դժվարություններ չի հարուցի. քննությունների ժամանակացույցն այնպես կկազմվի, որ դիմորդը նույն օրը երկու քննություն չհանձնի։ Ժամկետների փոփոխության պատճառը զորակոչին չխանգարելն է։ Այսինքն՝ այս տարի ավելի վաղ` հուլիսի 15-ին դիմորդները կտեղեկանան՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ։
Նշենք, որ այս օրերին գնահատման և թեստավորման կենտրոնում դպրոցների տնօրենները ծանոթանում են միասնական ու կենտրոնացված քննությունների դիմում-հայտին, լրացման մանրամասներին և տեղի ունեցած փոփոխություններին:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ