ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՐԴԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է

ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՐԴԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
07.10.2011 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ժողովրդագրական առումով Հայաստանն այսօր նկատելիորեն զիջում է իր բոլոր մահմեդական հարևաններին, ընդ որում, չմոռանանք, որ դրանցից երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան, մեզ թշնամի պետություններ են: Հենց այս տեսանկյունից առավել ուշագրավ են ՄԱԿ-ի ժողովրդագրական տվյալները Հայաստանի մասին, որոնք մինչև 2025 թվականը մեզ համար բավականին մտահոգիչ վիճակ են կանխատեսում: Համաձայն այդ թվաբանության, Հայաստանի բնակչությունը մինչև 2025 թվականը կնվազի 25 %-ով, այն դեպքում, երբ հարևան երկու երկրներում` Ադրբեջանում և Թուրքիայում, սպասվում է բնակչության 31 % և 43 % աճ: Պակաս մտահոգիչ չեն և հայ մասնագետների ներկայացրած թվերը. զգուշացնելով, թե սարերի հետևում չէ այն օրը, երբ Հայաստանում մահացության գործակիցը կգերազանցի ծնելության գործակցին, նրանք արձանագրում են, որ այսօր արդեն իսկ ծնելության գործակիցը 1,7 է, մինչդեռ սերնդի վերարտադրման համար այդ ցուցիչը պետք է կազմեր 2,1: Ստացվում է, որ հայ մայրերի միայն 2/3-ն է վերարտադրում ինքն իրեն: Կրճատվող ծնունդներ, հասարակության ծերացում, մահացության աճ, և այս ամենին զուգահեռ` շարունակվող արտագաղթ. սա չափազանցություն չէ, այլ իրողություն: Որքան էլ որոշ պաշտոնյաներ կաշվից (ոչ մաշկից) դուրս գալով ջանան մեղմել պատկերը, միևնույն է, իրականությունից չեն փախչի: Արտագաղթի ծավալները շատ ավելի մեծ են, քան ներկայացվում են պաշտոնական թվերով, սակայն անգամ բերվող թվերը բավականին խոսուն են: Կառավարությանն առընթեր ՀՀ միգրացիայի գործակալությունը, 2007-ի հետազոտության համաձայն (ի դեպ, սա վարչության վերջին ուսումնասիրությունն էր)` 2002-2007 թթ. ՀՀ-ից արտագաղթել է 150 հազար մարդ: Նույն գործակալությունը, հիմնվելով եղած ուսումնասիրությունների վրա, նաև հաստատում է, որ անկախությունից ի վեր` նախորդ երկու տասնամյակներում, Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Մեր ձեռքի տակ են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալները. ուղևորների հաշվառման տվյալների համաձայն, 2011 թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15,0 հազարով, կամ 28,6 %-ով և կազմել 67,3 հազար մարդ: Միաժամանակ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների մասով բացասական սալդոն կազմում է 89,3 հազար մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալները ևս արձանագրում են, որ այս տարվա առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից անվերադարձ մեկնածների թիվը կազմել է 61 հազար մարդ:
Արտագաղթի փաստն արձանագրում են նաև արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցող աշխատանքի տեղավորման գործակալությունները, փաստելով` «Հայաստանից հեռանում են բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, հայրենիքից հեռանում են լավագույն մասնագետները, անգամ ֆինանսապես ապահովված ընտանիքները»:
Նույնիսկ հանրահայտ WikiLeaks-ն անդրադարձավ Հայաստանի հայաթափման խնդրին` արձանագրելով, որ Հայաստանից սկսել են արտագաղթել նաև միջին խավի ներկայացուցիչները, ովքեր նախկինում չէին հեռանում երկրից։ «Հայ ծնողներն իրենց երեխաների ապագան չեն տեսնում հայրենիքում»,- եզրափակում է WikiLeaks-ը:
Գիտակցո՞ւմ ենք, թե ինչ հետևանքներով է հղի աղետալի արտագաղթը մեր երկրի համար: Նման իրավիճակում կկարողանա՞ Հայաստանը պահպանել իր ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային անվտանգությունը: Ժողովրդագրական աղետը չի՞ լինի կործանարար հայ ժողովրդի համար, քանզի հայաթափվող Հայաստանը ձեռնտու է միայն մեր թշնամիներին: «Մենք սկսում ենք վերջանալ, ինչպես ջուրը առվի մեջ` աղբյուրի ցամաքելուց հետո, ինչպես լույսը երկնքում` արևը մայր մտնելուց հետո»,- ահազանգում է քաղաքագետ Արա Պապյանը: Ցավոք, աղետը կանխելուն ուղղված համապետական ծրագրերի բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ վտանգի գիտակցումը չկա: Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ «վերևների»` իրականությունը թաքցնելուն միտված ճիգերը. հայտնի պարոնը, զարմացած դեմքով, հեռուստաեթերից անվերջ փորձում է մեզ համոզել, թե Հայաստանի հայաթափման մասին խոսակցություններն ընդամենը անիմաստ աղմուկ են, թե` «Արտագաղթի ծավալների կտրուկ, հեղափոխական փոփոխություններ վերջին 3-4 տարիներին չկան»: Ի՞նչ է ստացվում. ներկա ժողովրդագրական աղետից ելքեր փնտրելու, ուղիներ մատնանշելու փոխարեն, դեռ մի բան էլ փորձ է արվում թաքցնել ճշմարտությունը: Գուցե իրականությունը միտումնավոր չնկատելն ավելի ձեռնտու է ընձեռված աթոռը պահպանելու համար, միայն թե անձայն ու անաղմուկ ընթանա հայերի արտագաղթը:
Իր նախագահության տարիներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց` Հայաստանին 1,5 մլն բնակչությունն էլ բավարար է: Ո՞վ չի հիշում, որ հայության արտագաղթի սկիզբը դրվեց հենց նրա նախագահության օրոք, ո՞վ կարող է վիճարկել, որ ներկա իրավիճակի արմատները տերպետրոսյանական իշխանության ժամանակներից են գալիս: Արդյո՞ք մեկմեկու հաջորդած կառավարությունների վարած տնտեսական քաղաքականությունը միտված չի՞ եղել «1,5-միլիոնանոց Հայաստան» հայատյաց ծրագրի իրագործմանը... Բագրատյանի վարչապետության տարիների հայտնի ասույթն էր` «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»:
Եվ այսօր ո՞ւմ պարզ չէ, որ երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության քայքայման, գործազրկության, երկրում տիրող սոցիալական անարդարության հետևանք է զանգվածային արտագաղթը, որի սկիզբը դրվեց անկախացման առաջին տարիներին ու չի դադարում առայսօր: Պատճառների ցանկը կարելի է անվերջ շարունակել. ստվերայնություն, մենաշնորհ, օլիգարխիա, կոռուպցիա: Մասնագետների հաշվարկներով, եթե երկրում ստվերը կազմում է տնտեսության 70 տոկոսը, կնշանակի շուրջ 700 մլն դոլարը շրջանցում է պետական բյուջեն: Իսկ քանի՞ աշխատատեղ կարող էր ստեղծվել, եթե 700 մլն-ը չշրջանցեր պետբյուջեն, և ուրեմն, քանի հայ ընտանիք ստիպված չէր լինի բռնել օտարության ճամփան:
ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց. ԻՆՉՈ՞Ւ
Լրագրողական կարճ հարցումները պարզեցին այսպիսի պատկեր. «Լավ օրից չէ, որ գնում ենք»,- ասում են հեռացող հայերը։ «Աշխատանք չկա, ինչպե՞ս պահենք մեր երեխաներին»: «Կարոտում ենք հայրենիքը, մեր հարազատներին, ուզում ենք վերադառնալ, բայց ինչպե՞ս»: Ինձ սարսափեցրեց Գյումրու ՌԴ հյուպատոսարանի առաջ գոյացած հերթը. «Եթե պետությունը հոգա իր քաղաքացիների մասին, աշխատատեղեր ստեղծվեն, մենք ստիպված չենք լինի գնալ մեր երկրից»,- ասում են գյումրեցիները: Օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների հետ զրուցելիս մի ցավալի փաստ նկատեցի. իր երկիրը սիրող ու օտարության մեջ երկրի կարոտից խեղդվող հայն անգամ մեկ հարցում իրեն հաջողակ է համարում, որ ապրում է իրավական երկրում, ուր պաշտպանված են իր իրավունքները, ուր փողն ու զոռբայությունը չեն որոշիչը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կրկնապատկվել է գյուղական շրջաններից արտագաղթը: Իրավիճակը մտահոգիչ է Շիրակի և Կոտայքի մարզերում: Այցելեք ՀՀ ցանկացած մարզ ու կհամոզվեք` արտագաղթի հիմնական պատճառը գործազրկության բարձր մակարդակն է, տեսանելի հեռանկարի բացակայությունը: «Դրսում աշխատելու պայմանները շատ վատ են, բայց ինչ անենք, ստիպված ենք գնում»,- շատերը նաև վստահեցնում էին, որ եթե աշխատանք ունենան, երբեք չեն մտածի հայրենի գյուղը լքելու մասին: Գյուղացիների մի զգալի հատվածը հողի մշակումն անարդյունավետ ու անիմաստ աշխատանք է համարում, դրա համար էլ մարզերում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասել է տագնապալի չափերի:
ԿԱՄԱՎՈՐ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՕՏԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Օտարն էլ իր հերթին է, սեփական շահերով պայմանավորված, նպաստում հայաստանյան արտագաղթին:
Մոսկովյան Կրեմլը, մտահոգ սեփական երկրի ազգաբնակչության թվի անկումով, 2006-ից սկսեց իրականացնել ՌԴ բնակչության թիվը ի հաշիվ նախկին խորհրդային հանրապետությունների ավելացնելու ծրագիր: Ծրագրում պատվավոր տեղ տրվեց հայերիս` որպես աշխատասեր, խելացի ժողովրդի, իսկ Երևանում չուշացավ Ռուսաստանի վերաբնակեցման ներկայացուցչության ստեղծումը: Փաստորեն, սկսեց իրագործվել «հայաթափում` կամավորության սկզբունքով» ռուսական ծրագիրը:
Չնայած ամիսներ առաջ տարբեր կազմակերպություններ հանդես եկան Հայաստանում գործող ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի գրասենյակներն անհապաղ փակելու կոչով, սակայն, պարզվում է, դրանք մինչ օրս կան ու շարունակում են իրենց անօրինական գործունեությունը Հայաստանում:
Սեմինարի մասնակից անձանցից մեկի տեղեկացմամբ, հավաքները շարունակում են կազմակերպվել Մանուշյան 72 հասցեում: Իսկ շաբաթը հինգ անգամ` երկհերթ ռեժիմով, կազմակերպվող սեմինարներին ամեն օր մասնակցում է ավելի քան 100 մարդ: Այսինքն, մեկ շաբաթվա մասնակիցների թիվն անցնում է 500-ից: Նրանց տրամադրվում են տարբեր թղթապանակներ, ուր նշված են հայերին որպես բնակության վայր առաջարկվող ՌԴ մարզերը, առաջարկվող պայմաններն ու աշխատանքի բնույթը: Հայ ընտանիքներին հիմնականում բնակեցման են ուղարկում Կալինինգրադի, Վորոնեժի, Լիպեցկի, Տյումենի մարզեր: Իսկ խոստումների փաթեթը գրավիչ է` տուն, աշխատանք, նպաստ, ճանապարհածախս և, իհարկե, ՌԴ քաղաքացիության արագացված ձևակերպում: Անցած տարիներին 300 000 մարդ այս ծրագրի շրջանակներում ստացել է ՌԴ քաղաքացիություն:
Պուտինի հրահանգով կյանքի կոչված կրեմլյան այս ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2012 թվականին, այսինքն, մինչև Ռուսաստանի նախագահական ընտրությունները, ահա թե ինչու, չնայած ներհայաստանյան դժգոհություններին, այն ամեն կերպ հասցվելու է իր ավարտին:
Լրատվամիջոցներում բազմիցս է շրջանառվել այն լուրը, թե որոշ տուրիստական գործակալություններ մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գործում: Նրանք 3-ից մինչև 6 հազար եվրոյով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը: «Իրատես de facto»-ն ևս անդրադարձավ այս խնդրին, տեղեկացնելով, որ զբոսաշրջության անվան տակ Հայաստան թափանցած թուրքական «Թեզ-Տուր» գործակալությունը զբաղվել է երկրի ազգային անվտանգությունը վտանգող գործողություններով: Մասնավորապես, հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի հայաթափմանն օժանդակելը եղել է ընկերության հատուկ մշակած ծրագրերից մեկը. օգտվելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական լարված իրավիճակից` զբոսաշրջիկների անվան տակ կազմակերպել է բազմաթիվ հայ ընտանիքների հայրենիքից անարգել հեռացումը. նրանց հասցրել Ստամբուլ, ապա Եվրոպա:
Սփյուռքի նախարարությունը, հսկայական գումարներ ծախսելով, իրականացնում է «Արի տուն» ծրագիրը, որը հային տուն բերող ծրագիր չէ հենց միայն այն պատճառով, որ ընդամենը զբոսաշրջային ծրագիր է և ոչ ավելի: Նման ճանաչողական բնույթ կրող ծրագրի գոյությունն արդարացված կլիներ միայն այն դեպքում, եթե գործեր իրական «Արի տուն»-ը:
Ամենևին այն կարծիքին չեմ, թե ազգովին անելանելի իրավիճակի մեջ ենք, հոդվածիս նպատակն էլ հուսալքություն տարածելը չէ, բայց վիճակը, իրոք, աղետալի կդառնա, իսկ մենք` միայն աղետի վկա, եթե շարունակենք բութ համառությամբ անտեղյակ ձևանալ ու ելք փնտրելու փոխարեն բավարարվենք սուտ թվեր ու փաստեր հորինելով: Հայրենադարձությունը պետք է դառնա ազգային անվտանգության ծրագիր: Այդ ծրագրի իրագործման համար աշխատատեղեր են պետք, սոցիալական արդարություն է պետք, ժողովրդի նյարդերը չծամող և ունեցվածքը չքամող պաշտոնյաներ են պետք, գյուղացուն «բլոտի» փոխարեն մատչելի սերմացու, ջուր ու պարարտանյութ է պետք, այլապես ավարտվելու է Հայաստան հեքիաթը, և մնալու են միայն աներկիր ղեկավարները:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ