ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Անչափահասն արդյոք վստահո՞ւմ է ոստիկանին

Անչափահասն արդյոք  վստահո՞ւմ է ոստիկանին
11.05.2012 | 00:00

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության կողմից հաշվառված է շուրջ 500 անչափահաս, որոնցից միայն 16-ն են պատասխանատվության ենթարկվել: Ըստ վիճակագրության, Հայաստանում մանկական հանցավորության ցուցանիշը մեծ չէ: Սակայն պետությունը և հասարակությունը կարևոր անելիք ունեն իրավախախտ անչափահասներին հասարակությանն ինտեգրելու և նրանց նկատմամբ առավել հանդուրժողականություն ցուցաբերելու հարցում:

Թեև ոստիկանությունը ոչինչ չի խնայում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու ուղղությամբ, այդուհանդերձ, դրանք ոչ մեծ թվով, բայց աճել են:

Անչափահասների խնդիրների, ոստիկան-անչափահաս իրավախախտ փոխհարաբերությունների և համագործակցության շուրջ «Իրատես de facto»-ն զրուցեց ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԻ և ոստիկանության ԱԳ բաժիններում հաշվառված անչափահասների հետ։

-Եթե նախկինում հաշվառումն ինչ-որ տեղ ուներ ձևական բնույթ, ապա այսօր հաշվառվում են միայն այն անչափահասները, որոնց հետ անհրաժեշտ է վերահսկիչ, դաստիարակչական, վերականգնողական աշխատանքներ տանել,- փաստեց տիկին Դուրյանը։- Այդ աշխատանքներն առավել արդյունավետ են դարձել հանրապետության 10 մարզերում գործող վերականգնողական կենտրոնների և ոստիկանության ԱԳ բաժինների շնորհիվ, ինչի արդյունքում զգալի նվազել է հաշվառված անչափահասների թիվը:

-Տիկին Դուրյան, ակնհայտ է, որ ընտանեկան անբարենպաստ պայմաններում ապրող երեխաներից շատերը կարգազանց և հակասոցիալական վարք դրսևորողներ են: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:

-Հիմնականում պայմանավորված է ծնողների կրթական մակարդակի բացակայությամբ, անապահովվածությամբ, նաև ամուսնալուծված ընտանիքներում մեծանալուց, կոնֆլիկտային իրավիճակների մասնակից լինելուց:

-Նյութական անբավարար ապահովվածությունը, թերևս, հիմնական պատճառն է անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների: Ոստիկանությունը որքանո՞վ է հոգում նրանց զբաղվածության խնդիրը: Կա՞ն արդյոք աշխատատեղեր` նախատեսված իրավախախտ անչափահասների համար:

-Նման աշխատատեղեր ինքներս չունենք, նախկինում եղել է` 5-րդ վարչություն էր կոչվում, որտեղ ունեինք ուղղիչ աշխատատեղերի ցանկ և կարող էինք առաջարկել:

-Ոստիկանությունը հաշվառում է ոչ միայն կարգազանց անչափահասներին, այլև մուրացկանությամբ զբաղվող, անօթևան, թափառող, դասերից չարամտորեն խուսափող անչափահասներին: Հաշվառվելուց հետո ինչպե՞ս է տնօրինվում նրանց ճակատագիրը:

-Երեխայի խնդիրները միայն ոստիկանությամբ չեն կարող սահմանափակվել, այստեղ համալիր աշխատանք է պետք նախարարությունների, միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց ուրույն դերն ունեն այս գործընթացում: Ոստիկանի տեսադաշտում հայտնված անչափահասների խնդիրներով զբաղվում է ոստիկանը։ Գերխնդիր է նրանց թրաֆիքինգի զոհ դառնալուց պաշտպանելը, անհրաժեշտության դեպքում նրանց տեղավորում ենք մեր աջակցության կենտրոններում: Այսօր համագործակցությունը շատ սերտ է աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳ, առողջապահության նախարարությունների հետ:

-Տիկին Դուրյան, տարեսկզբից հաշվառված անչափահասների հետ իրականացնում եք մի շարք միջոցառումներ, այդ թվում` այցելություն ծերանոցներ, մանկատներ, համայնքային վերականգնողական կենտրոններ. ո՞րն է այս միջոցառումների հիմնական նպատակը:

-Այսօր կարող ենք նշել բազմաթիվ պատճառներ և գործոններ, որոնք բացասաբար են ազդում անչափահասների վարքի վրա, խաթարում են նրանց արժեհամակարգը: Շատ դեռահասներ որպես տղամարդկության խորհրդանիշ են ընկալում հանցավոր աշխարհի վարքի ձևերը:

Եվ շատ հաճախ նրանց «առանց պատճառի ագրեսիան» ուղղված է լինում միանգամայն անմեղ, անծանոթ մարդկանց դեմ: Այս միջոցառումներն ունեն դաստիարակչական բնույթ, նախ և առաջ սա անմիջական շփում է ոստիկանի և անչափահասների միջև, միմյանց նկատմամբ վստահության ամրապնդում է: Բայց կուզեի նշել` առանցքայինը անչափահասների մեջ միմյանց նկատմամբ, հասարակության նկատմամբ հանդուրժողականություն սերմանելն է:

-Հասարակության մեջ ձևավորված է կարծիք, թե ոստիկանը պատժիչ մարմին է: Ձեր կարծիքով` որքանո՞վ է անչափահասը վստահում ոստիկանին:

-Այն, որ մենք ամեն օր զբաղվում ենք երեխաների իրավունքների պաշտպանությամբ, փաստ է: Եվ հատկապես վերջին շրջանում մեր աշխատանքները միտված են նրան, որ հասարակություն-ոստիկանություն կապը սերտանա, և հասարակությանը ավելի տեսանելի դառնա այն աշխատանքը, որը ոստիկանությունը կատարում է ի պաշտպանություն հասարակության և երեխաների իրավունքների:

Իսկ թե որքանով է անչափահասը վստահում ոստիկանին, կարող եք նրանցից պարզել:

Օգտվելով առիթից` Խարբերդի մանկատանը հյուրընկալված և հաշվառված անչափահասների հետ ունեցած իմ զրույցներից մեջբերում եմ հատվածներ:

Ս. Ա-ՅԱՆ- Հաշվառված եմ Մալաթիա-Սեբաստիայի ԱԳ բաժնում գողության համար: Վատ եմ զգում արարքիս համար ու չեմ ուզում, որ շրջապատում իմանան: Ինձ միշտ ասել են` ինչ ուզում ես արա, միայն ոստիկանություն չընկնես։

Բայց հաշվառվելուց հետո ինձ ավելի հանգիստ եմ զգում, մի տեսակ պաշտպանված:

Ե. Վ-ՅԱՆ- Հաշվառված եմ Քանաքեռ-Զեյթունի ԱԳ բաժնում: Հայաստանում ոստիկանի վատ տեսակ գոյություն ունի, նման պատմություններ էլ գիտեմ, բայց դրանք կապ չունեն տեսուչների հետ, հաշվառվելուց հետո, լավից բացի, ավելորդ բան չեմ զգացել իմ նկատմամբ:

Ա. Մ-ՅԱՆ- Հաշվառված եմ Էրեբունու ԱԳ բաժնում` կռվի պատճառով: Ինձ դուր է գալիս, որ ոստիկանների կողմից ճնշում չեմ զգում ու տեսուչիս հետ մարդկային լավ հարաբերություններ ունեմ: Մինչև հաշվառվելս կյանքում մտքովս չէր անցնի ոստիկանի հետ իմ պրոբլեմներից խոսել, բայց հիմա շատ բան է փոխվել:

Մ. Ս-ՅԱՆ- Հաշվառված եմ Էրեբունու ԱԳ բաժնում ապօրինի սառը զենք կրելու համար: Անցած տարի մեծ խնդիրների մեջ էի, ստիպված հետս փայտ ու նման առարկաներ էի վերցնում: Ես միշտ մի տեսակ ագրեսիվ եմ եղել ոստիկանների նկատմամբ: Երբ հաշվառվեցի, պետը ինձ կանչեց իր մոտ, ու մենք խոսակցություն ունեցանք. խիստ մարդ էր, ու զգացվեց որ նրան դուր չեկա։ Մտքումս ասացի` սա իմ վերջն է. համ դրսում խնդիրներ ունեմ, հիմա էլ ոստիկանությունում: Մի օր կռիվ էի արել, մեր դպրոցի տեսուչը հասցրել էր պետին, զանգեց կանչեց, գնացի: 100 տարվա ընկերոջ պես սկսեց հետս զրուցել, ոնց որ ողջ կյանքում էդ պահին սպասած լինեի: Էդ օրվանից մինչև այս պահը ամեն ինչ անում եմ, որ աչքից չընկնեմ: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թոմ Այվազյանին:

Տպագրության պատրաստեց

Քնարիկ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ