ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Նորանկախ գիքորները մայիսի 1-ին և՝ ոչ միայն

Նորանկախ գիքորները մայիսի 1-ին և՝ ոչ միայն
11.05.2012 | 00:00

Մեզնից ո՞վ հոնգուր-հոնգուր կամ թեկուզ վերմակի տակ գլուխը թաքցրած լաց չի եղել պայծառ լոռեցու անմահ «Գիքորը» կարդալիս։ Ոմանք այսօր էլ աղի արցունք են թափում, եթե, իհարկե, չեն մոռացել` ինչ է գիրքը։ Ասենք, ինչպես մոռանալ, երբ ամեն ծառ ու թուփ դրա մասին է հիշեցնում։ Սքանչելի է, ավագ սերունդը հաղթական կեցվածք է ընդունել, որը կարելի է վերծանել այսպես. «Տեսա՞ք, որ գիրքն անմահ է, հայ ազգի դդմագլուխներ»։ Համաձայն ավագ սերնդի սույն տեսության, «դդմագլուխ» են բոլոր համակարգչամոլները և բոլոր նրանք, որոնց կարդացած միակ գիրը դոլարի տարբերանշանն է։ Ի դեպ, սեփական սոցհարցում եմ իրականացրել մայրաքաղաքի երեք վարչական շրջանում, 8 գյուղում և 4 բուհում։ Եվ պարզել եմ հետևյալ զարմանահրաշ պատկերը. ամենից գրքամերժը աղանդավորներն են, որոնք, բացի սեփական թունոտ թռուցիկներից, այլ բան չեն կարդում, ինքնակոչ գրամրողները, ովքեր ըմբոշխնում են միայն սեփական քերթությունները, և արհեստավարժ քաղգործիչները։ Սակայն շեղվում ենք, անցնենք բուն ասելիքին։

Թումանյանի օրերում մի հարյուր Գիքոր կլինե՞ր։ Վստահաբա՛ր՝ այո։ Խորհրդային տարիներին գիքորատեսակն անհետացավ հայոց պատմության էջերից, անկախության շրջանում նորից ասպարեզ իջավ։ Եվ այսօր Հայաստանում հաշվառվում է շուրջ 30 հազար Գիքոր, գլխավորապես Գիքորուհի։ Գիքոր-Գիքորուհիների դերում հիմնականում տարբեր տրամաչափի խանութների վաճառողուհիներն են։ Ինչո՞ւ Գիքորի դերում։ Շատ պարզ։ Դուք ինձ ցույց տվեք մի վաճառատուն, դեղատուն կամ սպասարկման որևէ այլ օբյեկտ, որի դռանը, փակցված ծանուցագրում աշխատանքի սկզբից և վերջից զատ, նշվի նաև ընդմիջման ժամը։ Նման բան ՀՀ-ում գոյություն չունի։ Սովորաբար խանութները բացվում են 8.00-9.00-ին և գոցվում 22.00-23.00-ի սահմաններում։ Այսինքն, վաղ առավոտից ուշ երեկո վաճառողները ոտքի վրա կշռում են, չափում-ձևում, հորանջում և հազում։ Երբեմն էլ, բնականաբար, թույլից չափավոր ուժգնությամբ լեզվակռվի մեջ մտնում քմահաճ հաճախորդների հետ։ Հասկանալի է, ֆիզիկական և նյարդային բեռը թոթափել է պետք, քանզի ընդմիջում ասվածը որևէ վաճառատանը կամ սպասարկման սրահում պարզապես գոյություն չունի։ Եվ մեր տիկնայք ու աղջիկները գաղտագողի մի պատառ հաց են «վայելում» ու մի բաժակ սուրճ։ Այսպես ասած, ոտքի վրա-ձեռքի հետ։ Այսպիսով, ընդմիջում ասածը բնավ չի մտնում խանութատեր բազազների բիզնես ծրագրի մեջ, ընդ որում, ամենաբարձր օրավարձը 3-4 հազար դրամ է։

Լավ, բազազը հենց նրա համար է, որ կեղեքի աշխատավորին, սակայն զարմանալի է պատկան կառույցների բացարձակ անտարբերությունը սույն խնդրի նկատմամբ։

Այնպես որ, հանուն ժողովրդի բարօրության օրնիբուն «քյալլա» տվող մեծամասնականներն ու համամասնականներն իրենց նախընտրական ծրագրերում ամրագրած սույն խնդրի մասին ընտրվելուց հետո էլ թող չմոռանան։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ