«Մի շարք բնապահպան հասարակական կազմակերպությունների առաջարկով` Պրոսպեկտի շուկան վերանվանվելու է... Բարսեղ Կանաչյանի շուկա»։
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
«Խճամտքեր»
ՃԱՇԱՑԱՆԿ-ԿՔԱՆՍՏՈՒՄ
Բթամատի և ճկույթի երկար-աղտոտ եղունգներ...
ՈՒ մի գլուխ` քորի կարոտ։
Եվ հուզումներ բազում...
«-Ի՞նչն է, որ այսօր կարող է հուզել կամ հուզում է Ռուբեն Հովսեփյանին։
Ռ. Հ. -Հիմա ինձ ամենաշատը հուզում է մեր քաղաքացիական հասարակության կայացման խնդիրը։ Այլևս հույսս չեմ կապում իշխանությունների և գործող կուսակցությունների հետ»։
Դրվագ հարցազրույցից, «Գրական թերթ», 9 մարտի, 2012 թ.։
Դու չես կապում, ես չեմ կապում, նա չի կապում։
Սակայն մեզ կապում են, կապանքում, կաղապարում։
Դու հավատուրաց չես, ես էլ, նա էլ, երկիրն էլ, ու վրադիր` էրգիրը։ Եվ հուզվում ես բավականին տեղին, արգո իմ գրող և գործիչ։
Բայց ի՜նչ փույթ, մեր հուզումները խորասուզվում են ոմանց ներանձնական լողավազանների խորքերը։ Ոմանք ու նրանց պարագլուխ ոմն մեկը, ոմն երկուսը, տասներկուսը, դասակը, դիվիզիան... Դարը։ Ոմանց դարը։ Ոմա՜նք... Եվ մենք` քնահարամ-քնի կարոտ, անկախությամբ ցցուն։ Ցցուն, ինչպես վաղահաս դդումը` սահմանամերձ գյուղի բանջարանոցում։
ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵ՞Ս, ՈՋԼԱԶԵՐԾՎԻՐ
(հանրային բուրմունքներ)
Նորանկախ հայ հանրույթը բուրում է։ Բուրում է «մարմա՜նդ, մարմանդ», ինչպես «Տժվժիկ» անմոռաց կարճամետրաժի կրակը` թավայի տակ։ Թե ինչ եղավ տժվժիկը, տեղյակ եք։ Բայց խոսքն այդ մասին չէ։ Եղունգները մեր հանրային վաղուց ի վեր «գործազուրկ» են։ Եվ մեր հանրային «բուրմունքը» սպառնում է բնապահպանական աղետի վերածել ողջ տարածաշրջանը` մրցակցելով իրանական միջուկային զենքի հետ։
Սակայն իրանական սպառնալիքը քաղաքական հզոր լծակ է։ Հնագույն արիացիների ներկա հետնորդներն աշխարհի հետ իրենց հաշիվներն ունեն։ Էնպես որ, նրանց հանգիստ թողնենք և վերադառնանք Արարատյան հովիտներ։
Իսկ մինչ այդ հյուրընկալվենք «ԼԼ» հյուսիսային ծովախորշում։ Այստեղ գարունն է բուրում։ Եվ նազում են կեչիներն ու բարդիները։ Այստեղ` դոդոշների թերակղզում, արգելափակված են.
ա) հայերեն ոսկեղենիկ խոսքը,
բ) հանրային լուրջ խնդիրները,
գ) բարոյակիրթ քաղառաջնորդները,
դ) թամանյանական Երևանի տեսլականները։
Այնինչ կարմրախայտերի օազիս-կղզում տաբուներ են դրված ահա սրանց առջև.
ա) հայերենի և քուչակյան հայրենների բռնադատման,
բ) կենցաղային աղբահումորի բորբոքման,
գ) պնակալեզ-քաղգործիչների գործիքավորման,
դ) քաղգործիչների համույթի հանրահռչակման։
ԱՆԿԱԽԱԿԱՆ «ԲՈՒԼԻԺՆԻԿՆԵՐԸ»
Իսկ Արարատյան հովիտներում ալ-կարմիր լուսաբաց է, զեփյուռն է շղթայազերծում մեր շփոթահար հոգիները։ Մաշտոցի անվան պողոտայի պուրակ։ Եվ Թռչկանի կիրճ։ Անկախական սերունդը ձեռքն է առել պրոլետարի գլխավոր զենքը` «բուլիժնիկը» (նույն ինքը` գետաքար, գլաքար, ճաքաքար)։ Լուսաբաց է Արարատյան հովիտներում։ Ազատ ոգին հանրային բուրմունքն է մերժել, այլ կերպ ասած` հոտը (նույն ինքը` գարշահոտը), որ անհույս անտարբերության և հնազանդ համբերության միաձույլ արտադրանքն է, թափոնը, թերմացքն ու թուրմը։
Անկախական վառ սերունդը, դավից հեռու, ցավին ագուցված։ Հանրային ցավին, որն իշխանական վերնակույտի դավի արձագանքն է։ Իշխանական դավի, որ ամոքում է հանրային մեր հորանջը։ Հորանջ, որ անդրադարձն է իշխանակույտի դիվախաղի։ Դիվախաղ, որ քաղցրաբլիթի տեսքով և շոկոլադի համով դիվոտվում է մեր ստամոքսում և հուշում գանգուղեղին` լինել հեզ, ինչպես եզ։ Եզնե՜ր, եզնե՜ր իմ հայրենի։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՇԽԱՆԱԿՈՒՅՏԻ ՀՈՐԴՈՐԸ
Նախ` ամեն առավոտ մաքրեք ատամներդ, նաև կոշիկներդ։
Եղե՛ք ուշադիր, չշփոթեք խոզանակները։
Ամենակարևորը` արթուն պահեք ականջաթաղանթներդ։
Զի երեկ, այսօր, առավել ևս վաղը, մյուս օրը հանրային հոտի գլխավոր սնունդը հոգեորսայինն է։
Եվ եթե օրն ունի 24 ժամ, ու ժամերն անբավարար են հոգեորսության շերեփուկները կլանելու համար, չդիվոտեք, առանձին հեռուստաալիքի հացն հանապազօր ալիքվող բայաթիներն են, մուղամներն ու բուղայական բառաչը։
Սա մշակութային իշխանակույտի հեռահար գերնպատակն է։ Համաձայն որի` անհրաժեշտ են կամուրջներ և գետանցումներ։ Միմյանց մերձեցնելու երկու իրարամերժ, հակոտնյա և հաստակող բևեռները։ Այսինքն, իշխանակույտն ու հանրային հոտը։
Զգոն լինենք և վանենք հեռու քաղաքացիական եղբայրասպանության ուրվականներին։ Ի՞նչ պուրակ կամ ի՞նչ այգի։ Քարեղեն այգիներ, տուֆակերտ պուրակներ, բազալտակոփ ճեմուղիներ։ Եվ ասեք խնդրեմ, մի՞թե մեր կյանքը զվարթ չէ։ Մի՞թե կա Երկիր մոլորակում այլ մի եզերք, ուր յուրաքանչյուրը, միջինացված տվյալներով, առնվազն երեք քաղմարմնի անդամ է, նվազագույնը` յոթ հասարակական կազմակերպության ակտիվիստ։ Այնպես որ, համակերպվեք այս ամենին։ Կամ էլ բթամատի և ճկույթի եղունգային դաշինքով ելնենք որսագողության։ ՈՒ ոջիլներ որսանք սեփական-հանրային գանգատուփերի տափաստաններում։
ՌԱԲԻՍԻ ԴՈԿՏՐԻՆԸ
Մի խիստ նորհայկական հաղորդաշար է խուտուտ տալիս հանրային քիմքը։ Անվանումը` հույժ ըմբռնելի։ Հեռուստառեստորան։ Երիցս շնորհակալ լինենք «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Զի նա անխռով բացահայտում է մեր օրերի գերագույն բարոյականության տողատակերը, երեսն ու աստառը։ Լավ, հանրածանոթ և, որ զարմանալի է, շնորհալի արտիստը հանուն մոլեմսխուն կապիտալի հոսքի ապահովման ստանձնել է նաև այս խեղկատակությունը։ (Էլիտար թաղամասի առանձնատունը, ընդունենք, որ պարտավորեցնող հանգամանք է։ ՈՒ առանձնատան բնակիչն անզոր է բավարարվելու համեստ հոնորարով և պատվազուրկ անող աշխատավարձով)։ Այսպիսով, ռեստորան, համապատասխան բաղադրամասերով։ Այսինքն` սեղաններ, ուտեստ ու խմիչք և նորանկախ Հայաստանի ռեստորանային տեսականին` մեծահարուստի հավակնություններով տառապող ու նրանց գոյությամբ սեփական ես-ը արդարացնող այցելուներ։ Ըստ էության, ոչնչով չտարբերվող մյուս բյուր պանդոկների հաճախորդներից։ Այսինքն, իշխանակույտի հենարան հանդիսացող «արդի արմենոիդներ»։ Որ սիրում են կյանքն ու կյանքի ամենօրյա անակնկալները։ Եվ, այսուհանդերձ, իշխանակույտի իրական հենարանն ու բարոյական կառամատույցը նրանցով չի ամրագրվում։ Հայացքներիդ քիչ վեր բարձրացրեք և հայտնաբերեք նրանց։ Բեմում շորորավարգ ու կոնքաթրթիռ մեկնաբանն է, ով հատ-հատ բեմ է հրավիրում հանրապետության (երբեմն էլ` արտերկրների) ռեստորանային երգարվեստի մունետիկներին։ Վերջիններս արհեստավարժ սովորույթի համաձայն` անգթորեն խարդախում են հանրահայտ երգերը` ծափ կորզելով հանդիսասրահից։ Օթյակում էլ նրանք են, դիտորդները, ովքեր զմայլուն զարմանքով արժևորում են ռաբիս վայելչանքը։ Իսկ նրանք արդի հայ բեմարվեստի տիտղոսակիրներն են, վաստակաշատ երգահաններ ու երգիչ-կատարողներ։ Որ հանուն մոլեմսխուն ստակի, ոտան կոխան են դարձնում սեփական մասնագիտական-մարդկային սկզբունքներն ու պատվախնդրությունը։ Ահա հենց այս տեսակն է մշակութային իշխանակույտի իրական հենարանը։
Նաև գրական տխրահռչակ ապիկարը, ով պատվավոր հյուր է նույն հեռուստաէկրանին, նորաբնույթ մի նախագծում։ Նորաբնույթ և, հասկանալի է, շուկայական ազատականության բացիլներով լեցուն։ Եվ ահա սույն սուբյեկտի հերթական հրապարակային բանսարկությունը. «Պետական մրցանակի արժանացած ոչ մի գրական գործ ընթերցող չունի»։ Եվ դահլիճը ծափահարում է զոմբիացած։
Այսպիսով, ռաբիսի հաղթարշավն է։
Եվ ամենուր, գրեթե յուրաքանչյուր հեռուստաէկրանից ճաշակ և մտածողություն են թելադրում հասարակական կյանքում ծանրակշիռ դերակատարում ունեցող մշակութամերձ համբակներն ու այլադավ ստահակները։ ՈՒ մի՞թե հենց սա չէ գլխավոր չարիքը։ Եվ գուցե այս ամենը փաստելով այլևս հաշտ ու գորովալից լինենք մեկուկես հոդաբաշխ նախադասություն կազմելու անընդունակ, սակայն ազգային հարստության տնօրինմամբ պետական այր և քաղաքական այրուձի հանդիսացողների նկատմամբ։
Մի՞թե սա մշակութային վերնակույտի մայրամուտը չի ազդարարում։ Մայրամուտ, որ դաժանորեն չի վերափոխվում լուսաբացի։
ՈՒ, բնականաբար, քաղաքական գարշահոտը պատել է երկիրը։ Եվ պարզվում է, որ Բարսեղ Կանաչյանին կանաչու վերավաճառքով զբաղվող մանրավաճառի հետ շփոթողներն արդեն մորեմերկ ընկեցիկներ են` նյութաֆինանսական տեսանկյունից։ Եվ նրանց շուտափույթ պետք է խցկվել ԱԺ, գեթ աշխատավարձով կերակրվելու համար։
Կեցցե՛ արդի հայ քաղաքական օլիգարխիկ բարոյականը։ Ահռելի կապիտալի տերը գրչի մեկ հպմամբ (չկա չարիք առանց բարիքի, գոնե այս առիթով են մատները գրիչ ու թուղթ բռնում) օտարում է գույքն ու կայքը, գրանցում մերձավորի անունով։ Եվ այլևս ազատ է ու անկաշկանդ, ինչպես նորավարտ գիմնազիստը քաղաքային բուլվարում։ ՈՒ այլևս քաղաքական գործիչ է և պետական այր։
ՀԱՆՐԱՅԻՆ ԳԱՐՇԱՀՈ՞Տ
Այո։ Միանգամայն։ Եվ վերջնագրային։ Զի քանիսն են բողոքավոր հանրույթից, որ գոնե 10-15 րոպե վատնելով իրենց գերօգտավետ ժամանակից, թիկունք կանգնեն Մաշտոցի պուրակի և Թռչկանի այլախոհներին։
Սակայն ի՛նչ սրտատրոփ երանությամբ է հայ ժամանակակից հանրույթի անվերապահորեն ճնշող մասը սպասում, թե երբ առաջադրված քաղմարմնի կամ քաղանհատի ներկայացուցիչները կբախեն դուռը, թույլից չափավոր ցինիկությամբ ներս կխուժեն, և կսկսվի երանելին։ Սակարկության բարոյականն այս պարագայում երկսայրի սուր է։ Զի ո՞վ է ավելի բարոյազուրկը. կաշառատո՞ւն, թե՞ կաշառասունը։ Ընդ որում, եթե կաշառաչափը բաժանենք կաշառատուի իշխանական օրերի վրա, որ միաժամանակ կաշառասունների ճորտապատման հերթական ժամանակացույցն է, կպարզվի զարմանահրաշ մի թվաբանական պատկեր։ Դիցուք, Եղոյի բազմանդամ ընտանիքում 5 ձայն է առկա։ Եվ քանի որ երկրի տնտեսական աճը նույնքան անխաթար է, որքան Նիագարայի ջրվեժի հոսքը, համեմատական ընթացակարգով աճում է նաև կաշառաչափը։ Եվ Եղոն ու այլք ստանում են 7-ական հազար, 35 հազար դրամ։ Այսինքն, կաշառատու քաղկառույցի «պետականաշնորհ» գործունեության յուրաքանչյուր ամսի դիմաց վարձը կազմում է 730 դրամ, ընտանիքի հաշվով։
Ավելի բանիմացները կաշառքի բնույթն են փոխում։ Այսինքն, առաջարկում են ձայնագրավի դիմաց աղբահորի առնետներին ոչնչացնել, նորոգել վերելակը կամ էլ թեկուզ օրինականացնել բակի ապօրինի ավտոտնակը։ Կառուցված խաղահրապարակի հենց կենտրոնում։
Այսպիսով, ո՞րն է առավել անտանելի. հանրահայտ հո՞տը, թե՞ քաղաքական գարշահոտը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ