ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԻ ՊԱՀԱԿԱԶՈՐԸ (նոկդաուն չինովնիկական միջնաբերդին)

ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԻ ՊԱՀԱԿԱԶՈՐԸ (նոկդաուն չինովնիկական միջնաբերդին)
07.10.2011 | 00:00

«Հայոց պատմության էջերում էլ տեղ չկա հիշատակելու անունները նրանց, ովքեր մոռացած ոչ թե նամուս, ամոթ, այլ հենց ազգություն, նախնի, ովքեր ախորժակով, ուժերի հոբելյանական լարումով խժռում են հայոց դիմագիրը: Ինչ մտածենք մենք մեր մասին»։
«Նույնն է կյանքը», Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՑԻՏԱԴԵԼՆԵՐ, ԴՐԱՅՎԱՅԻՆ ՓՌՇՏՈՑ
(«ազիզջանական» պորտապար)

Տեսնում ես, հարգարժան ընթերցող, մեզ պարտադրում են «Լճիցլճերում» (այսուհետ` ԼԼ) եռանդուն ջանքերով շերեփուկաբուծմամբ զբաղվել։ Դոդոշաորսը նախընտրական շրջանում ծովիցծովյան թափ է հավաքում: Դիմադրելն անհնար է, դիմակայելն` անհավանական: Բազում մոխրագույն մակույկներ սպասում են ոմանց մեր գորշ լճախորշերում: Այստեղ, լպրծուն և աերացիայի բուրմունքահոտային ռապսոդիային հարիր ջրերում դոդոշների (վառ կարմիր են դոդոշիկները, զարդարված դեղին, երկնագույն (այսինքն` «գալուբոյ») և կանաչ խալերով) նոր սերունդն է բազմանում: Երկու զույգ դոդոշ հանդիսավոր պայմաններում (հանդիսությանը հրավիրվել են քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարը, ՃՈ նորաթուխ պետը, ՀԱԿ ակտիվիստ Փառիկը, դաշնակցական Մրազը, համասեռամոլ Լ.-ն, այլախոհ Բ.-ն և այլք) նվիրաբերում ենք Ցիտադել կենտրոնին, առանց գրավադրման, մորթազերծման և փոխանակման իրավունքի: Ասել է` հնարավոր չէ դոդոշները միլիոնանոց գյուղատնտեսական վարկի դիմաց գրավադրել ու գործունեության նոր հորիզոններ կերտել, անհնար է գերթանկագին հյուրերին դոդոշի ղափամա կամ դոլմամա հրամցնել, անկարելի է դոդոշներից մեկը փոխանակել Աշտարակի ձորի, մյուսը` Նժդեհի անվան Սպանդարյանի հրապարակի հետ և այսպես շարունակ:

Միջանկյալ զեղումներ: ԶԵՂՈՒՄ ԹԻՎ 1. Արմավիր քաղաքի գինուց քիչ արբեցած ԱԺ խոսնակի աչքին գունազարդվեցին որոշյալն ու անորոշը: Մեղրի առաջին ումպից էլ նա ընկավ արմավիրյան նիրվանայի մեջ ու հայտնվեց երրորդ, խլղաթյանական չափումում:
Էապես, ուրեմն, Արմավիրում խորհրդային ասֆալտի մնացորդներից կարելի է հունցել մի նոր թթխմոր և անվանակոչել այն «Խլղաթ-կայֆադմփոց»: Եվ սույնը մատուցել քաղաք ժամանող բարձրաստիճան սեղանավորներին: Առաջին փորձարկումը պսակվեց երանավետ սեղանարշավով: Քաղաքում աղբ է, փոշի, անտերություն փոշեկուլ: Քաղաքում ռեկորդային գործազրկություն է և գործազուրկ պետականություն: Քաղաքում խորհրդային արդյունաբերության վերջին մոհիկանների կմախքներն են ժանգապատվում։ Միակ նորակառույցը քաղաքային զբոսայգին «զավթած» բանկն է: Արմավիրը նաև մարզկենտրոն է, և ահա մարզպետի ու քաղաքապետի ընդունարանից ափաչափ հեռու ժամանակը համրացել է 1991-95-ի սահմանագծին: ՈՒ համառորեն քայլ անգամ չի անում: Ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ:
Սակայն կարևորը քաղաքի կենտրոնում բացված տոնական սեղանների խայտաբղետ զվարթությունն է, ԱԺ խոսնակի ողջագուրանքը տեղական առաջավոր խոզապահների հետ: Գինին ու մեղրը ինչ-որ բանի, ընդունենք, որ պարտավորեցնում են: Հատկապես երրորդ ժամանակային չափման գեղգեղուն ժպիտի:
ՈՒ էսպես տարին բոլոր: Քրեական օրենսգրքի հոդվածները եթե ձեռք ձեռքի տան, վստահաբար Արմավիրը կշուրջկալեն երկու-երեք անգամ: Այն հոդվածները, որոնք քաղաքի ղեկավարությունը թխում է շուրջ տարին:
Մի խոսքով` գաղտնիքը, ըստ իս, հետևյալն է. ԱԺ խոսնակը, այլ սեղանապետեր ու պետիկներ տառապում են 3-րդ հանրապետությունը միայն ծիծաղախիտ, համով-հոտով լի ու բոլ ու ներդաշնակ տեսնելու հայրենաբորբոք տենչով: Դրա համար էլ տարին բոլոր, զօր ու գիշեր նրանք առատության և ապահովության հանգրվաններում են: Օրինակ, «Հարսնաքար» համալիրում: Զորօրինակ, «Կլեոպատրա» խաղատանը: Նաև, պարզ է, չէ՞, տոնական ցանկացած սեղանի գլխին: Եվ թքած, թե սեղանի տակ դարավոր աղբ է ու անտերություն: Կարևորը սեղանի բարիքներն են:
Եվ այս պարագայում մի՞թե կարևոր է, թե որևէ քաղաքի քաղաքապետը նույն քաղաքի պատուհասն է:
ԶԵՂՈՒՄ ԹԻՎ 2. Բազմաթիվ անհայտներով բազմաբույր մի հավասարում: ՀՀ ոստիկանական համակարգում ամենուր անճոռնի ճուտիկներ են, ՀՀ ոստիկանապետը սպիտակ ագռավ է:
(Լուծողը կհրավիրվի զբոսանքի Եռագույն առագաստանավով):
Իսկ այժմ վերադառնանք Երևան, Կորյունի փողոց, «Ցիտադել» կենտրոն: Վերջերս, բավականին ուշագրավ համառությամբ սույն կառույցը հայտավորվեց ԼԼ-ում: Բանն այն է, որ «Ցիտադելի» հարակից մայթը, ուր, ի դեպ, նաև տրանսպորտային կանգառ է, վերածվել է կայանատեղի, ուր կառանվում են «Ցիտադելում» բույն հյուսած բազմապիսի ֆիրմաների աշխատակիցների ու նրանց հաճախորդների շարժակազմերը, գլխավորապես արտասահմանյան արտադրության, այսինքն` զանգվածեղ ու մարտաշունչ: Մայթը բռնազավթված է: ՈՒ սա պատմական իրողություն է, և սրանից, անշուշտ, չես փախչի: Իսկ փախչողները ՀՀ ՃՈ-ն է և քաղաքապետարանը, որոնք աչք են փակում և գրպանում բռունցք ճոճում ԼԼ-ի ուղղությամբ: Այսինքն` խստորեն թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ և հեռվից հեռու օդային համբույրներ հղում առ «Ցիտադել»: Հավանաբար, «Ցիտադել»-ի սեփականատիրոջ թույլից չափավոր ուժգնության փռշտոցի դեպքում հենց վերոնշյալ կառույցների պատասխանատուները թաշկինակն առած սուրում են դեպի... Այս բռնազավթումը` մայթային, պարզվում է, փողոցային առևտուր չէ: Այլ սպասարկման միանգամայն նոր, դրայվային ձևաչափ: Մի խոսքով` սպասենք ՀՀ ՃՈ-ի և Երևանի քաղաքապետարանի հուզախռով արձագանքին: Հուզվե՛ք լիասիրտ, պարոնայք և տիկնայք զանցառուներ, հուզմունքից առաջանում են հակաչինովնիկական հորմոններ, որոնցով հնարավոր է ձեր ցիտադելյան սարսափը չափել:
Բայց հառաջ, դեպի մեր հնօրյա այլ զանցառուները…
Հիշում եք, օրեր առաջ ԼԼ հրավիրեցինք քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ Նավասարդյանին և նրա վերադաս-ստորադասներին: Ինչո՞ւ, բորբոքվում են ԼԼ-ի նորակոչիկ ընթերցողները: Դե, որովհետև ժամանակին վերոնշյալ այրերին երկար ու հանգամանալից բացատրել ենք, որ Երևանի տրանսպորտային խայտաբղետ խայտառակության ողնուղեղում մեր նորանկախ ժամանակի դաժանագույն չարիքն է։ Քանզի արտոնյալ մեծաքսակների համար ուղևորափոխադրումները համազոր են դրամային հոծ զանգված ապահովող տպագրական սարքերի, մեկ անգամ գործարկում ես ու մեկ դար մոլեմսխուն կապիտալ կթում: Որպես օրինակ մատնանշված էր թիվ 46 համարի երթուղային գիծը: Սա բացառիկ հաջող օրինակ է, թե ինչպես չի կարելի սպասարկել հանրությանը: Ի մասնավորի, սույն երթուղային աղետալի արշավանքը Աջափնյակում թափ է հավաքում և կանգ առնում յուրաքանչյուր թփի, ծառի, աղբամանի հարևանությամբ, ուղևորների հերթական խմբաքանակն է խցկում հնամաշ ու խարխուլ մեքենան և ճռնչոցով ու մայունով հաղթահարում Կիևյան փողոցի զառիվերը: Տիար Նավասարդյանն ու այլք սրան քաջատեղյակ են: Նաև գիտեն, որ նշյալ գծի վարորդները կանոնավորապես անթրաշ են, ի համալրումն շարժակազմերի սրահների, ուր ջարդված նստարաններ են, հնոտիք և այլն:
Կասկած չկա, նրանք, որպես մասնագետներ, վստահաբար համոզված են, որ վաղուց ժամանակն է այս երթուղում ավտոբուսներ գործարկելու, թեկուզ Չինաստանից ձեռք բերածից: Բայց իջել են ջրի հատակը... մինչև ԼԼ-ն իրենց օձիքը բաց թողնի: Բա՜-ցա՜ռ-վա՜ծ է: Հանուն մեր կոլխոզի (հասկացանք, չէ՞, որ խոսքը վերաբերում է ԼԼ եռագույն առագաստանավին)` ձեր մոնիթորինգային օձիքները մշտապես շուլալվել են: Դարձի եկեք և եղեք մարդկային ու պաշտոնական բարձրության վրա: Իսկ առայժմ տեղակայվեք մոխրագույն մակույկներում և դեպի դոդոշաորս: Բարի վայելում:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
(մակրոնուկլեուսից` միկրոնուկլեուս)

Մեր կրթական համակարգը` ոնց որ մեր մայրուղիները: Չես ասի, թե սահուն և բարեշեն ճանապարհներ չունենք: ՈՒնենք, էն էլ ինչպիսի: Բայց բավական է երկու ոտնաչափ շեղվես միջպետական մայրուղուց և հայտնվում ես պետականամերժ հոտած ճանապարհներին: Այսինքն` ջրափոսերով, աղբաբլրակներով, աթարով և այլնով գերհագեցած «մայրուղիներում»:
Միով բանիվ, մեր կրթօջախները հաստատուն և հոգեշահ տանիքի տակ են, նորոգ են և աչք շոյող: Քիչ թե շատ տանելի պայմաններում են աշխատում մեր հարգարժան մանկավարժները: Բայց ազգային կրթական ռազմավարական հեռանկար կամ չունենք, կամ առայժմ բերանբաց հիացմունքով հետևում ենք արտաքին հրամայականներին:
Ահա 7-րդ դասարանի կենսաբանության առարկայի դասագիրքը: Այն շուրջ տասը տարի առաջ հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Միաժամանակ վերահաստատվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության ձեռամբ: Հեղինակները` Վ. Բ. Զախարով և Ն. Ի. Սոնին: Այսօր 7-րդ` թռիչքային դասարաններում սովորում են 11 տարեկան մանուկներ: Մի քանի մեջբերում սույն դասագրքից. «Կարմիր ջրիմուռների քլորոպլաստներում, քլորոֆիլից և կարոտինոքիդրինից բացի, պարունակվում են նաև մի շարք ջրալույծ պիգմենտներ` կարմիր ֆիկոէրիտերին և կապույտ ֆիկոցիանին: Այս պիգմենտների հարաբերությունից էլ կախված է թալոմի գույնը, որը կարող է լինել մորեգույն կարմիրից մինչև երկնապողպատագույն: Պաշարային նյութը հանդիսանում է կարմիր ջրիմուռների հատուկ, այսպես կոչված, կարմիր օսլան, որը կուտակվում է քլորոպլաստից դուրս` ցիտոպլազմայում» (էջ 41):
«Սպոր առաջացնող բույսերը կոչվում են սպորոֆիտ, իսկ գամետներ առաջացնողները` գամետոֆիտ» (էջ 38):
«Մյուս կարևոր բնորոշիչը երկու` մեծ (մակրոնուկլեուս) և փոքր (միկրոնուկլեուս) կորիզների առկայությունն է: Ինֆուզորիաներին բնորոշ են հատուկ նշանակության օրգանոիդներ, մարսողական` բջջային ակոսը, կլանը, բերանը, արտազատող` կծկուն վակուոլները և այլն» (էջ 81): Այսպես է ողջ դասագրքում: Եվ ոչ միայն կենսաբանության։ Այսպիսով` կամ ՌԴ և ՀՀ կրթական համակարգերում ժամանակին ենթադրել են, որ, մասնավորապես, ՀՀ բոլոր 11-ամյա մանուկները հրաշամանուկներ են և ունակ մեկ ընթերցմամբ այս լաբիրինթոսները հաղթահարելու կամ… Դեհ, այս «կամի» պատասխանը պիտի սպասել ՀՀ ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովից և ՀՀ ԳԿ նախարարությունից:
Այս կառույցներում (որքան էլ տարօրինակ է) բավականին շատ են բանիմաց և կիրթ մարդիկ: Զորօրինակ, հանձնաժողովի նախագահ հարգարժան Արտակ Դավթյանը և պատվարժան նախարար Արմեն Աշոտյանը: Հառա՜ջ տիարք, ազատագրենք մեր մանկանց այս որոգայթներից հակակրթական և ապամանկավարժական:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ
(լրջախոհ վերջաբան)

Եվ ահա ես, հակաՀԱԿականս, ըստ ամենայնի և ՀՀՇ-ամերժ ի սկզբանե, ահազանգ եմ հնչեցնում առ տիար ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան, խորամուխ եղեք հայոց պատմության անհայտ էջերին և գտեք, պաղատում եմ, այն բուժիչ բալասանները, որոնցով հնարավոր կլինի չափել իշխանական առանձին սեղմիչների, կառավարական արգելանքների, ոստիկանական մենթապատման, ոչ, ոչ վախը, ահասարսուռ զարզանդը, մահասփյուռ բժժանքը, ցնորական ցնցակաթվածը:
ՈՒրեմն ահա թե ինչ կատարվեց ինձ հետ: Հանգստյան վերջին արևաշող օրս փորձեցի վայլելել Սևանի ափին: Նաև տեղազննում կատարել ՀՀ գլխավոր լճում: Սքանչելի բնաշխարհ, մաքրամաքուր թթվածին և ճանապարհին անվճար հրամցվող «ֆիզկուլտ-ուռան»: Ինձ հանդիպելիս ճանապարհամերձ 7-ից 77 տարեկան այրերը, արդեն Սևանի մատույցներում, ողջույնի գերլիասիրտ շարժումներ էին կատարում, զույգ ձեռքերը հնարավորինս հետ տանելով և եռանդուն փակելով աջ աչքը։ Զուգահեռաբար շարժելով ձախ ականջը: Սիրտս ուռչում էր ինչպես երբևէ, ահա ինչպես են գլխավոր «ԼԼ նավավարին» ողջունում: ՈՒ որքան մեծ էր հիասթափությունս, երբ պարզվեց… որ Սևանից կորզված ձկների չափերն են լուսաբանում: Պարզվում է, որ Սևանում սիգն ու կողակը կետաձկերի չափսեր են ընդունել:
Սակայն հետդարձս շատ ավելի բեղմնավոր էր: Մեր խարխուլ «Զապորոժեցի» ճանապարհը աներեր փակեց ոստիկանական պահակազորը` ասելով, որ քաղաքում միտինգ է, ու մուտքը մայրաքաղաք արգելված է: Քաղաք հասանք հաջորդ առավոտ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ