ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԾԽԱԽՈՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԱՄՆԱՑ, ՎԱՅՐԵՆԻ»

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԾԽԱԽՈՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԵՏԱՄՆԱՑ, ՎԱՅՐԵՆԻ»
08.11.2011 | 00:00

ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու առողջությունը, կյանքի տևողությունը պայմանավորված են մի շարք գործոններով։ Մարդու ապրելակերպը պայմանավորող գործոնների ազդեցությունն առողջության վրա ամենամեծն է` 49-53 տոկոս: Այդ գործոններից ամենավտանգավորներն են ծխելը, ոչ ռացիոնալ սնունդը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Այս գործոնները դառնում են մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, կրճատում են կյանքի տևողությունը և այլն:
Մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական խնդիրներին ու դրանց հետևանքներին:
Մասնագետները նշում են, որ ծխախոտն ու դրա ծուխը պարունակում են շուրջ 3000 քիմիական միացություն, որոնցից 60-ը քաղցկեղածին են, հեշտորեն վնասում են բջջանյութը` դրանով իսկ առաջացնելով քաղցկեղային ուռուցքի աճ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է շուրջ 1,1 միլիարդի։ Ծխախոտ օգտագործելը կարող է դառնալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ, որոնց կեսից ավելին կարող են լինել երեխաներն ու դեռահասները։ Ծխելու հետևանքով յուրաքանչյուր 10 վայրկյանում մահանում է մեկ մարդ, ծխախոտն արդեն սպանում է յուրաքանչյուր տասներորդին աշխարհում։ 2030 թվականին վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհ, և ծխախոտը կլինի մահացության ամենատարածված պատճառը` խլելով տարեկան շուրջ 10 միլիոն կյանք։
Նշենք, որ չծխողների համեմատ ծխողները 13 անգամ ավելի են հիվանդանում սրտի իշեմիկ հիվանդությամբ, 12 անգամ` սրտամկանի ինֆարկտով, 10 անգամ` ստամոքսի խոցով։ Թոքերի քաղցկեղով հիվանդների 96-98 տոկոսը ծխողներ են։ Ծխողների 80 տոկոսն ապրում է եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներում, որտեղ առավել խոցելի խմբերն են երեխաներն ու երիտասարդները:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ չի ծխում։ Ըստ նրա` ծխելը խիստ եսասիրական գործողություն է. այն վնասում է ոչ միայն ծխախոտ օգտագործողին, այլև շրջապատին։ «Ծխելը խոսում է մարդու թուլության, կախվածության մասին։ Այն հակամարդկային է իր ամբողջ էությամբ, և չարաչար սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են՝ ծխելով իբր թե ցույց են տալիս, թե իրենք առաջադեմ են, ժամանակակից և իրավունք ունեն խելոք, խոհեմ մարդկանց համահավասար հանդես գալու։ Համահավասար լինելու միակ ճանապարհը մարդու անձնական կարողություններն են, նրա ուղեղի աշխատանքը, բնավորության գծերը, կամքը և խիղճը։ Ծխախոտը ոչ մի դեպքում ոչ մեկին չի գեղեցկացնում։ Ես կոչ եմ անում` ովքեր ծխում են, թողնեն այդ վնասակար սովորությունը, իսկ ովքեր չեն ծխում, երբեք ձեռքը չվերցնեն գլանակը։ Որքան էլ գրավիչ թվա առաջին պահը, դրան հետևում են անքուն գիշերներ, խեղդող հազ, հիվանդություններ։ Սուտ են այն խոսքերը, թե այս մարդն ամբողջ կյանքում ծխել է և ապրել հարյուր տարի։ Համոզված եղեք` եթե չծխեր, 130 տարի կապրեր»,- նշում է ԵՊՀ ռեկտորը։
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նշում է, թե փորձը ցույց է տվել, որ ծխող մարդկանց հետ աշխատելն անիմաստ է։ ՈՒսումնասիրությունները պարզել են, որ ուղեղի մակարդակով ծխախոտի և մարդու միջև գոյություն ունեցող կապը նույնն է, ինչ թմրամոլության դեպքում հերոինային կապը։ Այսինքն, ծխող մարդն ի սկզբանե համաձայն է, որ ինքը դանդաղ ինքնասպանության է գնում։ Հետևաբար, ծխախոտի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումը պետք է սկսել վաղ տարիքից, որպեսզի ձևավորվի որոշակի վերաբերմունք։ Նույն ծխող մարդիկ իրենք կարող են դասախոսություն կարդալ, թե ինչու չի կարելի ծխել։ Խնդիրը ոչ թե գիտակցության, այլ հոգեբանական տեսակետից անգիտակցության մեջ է։ Կախվածությունը ծխախոտից այնքան ուժեղ է, որ մենք չգիտակցված ձևով ամեն անգամ որոշում ենք, որ վերջին գլանակն ենք վերցնում, բայց նորից շարունակում ենք այդ վնասակար սովորությունը։ «Այդ տեսանկյունից անհրաժեշտ է վաղ տարիքից երեխաների մեջ ձևավորել կայացած մարդու կերպար։ Երեխաները պետք է հասկանան, որ ծխելը հետամնացություն է։ 21-րդ դարում ծխախոտ օգտագործող մարդը համարվում է հետամնաց, վայրենի, որը չի հարգում իրեն և շրջապատը»,- ասում է հոգեբանը։
Նշենք, որ Հայաստանում տղամարդկանց մոտ 70 տոկոսը ծխում է, իսկ ծխող կանանց թիվն աճում է տարեցտարի։ Մեր հանրապետությունում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 3000 մարդ։ Ծխախոտի օգտագործման ցուցանիշով Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը գրավում է երկրորդ տեղը։
Նկատենք` թեև ծխելը կախվածություն է և թմրամոլության տեսակ, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց հաջողվել է թողնել այն։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ