ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՍԻՐՏ, ՎԱՐԴԱՇՈՂ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (կակաչների մենամարտը)

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՍԻՐՏ, ՎԱՐԴԱՇՈՂ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ   (կակաչների մենամարտը)
09.12.2011 | 00:00

«Ի դեպ, որտե՞ղ պետք է հայը գնահատանքի արժանանա իր հայրենակիցների կողմից, եթե դարեր շարունակ չի եղել պետականություն: ՈՒրեմն` միայն այս բաժակաճառերում: Հայաստանում եթե արդար հասարակություն ձևավորվի, բաժակաճառերը կանհետանան, ինչպես ատավիզմ»:
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
«Հայկական ճաշկերույթ. մի կյանքի փորձ և մի քանի եզրահանգում»

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՍՐՏԵՐ
(անբարեհույս-վատատեսի հազը)

Չէ՛, երկիրը գնալով «շողուլից» սայթաքում է: Դեկտեմբերի 1-ին հրապարակում տոնածառ տնկեցին: Ասացին, որ սրանով վերջնականապես եվրակրթվում ենք: Հետո սպառնացին, որ մինչև Ամանոր կազմակերպվելու են մի քանի մոխրագույն շաբաթներ: Եվրոպայում և Ամերիկայում, ինչպես գիտեք, «սև ուրբաթ» է լինում: Եվրաբոմժերն ու մեծահարուստները գրոհով վերցնում են առաջին պատահած մարկետը, այսինքն` վաճառատունը: Ինչպես ֆրանսիացիները` Բաստիլը: Կամ ռուսները` Ձմեռային պալատը: Կամ հայ ազգային օլիգոպոլիկները` Երևանի կենտրոնը: Արժե: Հաստատ: (Զեղչերը անուշ-քնքուշ են, ինչպես զոքանչի մրափոցը)։ Կամ` ինչպես կարմիր լույսի տակ սեփական-պետական սանձերը քաշած նախարարը: Բայց ինչն է ուշագրավ, որ ողջ հայությունը (ներառյալ Արցախը, Տաշիրն ու ԳՈՒՄ-ի շրջակայքը) փայլուն գիտակցում է, որ հայոց ազատական շուկայի զեղչերը ջեբկիրական վիրտուոզ հնարք են: Այսինքն` վաճառական կոչված արդի հայ բազազը, դիցուք, արտաքին շուկայում ձեռք է բերում կոկորդիլոսի կաշվից ժամկետանց պայուսակ և կոշիկ 5 դոլար նոմինալ արժեքով: Մեկ տարի շարունակ բազազները դրանք իրացնում են 200 դոլարով։ Իրացնում են, զի գնորդը կա: Օրինակ, մարզային միջին մարզպետամերձ խավը, որի համար էլիտար խանութ մտնել-դուրս գալը, ասենք, Հյուսիսային պողոտայում, միահավասար է երիտասարդ գիտնականի` նոր աստղ հայտնագործելուն:
(Ի դեպ, «Լճիցլիճ»-ում դոդոշները հրապարակի տոնածառի մանրակերտն են ցցել և զեղչերի դոդոշանվագ-մեկամսյակ հայտարարել: Զորօրինակ, միջազգային դոդոշային համերաշխություն (ՄԴՀ) կազմակերպության կողմից որպես տեխնիկական օգնություն «ԼԼ» ուղարկված գերապխտված երշիկը, գերդաբաղված շոկոլադն ու գերախտահարված օղին նախնական փորձաքննություն են անցնել ու նոր միայն ճանապարհվել Հայաստան ու Արցախ: Զորօրինակ, երշիկը ոչ մի կերպ չմարսեցին Սոմալիի սովյալները, շոկոլադը վրդովմունքով մերժեցին Չիլի պետության ազգային հարստություն հանդիսացող մեծագլուխ չղջիկները, իսկ օղու առաջին ումպից հետո գենետիկ հարբեցողությանն իսպառ վերջ տվեցին Կոմի Հանրապետության «Ալկաշային տարեգրքի» առաջին տասնյակն զբաղեցնող Վասյան, Մարուսյան և այլք):
Լավ, ասենք, տոնածառը շողշողաց, հրապարակի ժամացույցն էլ գրանցվեց նպաստառուների ցուցակում, բայց տիարք և տիկնայք իշխանապետեր և պետուհիներ Եվրոպայում և այլուր, ուր գոնե մի աննշան հարգանք կա սեփական հանրության հանդեպ, նախ աղբն են դուրս բերում, հետո միայն բոլորվում տոնական սեղանի շուրջը:

Ի դեպ, «լճիցլիճյան» մի մեծ, տոնական աղաչագիր արգո իշխանապետերին և հարգարժան իշխանապետուհիներին. Ամանորի ապաքաղաքական և եռաշեն խոհանոցային բարեկեցության օրերին ժամանակ գտեք և ընթերցեք Դերենիկ Դեմիրճյանի անմահ «Քաջ Նազարն» ու փորձեք զուգահեռներ քաշել մայրաքաղաքն ու երկիրն առհասարակ զարդարող տոնածառերի և Դեմիրճյանի տուն-թանգարանի շեմը պճնող անմար փարոս-աղբամանների միջև: Չեք փոշմանի, հավատացնում եմ:

Ի դեպ, չփոշմանելու ևս մի նախագիծ: Անկախության մեր բեմին առանձին շուք տված Թոխատյան Հրանտը (միայն հիշենք նրա դերերը «Խաթաբալադայում» և «Մեա կուլպայում») ռեստորանային երգիչներին քարշ է տվել «Արմենիա» հեռուստաաղետի գոլ ճահիճներ և արտիստական իր ողջ հմայքը ներդնում է նրանց խառնակ երգարվեստի փառաբանմանը: Կարծես հանրապետությունում մինչ այդ դայլայլի ու մղկուտի պակաս կար: Դեպքերի բնականոն զարգացման պարագայում տիար Հրանտը (կամ մեկ այլը) հեռուստաեթերում կներգրավեն, ասենք, նույն ռեստորանների աման-չաման լվացողներին և կառաջարկեն մրցել հետևյալ անվանակարգերում.
ա) ինչ ես դնդնդում քթիդ տակ, երբ ափսեները դեռ աղտոտ են,
բ) հոգուդ խորխորատներում ինչ մեղեդի է գունավորվում, եթե օրավարձդ, առանց արհմիության գիտության, մաքսազերծել են,
գ) ոտքերդ որ պարն են բռնում, իրանդ էլ ինչպես է շուլալվում շալվարիդ, երբ ափսեներն այլևս մաքրամաքուր են, և օրավարձդ նախկին դիրքերում է:
Տպավորիչ կլինի, այնպես չէ՞:
Իսկ ձեզ, վերնախավային տիկնայք և տիարք, ևս մի պաղատանք. օգտվեք գալիք անդորրից և հեռացեք դեպի բնություն: Այցելեք կենդանաբանական այգի: Եվ փորձեք նորանկախ մեր ժամանակը համալիր տեղազննել բնաշխարհի և այգու զուգահեռներում:
Միջանկյալ մայուն. զարգացնում ենք տիար Հովիկ Աբրահամյանի հետխոսնակյան այցի ժամանակ (այցը դեպի խորհրդարան էր) արտասանած երկրացունց միտքը (մենք պարտավոր ենք էլ ավելի թափով պաշտպանել մեր հանրապետական կուսակցությունը և մեր պետությունը: Նաև` մեր հողերը և փողերը):
Այսպիսով, բյուր-բազում հիմնախնդիրներ երկրում և բազմաբույր հեռուստանախագծեր: Ի՞նչ է սա, խնջույք ժանտախտի պահի՞ն: Բայց կարծես ժանտախտի համաճարակը մեզ չի սպառնում: Այսպիսով, ի՞նչ։ Հանրային կրքերի հավերժ բորբոքում և գիտակցության անվերջ թլպատո՞ւմ: Գուցե: Հանուն ինչի՞: Սա էլ թողնում եմ ձեզ մտորելու, երբ կվերադառնանք բնության գրկից և կենդանաբանական այգուց: ՈՒր ներդաշն է ամեն բան: ՈՒր խոզի կաղինը խոզափայ է, ուր նախ ծառերն են ծաղկում, հետո միայն պտուղը հասունանում: ՈՒր աղվեսը խորամանկում է, զի բնությամբ է այդպիսին, ոչ ավելի: ՈՒր արջը ողջ ամառ ու աշուն ճարպ է կուտակում, որ գոյատևի և սերունդ շարունակի: Դե պատկերացնենք, որ, զորօրինակ, կովկասյան գորշ արջը ճարպագնդեր կուտակելու, սկյուռն էլ կաղին ու ընկույզ ամբարելու փոխարեն ողջ ամառ և աշուն անտառային նախագծեր մոգոնեն և իրագործեն: Ասենք, արջը պորտապար բռնի, իսկ սկյուռները հանդես գան մրցութային հանձնաժողովի դերում: Կամ հակառակը: Ընդ որում, ներգրավելով թանկագին հյուրերի հարևան Ջորջիայից:
Մի խոսքով, ձեր վերնախավային կոշիկները պագնեմ, միայն թե Ամանորին վերընթերցեք «Ճպուռն ու մրջյունը» և միջկուսակցական քննարկումներ հրավիրեք սույնի շուրջ: Ասենք, ԱԺ բուֆետի կոալիցիոն տարածաշրջանում:

ՎԱՐԴԱՇՈՂ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(բորբոքուն-լավատեսի բխկոցը)

Ձեր մոխրագույն սրտերը: Թե ի բնե մելանխոլիկ եք, վառվռուն զվարթության հաբեր ընդունեք: Թե չի օգնի, սսկվեք ու սեղմեք վերելակի կամ հեռուստավահանակի ամենահեռու կոճակը: Եվ դարձի եկեք: Թե չէ էդ ձեր անտեր մոխրագույն մռլտոցը ոնց որ նաֆսի երկրաշարժ լինի էս տառապած ու փառապանծ ժողովրդի գլխին: ՈՒրեմն վա՞տ է, որ տոնածառը շուտ ենք զարդարում: Բայց ի՞նչն է վատ: Որ անցնում ես հրապարակներով, ու տոնն անվարձահատույց փարվում է քեզ, խուտուտ է տալիս, բլդուղդ ու քիթդ շոյում:
Ի՞նչ բույրեր են: ՈՒ թե կուզեք ճիշտն իմանալ, եթե ժամանակին (զորօրինակ, 1918-ին կամ 1991-ին) նախ տոնածառերը զարդարեին ու խոզաբդերը փուռը տային, ոչ 1-ին հանրապետւթյունը կկորցնեինք, ոչ էգ կովերի գլխավոր մասնագետը մեր քթից բռնած արժութային հիմնադրամների շեմը կհասցներ: Այսպիսով վատ է, հա՞, որ զեղչեր են նախատեսվում:
Է, ինչ անենք, որ զեղչվում են անզեղչելի երշիկն ու օղին, նաև շոկոլադը: Մի՞թե մենք բարոյական հաղթանակների երկիր չենք և մի՞թե սույն տեսականին ևս չենք հաղթահարի: Այդ ինչո՞ւ մոռացաք նորանկախության արշալույսների կատվի կերի դոլմաման և շան ուտեստի իշլիկը: Քի՞չ հարսանիքներ արեցինք այդ պատվական խորտիկներով: Մոմի լույսի հոգեպարար ընկերակցությամբ: Որսագող-էլեկտրիկ Վաղինակի պատվական թամադայությամբ: Պակա՞ս սերունդ աճեց: Ինչ անենք, որ տեսողալսողական ինչ-որ խնդիրներ ունեն: ՈՒ մեկ-մեկ էլ կակազներ ու թերքաշներ են հանդիպում:

Միջանկյալ կրակահերթ: («Մեկ կրակոցով երկու ճագար» շարքից): Քեֆս բերում է պատգամախոս Արմենը Մարտիրոսյան: Ոնց որ հեչ քաղաքական գործիչ չլինի: Այլ միանգամայն նորմավորված արդի քաղաքացի: Ոնց դեմ տվեց, է՜, Շմայսին: Դե՜, պատվարժան Առաքելին էլ պիտի հասկանալ: Մարդը միջին տրամաչափի օլիգոպոլիկ, բարեգործ ու ախպերաքուրության աչքի լույսն է: ՈՒ հանկարծ մեկը (թեկուզ Արմենը) գրկում է ամբիոնն ու բազմանշանակ լռում: Մի խոսքով` ուստա Առաքելը պիտի ըմբռնումով մոտենա Արմեն Մ.-ի քաղաքական ոտնձգությանը: Զի, սրսուռ ապարանցի լինելով հանդերձ, տիար Արմենը, որ պետք է գալիս, «լյոխ պառլամենտը» ապարանցու տեղ է դնում: Էնպես որ, երկուքիդ էլ հրավիրում եք նախաճաշի «ԼԼ»-ում: Սիրով ներկայացնում եմ կերակրացանկը. կարմրախայտի չորաթան, դդմի կեղևից քաշած մաճառ:

Հիմի էդ ո՞նց, վա՞տ է, որ ուրախ ենք ազգովին, երգում ենք ու շորորում: Գիտե՞ք ոնց են ազերիներն ու օսմանցիք դրանից պայթում: ՈՒ դա գիտեք, թե ոնց է ազդում նրանց բյուջեի կատարողականի վրա: Մարդիկ ամերիկաներից ու ճապոնիաներից հատուկ վերլուծաբաններ են վարձում և փորձում հասկանալ հայոց ֆենոմենը: Չեն էլ հասկանա: Զի մենք վարդաշող տրամադրությամբ, ամեն դեպքում, հինգ հազար տարի կանք: ՈՒ ինչ անենք, որ մեկ-մեկ էլ մոխրագույն կորուստներ ենք ունեցել: Ասենք, զորօրինակ, Անին: Կամ Կիլիկիան: Կամ էլ թեկուզ Երևան քաղաքամոր կենտրոնը:
Կարևորը մեր վարդաշող տրամադրությունն է: ՈՒ մեր մարսողական աննկուն օլիգոպոլիկ համակարգը: Միտված ապագային:
Էնպես որ, իսկապես, վառվռուն զվարթության հաբեր ընդունեք, այ մոխրասիրտ-մելանխոլիկներ: Թեթևացնում է: Ինչպես հարուստ հարևանի չբեր կոկորդիլոսը: Կամ քաղաքական ընդդիմախոսի կուստոմսերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Թեկուզ երազում:

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐՋԱԲԱՆ
(հազի ու բխկոցի միջակայքում)

Քաղաքապետարանը 2010-ի աշնանը մրցույթ հայտարարեց (ականջդ կարկաչի, Բեգլարյան Գ.): Կարեն Կ.-ն դրայվասիրտ կենսագործեց մրցույթը: Երևան քաղաքամոր գերկատաղած երեք փողոց երջանկացավ լիաթոք: Նախ` Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի դիմաց: Այնուհետև «Ազատության» պողոտայում: Եվ հետո` Շիրազի փողոցում: Շուրջ 5 ամսում վերգետնյա անցումները կառուցվեցին: Շինարարներն աշխատեցին առավոտ ծեգից ուշ երեկո: Սակայն նորհայկականության համախտանիշը շինարարության անցկացման ավարտափուլին իրեն, այնուամենայնիվ, զգալ տվեց: ՈՒ դեռ տալու է: Բանն այն է, որ գումարը տրամադրում են նշյալ օբյեկտների պատասխանատուն, քաղաքապետարանը: Մրցույթը շահած շինկազմակերպությունն իրականացնում է շինաշխատանքները և սպասում նոր մրցույթի հայտարարմանը: Եվ ահա վերգետնյա անցում-կամուրջների աստիճանահարթակները երեսպատվում են բազալտե սալերով, իսկ բուն անցումային հարթակը (կամուրջը)` կերամիկական սալահատակով: Այս սալահատակները, ի դեպ, կիրառվում են փակ տարածքներում: Օրինակ, ռեստորաններում կամ մեծահարուստների ամառանոցների ավտոտնակներում: Բաց օդում այս սալահատակը թեթև ձյունից անգամ վերածվում է սահադաշտի: Եվ ահա արդյունքում դրանցից պետք է օգտվել միայն անձյուն և անանձրև օրերին: Եվ ահա երդվյալ օրիորդ Համասփյուռը, տեսնելով անցորդների վախվորած «սփաթները», նախաձեռնեց առաջին անցումը նոյեմբերյան առաջին ձյուներին: Սակայն ցենտներուկեսանոց սույն արարածը լռվեց կամրջի կեսին` չկարողանալով վերջնավարտին հասցնել պարաքայլը, որ ուղեկցվում էր «Նա է նախագահս» անդրշիրիմյան ոռնոցով: Սակայն «նախագահի» զորախմբի փոխարեն մեծ դժվարությամբ նրան վայր բերեցին ԱԻՆ-ի ծառայողները: Սույն տիկինը, ըստ վերջին և ամենահավաստի տվյալների, պատրաստվում է անդամագրվելու նորաբաց, դեռևս գաղտնի, «Շոգեքարշ» կուսակցությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ