ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Անտառը ազգային արժեք է, մեր մշակույթի, մեր գոյատևման մի մասն է»

«Անտառը ազգային արժեք է, մեր  մշակույթի, մեր գոյատևման մի մասն է»
01.05.2012 | 00:00

Ապրիլի 26-28-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա գիտաժողով` բնապահպանական ուղղվածությամբ ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, բնապահպանության և անտառի ոլորտի մասնագետների համար: Թեման բնապահպանական և համայնքային անտառկառավարման խնդիրներն էին: Գիտաժողովի ղեկավարը բնական գիտությունների դոկտոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալակիր, «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆՆ էր:

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները լսեցին զեկուցումներ, որոնք անդրադառնում էին անտառպահպանության, բնապահպանական տարաբնույթ երևույթներին առնչվող խնդիրներին, դիտեցին Զիկատարի և անտառկառավարման ընդհանուր հիմունքների մասին պատմող տեսանյութեր:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատակից Նելլի Սարգսյանը ներկայացրեց Եվրամիության կողմից չորս տարվա կտրվածքով ֆինանսավորվող «Անտառների տրանսֆորմացիայի միջոցով կլիմայի փոփոխությունների նկատմամբ Հարավային Կովկասի երկրների անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում» ծրագիրը: Նա խոսեց կլիմայի փոփոխության բացասական հետևանքներից բխող անտառների տրանսֆորմացիայի երևույթի և այն մեթոդների մասին, որոնք հնարավոր կդարձնեն կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների առավել հեշտ հաղթահարումը անտառների համար: Նրա ներկայացրած ծրագիրն իրականացվում է միաժամանակ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Գիտաժողովի կազմակերպիչ «Կովկասի տարածաշրջանի էկոլոգիական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Ռուբիկ Շահազիզյանը հանգամանորեն ներկայացրեց էկոտուրիզմին վերաբերող իրավիճակը: Համայնքային անտառկառավարման թեման էր նրա ուշադրության դաշտում, ինչպես և էկոտուրիզմը` որպես այլընտրանքային եկամտի աղբյուր համայնքի համար:

Գիտաժողովի ընթացքում իր դիտարկումները ներկայացրեց Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, թատերական գործիչների միությունների անդամ, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը: Նա այն կարծիքին է, որ եռօրյա գիտաժողովը շատ կարևոր է անտառի հետագա ճակատագիրը տնօրինելու հարցում: «Անտառը և՛ զբոսավայր է, և՛ վառելանյութ է, և՛ շինանյութ է: Բայց անտառը նախ և առաջ ազգային արժեք է, մեր մշակույթի, մեր գոյատևման մի մասն է: Եթե մեր եկեղեցին, ճարտարապետությունը, երգարվեստն ու պարարվեստը այս կամ այն չափով արժևորվել ու հասկացվել են, ապա նույնը չի կարելի ասել անտառի մասին: Մեր ժողովրդի գիտակցությանը պիտի հասցնել, որ անտառը ևս մեր պատմության մի կարևոր մասնիկն է: Եթե մենք չունենայինք անտառ արհավիրքի տարիներին, ի՞նչ պիտի անեինք: Անտառով կարելի է ապրել: Եթե այդ մասին այսօր բարձրաձայնվում է գիտական մակարդակով, անտառը նյութական արժեքից վերածվում է բարոյական արժեքի, դադարում է սոսկ սպառման առարկա լինելուց»,- ասաց Ս. Բեգլարյանը:

Անտառտնտեսության և անտառարդյունաբերության զարգացմանն աջակցող ՀԿ-ի նախագահ Կարեն Կիրակոսյանը գիտաժողովին մասնակցում էր իբրև դիտորդ` իրեն անհրաժեշտ տեղեկություն ստանալու ակնկալիքով: «Մեր ՀԿ-ն դեռ նոր է, բայց ունի մեծ պլաններ: Իմ ազարտը անտառն է, անտառ տնկելը: Կրթություն եմ ստացել Մոսկվայի անտառի պետական համալսարանում (ցավոք, Հայաստանում այդպիսի բուհ չկա), հիմա էլ դասավանդում եմ նույն բուհում: Ցանկանում եմ իմ պրոֆեսիոնալ գիտելիքներն ու փորձը ներդնել Հայաստանում»,- ասաց Կարենը: Առաջիկա 5 տարում նրա ղեկավարած կազմակերպությունն ուշադրության դաշտում է պահելու Հայաստանում պլանտացիոն անտառների ստեղծման, գերարագ աճող տեսակների տնկման խնդիրները: Ըստ Կարենի` 8-10 տարի հետո այդ անտառները կդառնան գյուղացիներին շինափայտ, վառելափայտ մատակարարող աղբյուր:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցներս կատարեցինք ծառատունկ, բարեբախտություն ունեցանք մի քանի անգամ դառնալու էկոտուրիզմի մասնակից, շրջելու Զիկատարի գեղատեսիլ տարածքով` Անդրանիկ Ղուլիջանյանի և «Զիկատար» կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանի գլխավորությամբ: Այցելեցինք Կողբի գեղարվեստի դպրոց, Կողբի ազգագրության և պատմության թանգարան: Եղանք նաև անառիկ բարձունքի վրա կառուցված Մշկավանքում (անպայման նշեմ, որ դժվարանցանելի ճանապարհը հաղթահարելու գործում անուրանալի էր «Զիկատար» ուսումնական կենտրոնի պատասխանատու Արտավազդ Եգանյանի դերը, ով, ի դեպ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի զարմիկն է), Տվարաեղցի վանքի ավերակներում, Սարիգյուղի վարչական տարածքում, ուր գտնվում է տեղացիների կողմից սրբավայրի վերածված դարավոր սոսին: Վերջին երեքի մասին պատմող մեր հրապարակումը, ինչպես և հարցազրույցները Անդրանիկ Ղուլիջանյանի և Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանի հետ կտպագրվեն «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ