ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
11.10.2011 | 00:00

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական սահմանի Մ-6 ճանապարհահատվածի վերին աջ լանջից, ըստ նախնական տվյալների, փլուզվել է մոտ 500 հազ. խմ հող։ «Եթե թափված հողը չափելու լինենք բեռնատար մեքենաների տարողությամբ, ապա այն կկազմի 50 հազ. «Կամազ» մեքենա»,- մեզ հետ զրույցում նշեցին մասնագետները։
Աղետի առաջին իսկ օրից, և՛ տեղի բնակիչների, և՛ շինարարների, և՛ փորձագետների հավաստմամբ, տրանսպորտի և կապի նախարարի պատվերով` երկրաբանական նախագծային ինստիտուտները տեղում ուսումնասիրություն են իրականացնում` վթարի ծագման հետագա կանխման առկա ծավալների ուղղություններով, ինչպես նաև ուսումնասիրվում է այդ ճանապարհը հետագայում շահագործելու կամ նորը կառուցելու հնարավորության հարցը։ Մասնագետները նշում են, որ այս պահին դեռևս առաջնային է դիտարկվում եղած ճանապարհի շահագործումը. «Եթե այն հնարավոր չլինի, ապա երկրորդ քայլը նոր ճանապարհի կառուցումն է»։ Ընդգծենք, որ փորձագետների կարծիքը համընկնում է շինարարների տեսակետների հետ, որ եղած ճանապարհի վերականգնումն ավելի մատչելի կլինի ֆինանսական առումով։
Արդյոք կարելի՞ էր կանխել այս վթարը։ Եթե այո, ապա աշխարհն այդ դեպքում կկարողանար կանխատեսել բոլոր բնական աղետները։ «Եթե հնարավոր լիներ կանխատեսել աղետները, ապա Ճապոնիայի պես գերզարգացած երկիրը երկրաշարժի արհավիրքի առաջ չէր կանգնի»,- մեզ հետ զրույցում նշում էին ոչ միայն փորձագետները, այլև շարքային քաղաքացիները։ «Էդ ով ա աղետի դեմն առել, որ մենք առնեինք»,- նշում էին Տավուշի մարզի բնակիչները։ Նշենք, որ աղետի առաջին իսկ օրից մինչ այժմ տարբեր կարծիքներ են հնչում, անգամ ծայրահեղ` մեղադրելով տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհահատվածի ոչ պատշաճ սպասարկման համար։ Այսինքն, եթե տվյալ նախարարությունը պատշաճ կատարեր իր պարտականությունները, կարող էինք և խուսափել ոչ միայն փլուզումից, այլև մարդկային զոհերից։ Սակայն, ցավոք, ինչպես միշտ, փորձ է արվում խեղաթյուրելու իրականությունը։ Թե ի՞նչ նպատակով` մենք խնդիր չդրեցինք այն պարզելու։ ՈՒղղակի անհրաժեշտություն համարեցինք հարցը խորապես հասկանալու համար ուսումնասիրություն կատարել։ Առաջին հերթին պարզվեց, որ տրանսպորտի և կապի նախարարության իրավասության մեջ մտնում են միայն միջպետական ճանապարհների օտարման շերտի (հողապաստառի) ապահովումը և դրանից դուրս մեկ մետր լայնությամբ կողմնակների առկայությունը։ Սա նշանակում է, որ այս դեպքում լանջի փլուզման պատասխանատվությունը տրանսպորտի և կապի նախարարությանը չէ։ Այլ բան է, եթե դեպքը տեղի ունեցած լիներ ճանապարհի անորակ կառուցման պատճառով, բայց պատճառը դա չէ։ Փլուզվել է լանջը, ինչի հետևանքով այս պահին տարբեր վարկածներ են շրջանառվում, և դրանցից հիմնականը սողանքն է։ Սակայն մենք պարզեցինք, որ, քաղաքաշինության նախարարության պատվերով, ճապոնացի մասնագետների հաշվառած սողանքային 30 գոտիների մեջ այս հատվածը սողանքային չի համարվել։ Այլ կերպ ասած, միջպետական այս ճանապարհը բավականին անվտանգ է եղել թե՛ սողանքների, թե՛ զուտ ճանապարհաշինության առումով, ինչը դուրս է մղում այն վարկածը, ըստ որի` աղետի պատճառը ճանապարհի խցանման հետևանքով կուտակված մեքենաների ծանրությունն է եղել։
Ի դեպ, փորձագետների և ճանապարհաշինարարների համար նշվածն ամենաթույլ և անհավանական վարկածն է։ Ինչ վերաբերում է սողանքին, ապա վերջիններս հետևյալ դիտարկումն են անում. «Եթե այն տեղի ունենար սողանքի հետևանքով, ապա վթարի ներքևի հատվածի հենապատը պետք է պարտադիր փոփոխության ենթարկված լիներ` դեֆորմացվեր, տեղաշարժվեր։ Սակայն հենապատը դիրքային փոփոխության չի ենթարկվել, ինչը վկայում է ավելի շատ փլուզման մասին, բայց ոչ սողանքի։ Հաջորդ կարևոր երևույթը, որ վկայում է փլուզման մասին, հողածածկույթի մեծ ծավալն է»։ Ինչ վերաբերում է Վրաստանի երկրաշարժին, ապա դրա հավանական ազդեցությունը ևս չեն բացառում, միևնույն ժամանակ չեն էլ հաստատում։ Ամեն դեպքում, մեզ հաջողվեց պարզել, որ այս պահին քննարկվող վարկածներից ամենահավանականը համարվում է այն, որ «լանջի հողաշերտի մեջ կավային մասը մեծ քանակություն է կազմում, իսկ լանջի վերին հատվածում տեղակայված են այգիներ, որոնք հաճախակի ջրվում են։ Եթե հողաշերտի մեջ ջրային մասը շատանում է, ապա հնարավոր է հողը շարժվեր դեպի առաջ»,- մեզ հետ զրույցում ասում էին փորձագետները, սակայն ընդգծում, որ սա ևս ընդամենը վարկած է, և վերջնական պատասխանը կտա փորձաքննությունը։
Ընդհանրապես, դեպքի վայրում աշխատող բոլոր ոլորտների պատասխանատուները խորհուրդ են տալիս ժամանակից շուտ եզրակացություններ չանել։ Գուցե և շտապելը նման դեպքում անարդյունավետ գործ է, սակայն ո՞վ և ե՞րբ կպատասխանի` իրականում ի՞նչն է եղել աղետի պատճառը։ «Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հանձնարարությամբ առաջին իսկ օրից սկսվել են գեոռադարական ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի աշխատակիցների ղեկավարությամբ։ Այդ ուսումնասիրությունների ավարտից հետո հստակ պատասխան կտրվի փլուզման պատճառների մասին»,- նշեցին կապի և տրանսպորտի նախարարությունում և հավելեցին, որ այս պահին 6 մ լայնությամբ շրջանցիկ ճանապարհ է կառուցվել, որպեսզի թեթևացվի դեպի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահմանի միջպետական ճանապարհահատվածի բեռնվածությունը։ Ինչ խոսք, սա կարևոր քայլ է, քանի որ հակառակ դեպքում խիստ կծանրաբեռնվեր Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ