ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՅԴ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ

ԱՅԴ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ
07.10.2011 | 00:00

Վաղը թարգմանչաց տոնն է:
Միասնական հոգուց հեռացած, նյութին տրված, զզվելիորեն քաղաքականացված էս օրերում նույնիսկ «անհարմար» ես զգում էդ մասին գրել, որովհետև նուրբ ու ներքին թեմա է, վախենում ես` չփչանա:
Բայց, դե, մեզ դեպ մեզ վերադարձնող օր է: ՈՒ որքան էլ թարգմանիչների փաղանգն էսօր «արդիական» չէ, այնուհանդերձ, Օշականն ու Մաշտոց վարդապետի գերեզմանն էս կիրակի մի ուրիշ քնքշության մեջ կհայտնվեն, որովհետև «աշխարհի իշխանությունը խավար համարած» (շարակնոցն է ասում) թարգմանչաց ավանդույթն այսօր էլ է փոխում մեր կյանքը: ՈՒ մի բան էլ ավելի, որովհետև Մաշտոցի ու Կորյունի օրերում մարդն էսքան նյութեղեն չէր, Քրիստոսն էլ նոր էր հեռացել ու հողը պահում էր նրա ոտնահետքերը` էսպես չծանրանալու համար:
Եվ ուրեմն. ուզում եմ այսօր իմ խոնարհումն ու սերը հայտնել մերօրյա բոլոր թարգմանիչներին, ուզում եմ իրենց շնորհակալ լինել: Հատկապես Սամվել Մկրտչյանին: ՈՒ ասել. մեռնող մեր կյանքի, կորսվող հոգիների, վերացվող գրի էս օրերում Աստված մի թարգմանչաչափ ողորմություն է արել մեզ:
ՈՒ թե լրիվ անկեղծ լինեմ, պիտի ասեմ` վերջին տարիների իմ կյանքի ամենալուսավոր պահերը եղել են «Արտասահմանյան գրականություն» ամսագիր, Ջոյս, Կոելյո, Լոուրենս կարդալիս:
Ամեն օր զարմանում եմ, թե ինչ ներքին ուժ, համբերություն, գրի նկատմամբ մղում էր պետք` հաղթահարելու Ջոյսն ու «ՈՒլիսեսը»: Մի կյանքը հերիք չէր: Թվում է, թե թարգմանությունն ինչ է` եղածի «վերծանում»: Էդպե՜ս չէ. թարգմանությունն ավելի դժվար ու տառապալից գիր է, քան ինքը` գիրը. որովհետև երկու հոգի, երկու գիր պետք է մեկտեղվեն. չկարողացան ներդաշնվել, կծանրացնեն, կփչացնեն գիրն էլ, հոգին էլ, «ամենն» էլ. հակառակի դեպքում կբազմապատկվեն` իրենց թեթև պտույտի մեջ առնելով միասնական հոգին` դեպ ազատություն:
Էս թարգմանիչն է Սամվելը. էն, որ ինքը կարող էր Ֆոլկներին էնպիսի թեթևություն տալ, որ կարդալիս գնաս ոչ թե մտքի, այլ ռիթմի ու հոգու հետևից, գիտեինք ու տեսել էինք նաև Շեքսպիրի ու Էլիոթի թարգմանություններում, Սամվելը ենթագիտակցության, որսումի թարգմանիչ է, գեղարվեստի ու չափի սուր տեղայնությամբ: Չարժե ասել, որ նա նաև բարդ գրականության որոնող է, և որ իր ռիսկը հերիքել է առաջին անգամ գործեր հնչեցնելու հայերեն, որոնց երբեք ու ոչ մեկը մոտ չէր գա:
«ՈՒլիսեսի» մասին է նաև խոսքը, որովհետև դա ուրույն մի Աստվածաշունչ է, եթե չասենք` Աստվածաշնչի բացվածք, ուր չափումները պետք է անչափ ու միևնույն ժամանակ խիստ չափավոր լինեն. ճանաչողությունը` համընդհանուր, իսկ «ամենի» շերտավոր զգացողությունը` մի հազար կյանքում ձեռք բերած:
Սամվելի մոտ Ջոյսն այնքան խաղացկուն, այնքան Ջոյս է, որ մեղք չգործեմ, բայց կարող է տեղ-տեղ Ջոյսի վզին «հազալ». ապշում ես. ո՜նց է կարողացել:
Ասե՞մ` ոնց. ինքն էլ է «ՈՒլիսես» գրել: Ի՛ր «ՈՒլիսեսը». ստացել է այն հրճվանքը, որ ապրել է խելագար Ջոյսը, ու մի էդքան էլ ինքն է խելագարվել:
ՈՒ արդյունքում ունեցել ենք… թարգմանություն:
Որը, ի դեպ, էնքան էլ Սամվելի շնորհքը չէ, այլ այն փաղանգի, որն ստեղծել է այդ դպրոցը, որն այսօր թևածում է Օշականում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ