Երկար սպասված` «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2011-ի մարտի մեկից: Այդուհետ վաճառվելու են միայն արտոնագրված սկավառակներ: Հայտնաբերված անօրինական ապրանքը ոչնչացվելու է, հարուցվելու է քրեական կամ վարչական գործ ` կախված խախտումի չափից: Երկար տարիներ այդ դաշտն անուշադրության էր մատնված, հեղինակների դժգոհությունները, իրավապահ մարմինների` ապօրինությունները կանխելու թույլ փորձերն ապարդյուն էին անցնում` հասկանալի պատճառներով: Գոյություն չունեին պատժի իրավական մեխանիզմներ: Հաշված օրեր են մնացել, մարտի մեկը հեռու չէ: Բայց մինչ այդ գործարարներն ունեին բավական ժամանակ` ապօրինի ապրանքները «մաքրելու» և գործունեությունն արդեն օրինական դաշտում շարունակելու համար: Ո՞րն է ավելի հեշտ` գերշահույթներից հրաժարվելը` անցում կատարելով օրինական դաշտ, թե՞ օրենքը շրջանցելու տարբերակներ մտմտալը: Եթե մինչ օրս հեղինակներն էին դժգոհում, ապա հիմա գործարարների «լաց լինելու» ժամանակն է: Արդարացի մրցակցային պայմաններ, ըստ նրանց, ձեռնտու չեն ո՛չ իրենց, ո՛չ հեղինակներին, ոչ էլ, առավել ևս, սպառողներին: Սկավառակի առքուվաճառքով զբաղվող գործարարներն անհանգստանում են, որ իրենց բիզնեսը կփակվի, սկավառակների գները կտրուկ կբարձրանան: Նոր օրենքի կողմնակիցները վստահեցնում են, որ ոչինչ չի փոխվում մեխանիզմներում, որևէ սահմանափակում չի նախատեսվում, իրավական տեսակետից նոր օրենքը բացարձակ չի նպաստում թանկանալուն, ուղղակի սկավառակներ արտադրող և ներմուծող անձինք պարտավոր են պայմանագիր ունենալ հեղինակի հետ, աշխատել օրենքով: Այլ կերպ ասած` կանխվում է քրեականացված, ապօրինի բիզնեսը: Աղմուկն ու տագնապը փոքր-ինչ անհասկանալի են, խոսակցությունները` իրարամերժ: Օրինակ, չար լեզուներն ասում են, որ մեր որոշ երգիչ-երգչուհիներ համագործակցում են հեների հետ: Որոշ հեղինակներ կարծես այնքան էլ ուրախ չեն բարեփոխման համար, ոմանք էլ պարզապես չեն հավատում:
Տեխնիկական կողմի մասին: Ասում են, որ կեղծ արտադրանքը մեկ անգամ հատակին ընկնելուց, մատնահետքից կամ ջրից կարող է վնասվել: Կա նաև կարծիք, որ օրիգինալ սկավառակները մեր տեխնիկան «չի կարդում»: Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈ) համոզված է, որ չի կարող նման բան լինել, օրիգինալն ավելի որակյալ է, դիապազոնն` ավելի մեծ: Անհիմն է համարում նաև սպասվող թանկացումների մասին խոսակցությունները: «Չեմ կարծում, թե գները կբարձրանան դրոշմապիտակների կիրառման պատճառով,- ասում է նա:- Սա լուրջ խնդիր է: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ իմ ձայնասկավառակները վաճառվում են, ինչո՞ւ պետք է ես դրանցից ոչինչ չունենամ»: Ինչ վերաբերում է գնային տարբերությանը. «Կեղծ սկավառակներն իրավունք չունեն վաճառելու, էլ ի՞նչ թանկ ու էժանի մասին է խոսքը: Նման բաներ այն երկրներում են լինում, ուր օրենքի գերակայություն չկա»: Արսեն Գրիգորյանի ձայնասկավառակը թողարկվել է երկու տարբերակով` մեկը բավական մատչելի, մյուսը ավելի ծախսատար` փաթեթավորման և այլ դետալների պատճառով: «Իմ ձայնասկավառակը ոչ միայն նյութական, այլև բարոյական արժեք ունի ինձ համար: Ավելի լավ է բնօրինակը վաճառվի, կարևոր չէ մեկը, թե երկուսը. և՛ ես եմ եկամուտ ունենում, և՛ հրատարակող ընկերությունը, և՛ հարկ կվճարվի պետությանը, ինչպես բոլոր երկրներում է: Իսկ նոր օրենքում թերացումներ կան, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ես կողմ եմ, որ օրենքը լինի իշխող»,- ասում է նա:
«Empiray» խմբի գեղարվեստական ղեկավար ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ կարծիքով` այս փոփոխությունը մեծ ցնցում կառաջացնի շուկայում: «Մինչ դրան հասնելը շատ բաներ կան, որ պետք է կարգավորվեն այդ դաշտում: Մասնագետներն ավելի ճիշտ գնահատական կտան: Պետք է նուրբ մոտենալ այս հարցին»,- ասում է նա: Ճի՞շտ է, որ սպառողները նախընտրում են կեղծ սկավառակը օրիգինալից, քանի որ վերջինս անհամեմատ թանկ է: Սարգիս Մանուկյանի խոսքով` երաժշտություն կա, որի օրիգինալը ոչ թանկ է, ոչ էժան, կարևորը սկավառակի վրայի նյութն է: Ինչո՞ւ պետք է թանկացումներ լինեն նոր օրենքի արդյունքում` չգիտի: Որպես երաժիշտ կարող է ասել հետևյալը. «Ոչ ոք իրավունք չունի ուրիշի տանջանքը կեղծելու և փող աշխատելու: Բայց թե ինչպես պետք է սկավառակների առքուվաճառքը բերվի օրինական դաշտ, չեմ պատկերացնում»: Կեղծարարները անմասն չեն թողել նաև ռոք երգչին, սակայն նա նշում է, որ հիմնականում կեղծում են այն, ինչը շատ է վաճառվում, ասենք` ռաբիսը: «Empiray»-ին կեղծելը այդքան էլ շահութաբեր չէ: «Empiray» լսող անձն էլ չի գնա անիմաստ բուկլետով դիսկ գնի: Ես երբեք կրկնօրինակը չեմ գնել, հասկացողները տարբերում են, մեր «պիրատները» այդքան էլ զարգացած չեն»,- ասում է նա:
Զավեշտալի այս իրականությունը հետաքրքիր է մեկնաբանում երգահան ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ։ Նա նշում է, որ ինքը չի փորձել կանխել իր ձայնասկավառակների կեղծումը, քանի որ մեզանում դա ասոցացվում է վատ քայլ կատարելու, ուրիշի հացը կտրելու հետ: Հավատո՞ւմ է, որ այս ոլորտում անօրինականությունը կհասցվի նվազագույնին, հեղինակներն իրենց պաշտպանված կզգան, մեր քաղաքացիներն էլ չեն զրկվի երգ, երաժշտություն, ֆիլմեր նայելու համեմատաբար մատչելի հաճույքից:
«Միշտ օրենքը շրջանցելու մի ձև գտնում են, գուցե հիմա էլ, օրենքը վերահսկելու փոխարեն, համագործակցեն «պիրատների» հետ,- իր մտավախությունն է հայտնում Մարտին Ահարոնյանը:- Չէ՞ որ պատահել է, խախտումներ են արձանագրել, կաշառքով ծածկել են գործը»: Իսկ խոսակցություններն այն մասին, որ սկավառակները չեն վաճառվի, քանի որ օրիգինալներն անհամեմատ թանկ են, համապատասխանո՞ւմ են իրականությանը: «Ինչո՞ւ պետք է SD-ն, ասենք, արժենա 500 դրամ:
Կեղծված սկավառակներն էժան են այն պատճառով, որ աշխատանք չի տարվում, ծախս չի արվում, ձայնագրում են ու ինչքան էլ էժան վաճառեն, իրենց ձեռնտու է»: Այնուամենայնիվ, երգահանը համոզված է` շուկան կմաքրվի, եթե ցանկություն լինի, սահմանվի օրենքի խիստ հսկողություն:
Առայժմ շուկայում գերակայում է հենային արտադրանքը: Սև շուկայի հնարավոր վախճանի մասին խոսակցությունները` թերահավատ ժպիտներ են առաջացնում: Ակնհայտ է, որ հեներն ավելի վերևներում ունեն հովանավորներ:
Ամեն դեպքում, սկավառակի առքուվաճառքով զբաղվող գործարարներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք. տնտեսագիտության մեջ չկա «գողացված ապրանք» հասկացություն: Դրա գոյության իրավունքը շուկայում չի չափվում էժանի կամ թանկի ցուցանիշներով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ