ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ԹՔԵԼ ՓԱՅՏԻԿԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ (ժամանակի հրամայականը)

ԹՔԵԼ ՓԱՅՏԻԿԻՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ (ժամանակի հրամայականը)
27.01.2012 | 00:00

«Ալկոհոլն անըմբռնելի, տարօրինակ բան է, եթե վնաս չտար, այդ դեպքում լավ կլիներ, որովհետև ալկոհոլի միջոցով կարողանում ես երկրային զգացողություններից մի պահ ազատագրվել»։
Վարուժան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ
(վերլուծական-ներածական)

Վերջերս բազմահմուտ մի թարգմանչի և գրասերի, ով ՀՀ պատվարժան քաղաքացի է և հյուրընկալ սեղանապետ (չնայած խաշը ճաշակում է առանց սխտորի, պարզապես լիմոնով) շատ է վրդովեցնում մեր հայկական վարքի մի վարակիչ դրսևորույթը. թքում են ամենուր, եղբայր, շարունակ թքում են, արհեստավարժորեն և ոչ այնքան։ Նաև սիրով են թքոտում, մի տեսակ ինքնամոռաց, պնդում է նա։
(Եթե միայն ինքն իր նման ու հենց դրանով էլ անկրկնելի Վարուժը Վարդանյան երկրային զգացողություններից մի պահ ազատագրվելու ելքը գտնում էր ալկոհոլում, ապա մենք ազատագրման խնդիրներ չունենք։ Մերը երկրին մերձենալն է, անմիջական շփումը։ Մեր, այսինքն` թքողներիս)։
Բայց համահայկական այս խեղկատակությանը դեռ կանդրադառնանք «Թքում ենք, զի թքած ունենք» և «Փայտիկին թքողների երթը» ենթախորագրերում։ Այժմ համառոտ մի պատմություն մեր թաղից (իմա` քուչից, մայլից և հայաթից. սա է թքողներիս աշխարհագրական ընդգրկումը)։
Պատմությունը, ըստ «ԼԼ» կարմրախայտ-արքայազն Արեգնազի, տրագիֆարսի ժանրից է։ (Գլխավոր դոդոշադատապաշտպան Դաթիկոն հատուկ կարծիք ունի սույնի վերաբերյալ և համոզված է, որ պատմությունը պարզապես կենցաղային վոդևիլ է)։

Պապն ու թոռը հանրահայտ թքասերներ են։ Վռամիկ պապն ու Վռամշապուհ թոռը։ Վռամիկը գաղափարական թքող է։ Այսինքն, թքում է գաղափարական փայտերին, փայտիկներին, ցախավելներին և այլն։ Վռամիկը շաղ է տալիս թքաշաղախ երախը, երբ, զորօրինակ, անհրաժեշտություն է ծագում վերանորոգելու վրաերթի ենթարկված վերելակը կամ ախտահանելու աղետալիորեն աղակալած կոյուղին։ Թքա՛ծ ունեմ ձեր լիֆտի վրա, հորս ցավը, ոչ թե փող` ոմն կոյուղու, բղավում է աղեկտուր։ Նրան ներում ենք։ Զի մարդն իր տեղն այս շուկայաշորշոփահար օրերում էլ չի գտնում։ Նախկին կյանքում (մինչև անկախացումը) նա ավագ հրահանգիչ էր։ Կանանց ընդհատակյա շոգեբաղնիքում։ Այսօր գործազուրկ-գործատու է։ Այսինքն, գործ է տալիս ոստիկանությանը։ Առ այն, որ Փառիկի փռում ֆռֆռում են չլիցենզավորված երկու կատու և մեկ բոմժ։ Կամ որ Անաստասի վարսավիրանոցի հայելու գլխին տնկված է ՀԱԿ-ի թռուցիկը, կողքին էլ` կազմաքանդման մայլաքուչային սխեման։ Բայց դե ինչ համեմատություն կանանց ընդհատակյա շոգեբաղնիքի և ոստիկանության հատուկ բաժանմունքի միջև։ Ասենք, մի ընդհանուր բան կա։ Երկուսում էլ կաս-կարմիր ես կտրում։ Շոգեբաղնիքում` լպրծուն բավականությունից, ոստիկանության բաժանմունքում` «անբավարարվածությունից»։
Վռամշապուհիկը գերազանցում է պապին որպես Ջրհոսի դարաշրջանի նախաստեղծ զավակ։ Նա չի թքում։ ՈՒ չի հայհոյում։ Պարզապես խնչում է։ ՈՒղղակի միզում։ Վռամ պապի մարտական հետքերով։

Երբ լրացավ Վռամշապուհի երեք տարի տասն ամիսը, նա փոխարինեց Վռամին։ Համաձայն գործատուների միջազգային ընկերակցության նոր ռազմավարության։ Այժմ նա է թքում, մատնում և ահաբեկում քուչամայլի խալխին։ Իսկ պապը, հասկանալի է, կատարում է նրա պարտականությունները։

Լավ, ընդունենք, որ սա գենետիկ տխմարության ցուցանք է, բայց ինչո՞ւ են կանգառում ռիթմիկ թքում ուսանող Սրապը, կամ ասպիրանտ Սուքիասը։ Թքում են բոլոր ուղղություններով, անգամ` քամուն հակառակ։ Թքում են և վեհապանծ նայում դեպ լյառն Արարատ։ ՈՒ նման պահերին ուզում ես մի լավ խմել ու ազատագրվել երկրային զգացողություններից, զի թքում են միամիտները, անմիտները, պարապներն ու աշխատամոլները։ Ինչո՞ւ։ Զի վերից վար, աջից ձախ ու հյուսիսից հարավ մենք թքած ունենք մեր անմիջական պարտականությունների վրա, ինչպես խորհրդարանին շուտով հրաժեշտ տվող այն բազմաքսակ տեսականին, որն այդպես էլ սեփական հանձնաժողովի անունը գիրկապ չարեց ու չզանազանեց Եվրախորհուրդն ու խորհրդարանի «եվրառեմոնտը»։ Իսկ մեր քուչամայլի պարծանք ու պատուհաս Լոլո՞ն։ Լոլոն խառնածին է, մայրը բակային թափառաշրջիկ էր, հայրը` գամփռ։ Բայց նրա արյան մեջ հաստատ հարկային ծառայող կա կամ, նվազագույնը, սերիալի սցենարներ մրոտող։ Լոլոն քսմսվում ու սիրաշահում է, երբ կերակրում ես։ Հաջորդ հանդիպման ժամանակ ժանիքներն է ցուցանում ու փակում ճանապարհդ։ Դեպի տուն կամ խանութ։ Պարզ է, Լոլոն էլ թքած ունի, անգամ` աջթևային թքոտողներ Սրապի ու Սուքիասի վրա։ Այսպիսով, Լոլոն շահամոլ թքող է։ Սրապն ու Սուքիասը` անշահախնդիր-երազողներ։ Ի դեպ, Սրապը մասնագիտանում է ներքաղաքական հոգեվերլուծության ոլորտում։ Սուքիասը գինեկոլոգ-տեսաբան է։ Եվ ահա Լոլոն, Վռամշապուհը, Սուքիասը, Սրապն ու Վռամը, Անաստասն ու մայլաքուչի ղուշբազ Վալոդիկը անքուն են և անթրաշ։ Նրանք կուսակցություն են հիմնում և պատրաստվում են համամասնական պայքարում 11 մանդատ շահել։ Կուսակցության անունն է «Թքել փայտիկին»։

ԹՔՈՒՄ ԵՆՔ, ԶԻ ԹՔԱԾ ՈՒՆԵՆՔ
(չինական լիկբեզ)

Զի արդարացված է մեր հոգեխանգարմունքը։ Զի դրա համար ո՛չ պատիժ է սահմանված, ո՛չ էլ մահապատիժ։ Չինական ավտոբուսները Երևան հասան դժվարությամբ ու դժկամությամբ, զի գիտեն գլխներին գալիքը։ Այս մասին քիչ անց։ Այժմ` սրճըմպում «ԼԼ»-ում։
Համաձայն «ԼԼ» միջազգայնագետ, առաջին դասի կարմրախայտ Վարդիշաղ Շողացոլքյանի, անհրաժեշտ է փոխառնել չինական փորձը ավտոբուսների կիրարկմանը զուգընթաց։ Զարմանալի է, բայց և այնպես Կոնֆուցիուսի հայրենակիցները թքամոլությամբ են տառապում։ Թքում են ամենուր, բայց թքած չունեն։ ՈՒ հենց սա է մեր և նրանց տարբերիչ հատկանիշը։ Եվ ահա Պեկինի օլիմպիական խաղերից մեկ տարի և երկու ամիս առաջ Չինաստանի կառավարությունը հատուկ հրովարտակներով կոչ արեց դադարեցնել սույն կենսաբանական արտավիժանքը։ Չին ժողովուրդն ընդառաջ եկավ հայրենի կառավարությանն ու իշխանություններին։ ՈՒ գիտե՞ք ինչու։ Զի կառավարությունն ու իշխանությունը բնավ թքած չունեն չին հանրության զգացմունքների, ցանկությունների և երազանքների վրա։ Բա՛ստա։ Պեկինն ու մարդկությունը փրկվեցին վերահաս աղետից։ Եկեք պատկերացնենք ինչ կլիներ մոլորակի հետ, եթե չինացին դարակազմիկ ռեկորդ սահմաներ և 1 միլիարդ 357 միլիոն չինացի համատեղ թքեր։

Չինական հարմարավետ ավտոբուսները Երևանում են։ Փորձաշրջանը մեկնարկում է։ Հրավիվրում են աշխատանքի վարորդներ` երկուսից երեք հազար դրամ օրավարձով։ ՈՒ թե ով այսօր կնստի չինական ղեկին, դժվար է անգամ պատկերացնել։ «Բոգդանների» հետ աճպարարական ճանապարհ անցանք, իսկ դա չի մոռացվել։ Նախ` քաղաքապետարանն իր հովանու տակ առավ վարորդներին, ավտոբուսները և երթուղագծերը, հանրահռչակեց այս ամենը և հանձնեց մասնավորին։ Որոշ երթուղագծեր դեռ դիմակայում են, անորոշները` հոգեվարք ապրում։ Ահա տխրահռչակ թիվ 19 երթուղագիծը («40 սովխոզ», 15-16 թաղամասեր, «Հրազդան» տոնավաճառ, բուհական հատվածներ ու հետդարձ)։ Շնչում է, չի արտաշնչում։ Զի նույնական է թիվ 46 միկրոավտոբուսային երթուղագծի հետ։
Թիվ 46 երթուղի՜ն։ Սա պատմելու բան չէ, սա զգալու բան է։ Մի պահ տարվենք զգացմունքներով։ Միկրոավտոբուսները մեկնարկում են «Հ2» հեռուստաընկերության մերձակայքից, ու, արդեն Աջափնյակում, Շինարարների փողոցի սկզբից, խայտառակ վարքագիծ դրսևորում։ Կանգառ է յուրաքանչյուր հինգ մետրը մեկ, և միմյանց գրկում հանգրվանելն ավանդույթ է, դրանից խուսափելը` աններելի զանցանք։ Ի դեպ, իննամսյա երթևեկումից հետո հղիանում է անգամ 90-ամյա տատը, նաև` ձեռքի բջջայինը և այլն։ Շարժակազմերը վաղուց լքել են «շարքերը». ջարդոտված նստարաններ, փակվող-չբացվող դռներ և անթրաշ վարորդներ։ ՈՒ ի՞նչ, չինական թարմ ու կոկիկ ավտոբուսները կփոխարինե՞ն այս խառնափնթոր երթուղագծի կիսախարխուլ վետերաններին։ Խիստ կասկածելի է։ Զի գծատերը ձևական, պնդաճակատ մեկն է, ով անտեսում է ահազանգերը բազում, իսկ փաստացի սեփականատերերը (ասում են` կոալիցիայի քաղկոթողներից մեկը) թքած ունեն հանրության բարօրության վրա։ Այսինքն, բարձրավոլտ թքող է։ Նույնատիպ թքող են և՛ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու ծառայողները, և՛, առհասարակ, բնագավառի մյուս բոլոր պատասխանատուները։ Եվ ի՞նչ, կփոխվի՞ ինչ-որ բան։ Տեսնենք։ Հուսանք և սպասենք։ Առանց ազատագրվելու երկրային զգացողություններից։

ՓԱՅՏԻԿԻՆ ԹՔՈՂՆԵՐԻ ԵՐԹԸ
(քամուն հակառակ)

Քաղկառույցը (անկախ երանգավորումից), պարզվում է, թքելու անզուգական միջավայր է, վարժահրապարակ, դպրատուն ու կառափնարան։ Վերջինը` փոխաբերական իմաստով։ Անշուշտ, ցավոք։
Եվ եթե պարտադրվում ես քաղաքական մոլեխաղերում «վիզ դնել» ու հաջողությամբ շարունակել երթդ, նախ պետք է բարդ հոգեբանական ինքնաճանաչողության հասնես ու համոզվես, որ ցանկացած պահի կարող են թքե՛լ ու լքե՛լ (այս իմաստով քաղթքող-բազմադեմերը երկվորյակի հարազատություն ունեն Մոտավորականների հետ։ Արյամբ։ Ոգով։ Ողնաշարով։ Պորտապարի գալարներով)։

Այստեղ արժե թմբուկներ զարկել (հիշեցման կարգով` թմբուկների կաշին դոդոշների մորթուց է պատրաստված և բավականին հավակնոտ է)։

Եվ այսպես զարկում են թմբուկներն ու շառաչում շվիները։ Զարկ ու թնդյուն։ Եվ թքումներ ու լքումներ։ Նաև` շառաչուն շվիականչ։ Ահավասիկ լքումներն արդարացվեցին հերթական անգամ։ Եվ հերթական քաղմարմնի երանգավորումը պիտի արտացոլվի արյամբդ, ոգովդ, ողնաշարովդ։ ՈՒ թե նախկին քաղմարմինը պահանջում էր գորշ ներքնազգեստ, արթուն կեցվածք և բեղմնավոր փնտրտուք խաղատներում, ներկան ենթադրում է երկնագույն վարք ու բարք։ ՈՒրեմն թքա՛ծ, ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը։ Եղիր հեզ, որպես եզ, ու պես-պես բարիքներն առատության եղջյուրից կողողեն ներկադ ու ապագադ։ Մինչև 666-րդ պորտդ։ Բայց տիարք (երբեմն էլ, ի մեծ ցավս, տիկնայք), սթափ եղեք ու հիշեք, որ առաջին համաշխարհայինի ամենախելացին ու հավերժը քաջարի զինվոր Շվեյկն էր։ Որ Կորեյկոն ու Պանիկովսկին շատ հաճախ ձեր վարք ու բարքի զուգահեռներում ճերմակ աղավնիներ են ու ոսկեմազ մաքիներ։ Գոնե կուսակցադավ չեղան։
Ի դեպ, մտածե՞լ եք երբևէ, թե ինչ կլինի, եթե տիար Արգամիչն ու Ծառուկյանը հանկարծ թքեն ու հեռանան քաղաքականությունից։ Ի՞նչ կլինի, ո՞ր քաղցուցակում կհայտնվեն ծառուկյանական բալասանյանները, կարամելներն ու մարմելադները։ Նաև` լֆիկանեմեցաշմայսական «մենյուն»։ Նույնը վերաբերում է անխտիր բոլորին։ Բոլոր նրանց, ովքեր թքել ու թքում են ամենայն բանականի ու բարոյականի վրա։ Ի վերջո, բանական և բարոյական հարթավայրերում թքում են հանրահայտ փայտիկին։ Իսկ փայտիկը, ի դեպ, լինում է երկու ծայրից սրած և խաղաքար է հանդիսանում հարազատ ու մոռացված «չլիկ դաստա» զվարճախաղում։ Ո՛ղջ լերուք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Մեր որոշ մոտավորներ, այսպես ասած, մարտաշունչ թքողներ են։ Ահավասիկ դերասան ՎՍ-ն։ Բավական է ոտք դնի Աբովյան փողոց ու անմիջապես պատանեկան անավարտ կայֆը դեմ է տալիս պատին, հետո ուղեկցում վաճառատուն։ Արևածաղիկ գնելու և վար քալելու Աբովյանով, չրթելով սեմուշկան, աջ ու ձախ թքելով, մնացորդը` մայթերին ու անցորդների քղանցքներին։ Մի խոսքով, այս տղան մեր օրերի աբովյանական խորհրդապատկերն է։ Ինչպես ժամանակին Կարաբալան էր։

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ