Պատմությունը ստեղծվում է ամեն օր, և քանի դեռ այսօրը չի դառնում երեկ և չի վավերացվում, պատմություն չի դառնում, այլ մնում է մարդկանց հիշողության մեջ կամ մոռացվում է։ Մինչդեռ ժողովրդի կյանքում կան իրադարձություններ, որոնք անհրաժեշտաբար պետք է մտնեն պատմության էջերը։
1995-ին լրանում էր Հայաստանի երկաթուղու 100-ամյակը, և երկաթուղու վարչությունը որոշում է այդ հոբելյանին նվիրված գիրք հրատարակել։ Սակայն, ինչպես ասում են, պատմությունն առանց ներկայի, որ հետո պիտի պատմություն դառնա, թերի է։ Ապագա գրքի հեղինակը` այն ժամանակ ՀՀ երկաթուղային վարչության անվտանգության գծով պետի տեղակալ, փորձված երկաթուղային, թե՛ գործնական, թե՛ տեսական հարցերում, Լևոն Հակոբյանը, հարյուրամյա պատմությանը, որ հիմնականում անցել էր կանոնակարգված աշխատանքային մթնոլորտում, ասես փորձում է հակադրել գործունեության այն արտակարգ ծանր պայմանները, որոնց մեջ դեպքերի բերումով հայտնվել էին հայաստանցի երկաթուղայինները։ Եվ գրքում տեղ են գտնում նաև 1988-ի երկրաշարժից ավերված երկաթուղային ենթակառուցվածքները վերականգնելու և, որոշ ժամանակ անց թշնամու սահմանն անցնելով, Հայաստանի համար նախատեսված բեռները ներկրելու ծանր ու պատասխանատու և հույժ կարևոր գործի մասին պատմող հուշերը։
Ընդունված է ասել, որ երկաթուղին երկրի արյունատար անոթն է։ Եթե երկիրն ունի քաղաքականապես գոնե չեզոք և տնտեսական փոխշահավետ սկզբունքներով առաջնորդվող հարևան պետություն, ապա երկաթուղին լիովին կարող է փոխարինել ծովին։ Արևելյան Հայաստանի Հանրապետության բախտն այս հարցում էլ չի բերել. ծով չունենք, չենք էլ փորձում օգտվել միջազգայնորեն ընդունված «Ծով չունեցող երկրների համաձայնագրի» տված հնարավորություններից։ Մեր չորս հարևաններից երկուսը լիովին շրջափակել են, երրորդը` Վրաստանը, առերես կամ պաշտոնապես չի շրջափակել, բայց հաճախ է փակում Վերին Լարսի ճանապարհը։ Արտաքին աշխարհի հետ ցամաքային միակ ճանապարհը Իրանի հետ սահմանն է, այստեղ էլ երկաթուղի չունենք։ Մինչդեռ անկախության տարիներին Հայաստանն առաջին հերթին այդ երկաթուղին պետք է կառուցեր։
Տնտեսական և քաղաքական տեսակետից նպատակահարմար և շահավետ չէ տնտեսական, ռազմա-քաղաքական և ընդհանրապես դաշնակցային հարաբերություններ զարգացնել այն երկրի հետ, որն անմիջական սահման չունի քո երկրի հետ։ Երկու երկրների միջև եղած պետությունը, հաճախ` որպես քաղաքական որոշակի կոնյունկտուրայի դրսևորում, կարող է լինել ոչ բարեկամ կամ անգամ թշնամի քո դաշնակից պետությանը։ Այսպիսի դեպքերում է, որ ասում են. «Բարեկամիդ թշնամին քո թշնամին է»։
Հիշում եմ, մայրս պատմում էր, որ 1937-ին Աղասի Խանջյանին Բերիան Թբիլիսիում սպանել էր այն բանի համար, որ Խանջյանը պահանջել էր Հայաստանի համար ելք դեպի Սև ծով` Երևանը երկաթուղով ծովի հետ կապելու նպատակով։ Իսկական պետական գործիչն իր երկրի քաղաքական և տնտեսական ապագան կանխատեսում է այնպես, ինչպես ճատրակ (շախմատ) խաղացողն է մի քանի քայլ առաջ կռահում քայլերի նպատակահարմարությունը, իսկ թշնամու քայլերի` վտանգավորությունը։ Աղասի Խանջյանը 75 տարի առաջ տեսնում էր ապագա Հայաստանի աշխարհաքաղաքական այս խնդիրները։
Խորհրդային իշխանությունը, տվյալ դեպքում քաղաքական վերնախավը, Միության վարչական միավորումներն իրար կապելու յուրատեսակ սկզբունք էր մշակել, որը թեև քաղաքական տեսակետից անխոցելի էր և արդարացված, սակայն տնտեսագիտական` զուտ տեսականորեն և տնտեսական` շահավետության տեսակետից հաճախ արդարացված չի եղել։ Որպես ապացույց մեկ օրինակ բերեմ, որն անմիջականորեն առնչվում է մեզ։ Խորհրդային Հայաստանի երկաթուղային կապը Ռուսաստանի հետ իրականացվում էր երկու ճանապարհով` ա) մարդատարը` Վրաստանով, բ) բեռնատարը` Ադրբեջանով։ Հայտնի է, որ երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհն ուղիղն է։ Ռուսաստանից եկող բեռները Հայաստան էին մտնում Ադրբեջանով` հսկայական շրջանցում անելով։ Խորհրդային տարիներին, թվում է թե, առանձնապես խնդիր չի եղել, թեև հաճախ Հայաստան եկող բեռնատար գնացքներն օրերով կանգնում էին փակուղիներում, և բեռները ժամանակին տեղ չէին հասնում։
Մինչև 1992-ը Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող բեռնատար երկաթուղին գործում էր, սակայն շարժակազմն ուղիղ Երևան չէր մտնում, այլ կանգնեցվում էր Նախիջևանի Նորաշեն կայարանում, հետո հայ մեքենավարներն էլեկտրաքարշով մեկնում էին Նորաշեն և այնտեղից բերում էին վագոնները` հիմնականում բեռնված հացահատիկով։
1988-92-ին ադրբեջանցիները թալանում կամ փչացնում էին հայաստանյան բեռները։ Ես չգիտեմ, արդյոք այդ տարիներին, մանավանդ խորհրդային իշխանության շրջանում, Հայաստանի իշխանությունները փորձե՞լ են բեռնատար փոխադրումների երկաթուղին տեղափոխել Վրաստանի տարածք և նոր ուղի բացել` Լենինական-Ախալքալաք-Ախալցխա-Բաթում-Սուխում-Ռուսաստան։ Եթե գեթ փորձ կատարվեր և Մոսկվայի միջոցով լուծվեր այդ խնդիրը` փաստարկելով թալանված և կալանված բեռները, թերևս մինչև ռուս-վրացական ընդհարումը մենք երկաթուղային ուղիղ կապ ունենայինք Ռուսաստանի հետ։ Ինչևէ, պատմության հարցերում ըղձական կամ ենթադրական եղանակով չեն խոսում։
Հիմա քաղաքագետներն ու տնտեսագետները դիվանագիտական տարբեր մակարդակներում հաճախ են հիշատակում Ադրբեջանի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը։ Բայց քչերը գիտեն, թե մինչև վերջնական շրջափակումը հայ երկաթուղայինները, մասնավորապես մեքենավարները, տառապանքի ուղիներով անցնելով, աներևակայելի ի՜նչ դժվարությամբ էին Նախիջևանի Նորաշեն կայարանից բեռները ներկրում Հայաստան։
Եվ այսպես, 1996-ին լույս է տեսնում հայ երկաթուղայինների անձնուրաց աշխատանքին և ամենաիսկական սխրագործություններին նվիրված ծավալով փոքր, բայց ոգեղենությամբ հզոր գիրքը։ Հազար օրինակ տպաքանակով «Մարտի են գնում առանց զենքի» գիրքը վաճառքի չի հանվել. այն նվիրել են երկաթուղայիններին` որպես անմոռաց հուշ իրենց և իրենց ընկերների մեծ հայրենասիրության։ 1992 թ., երբ Մոսկվան անկախացած Ադրբեջանի վրա այլևս ներգործելու լծակներ չուներ, Հայաստանի երկաթուղայինները կանգնում են ադրբեջանցիների վայրագություններին դեմ առ դեմ։
Որպեսզի իմ մեկնաբանությունները մերկապարանոց չթվան, ես գրքից մեջբերումներ կանեմ, որ մեր ընթերցողներն իմանան, թե այն հացին, որ կերել ենք 1989-92 թթ., որքան թանկ գին են վճարել մեր մեքենավարները։
Ժողովրդի պատմության մեջ ոչ մի կարևոր իրադարձություն չպետք է մոռացվի, այլ պետք է պատմել սերունդներին, որ այն հայրենասիրության, անձնվիրության և խիզախության դաս լինի։
Նախապես իմ ընթերցողների ներողամտությունն եմ հայցում, որ գրքից արված մեջբերումները հայի արժանապատվությունը ստորացնող, անմարդկային, դաժան ու արյունալի դեպքեր կլինեն։ Հավատացնում եմ ձեզ, տարիներ առաջ գիրքը խմբագրելիս և հիմա, երբ քաղվածքներ եմ անում` առավել դաժան տեսարանները բաց թողնելով, ուղեղս սառչում է։
Մենք այդ «մարդկային» տեսակի հետ ընկերություն ու հարևանություն ենք արել, «Եղբայր դարձան Հայաստան, Ադրբեջան» ենք երգել։
Մեր թշնամու հանդեպ գոնե չափավոր հիշաչարություն ունենանք և ատենք նրան, քանի որ, եթե չես ատում թշնամուդ, չես կարող նրան հաղթել։
Եվ այսպես, հատվածներ «Մարտի են գնում առանց զենքի» գրքից, որը լի է ոգեղենության, անկոտրում կամքի դրսևորումներով. երբեմն էլ զուտ մարդկային, պահի թելադրանքով հուսահատությամբ ու անզորությամբ, բայց ոչ երբեք վախկոտության ու դավաճանության ախտով։
«Դեպոյում ընդհանուր ժողովում որոշեցինք գնացքները Նորաշենից (Նախիջևանում) բերող մեքենավարների բրիգադ կազմել։ Դեպոյի պետ Ասրիյանցը մնաց դեպոյում` աշխատանքները ղեկավարելու համար»։
«Երասխավանում` Նախիջևանի սահմանամերձ տարածքում, պատերազմ էր, իսկ մենք գնացքներ էինք բերում Նորաշենից։ Միայն մեզ էր հայտնի, թե ինչ գնով էր դա մեզ հաջողվում։ Այն ժամանակ մեզնից ոչ ոք, երբ անցնում էր սահմանն ու գնում դեպի անհայտություն, չէր մտածում փառքի, մեծարանքի կամ հերոսանալու մասին։ Մեր աշխատանքն ինքնին հերոսություն էր»։
«Առաջին ամսում ինձ հետ աշխատում էր Սոսը` ազգությամբ եզդի, խիզախ ու համարձակ մի տղա,- պատմում է գրքի հեղինակ Լևոն Հակոբյանը։- Հաճախ պատահում էր` օրական չորս-հինգ անգամ մտնում էինք Նորաշեն` գնացք բերելու։ Ամեն անգամ մեծ դժվարությամբ էր դա մեզ հաջողվում։ Մի օր էլ հազիվ ազատվեցինք զինված ամբոխի ճիրաններից։ Նորաշենի հրապարակում միտինգ էր. դա նշանակում էր, որ գործ ունենք անկառավարելի, գազազած ամբոխի հետ, որ հավաքվել էր վրեժի թույնով լցված։
Մենք ցորեն պետք է տանեինք Հայաստան։
Խավար գիշեր էր։ Ադրբեջանցիները երկու կողմից նշանառության տակ էին վերցրել մեզ և անընդմեջ կրակում էին։ Մարել էինք խցիկի լույսը, նստարաններից ներքև էինք սահել ու այդպես էինք վարում մեքենան։
-Միայն թե գերի չվերցնեն. մեռնելուց չեմ վախենում, գերությունից եմ սոսկում,- ասացի Սոսին։
Գնացքը կանգնեցրին զինված ադրբեջանցիները և մեզ իջեցրին։ Ձյունառատ, ցուրտ ձմեռ էր, հրամայեցին հանել կոշիկները և գուլպաները. կկրակեին, եթե պահանջը չկատարեինք։ Հետո մերկացրին` թողնելով միայն վարտիքով։ Չորս ժամ քսանհինգ րոպե ոտաբոբիկ կանգնել ենք սառույցի վրա։
Վախի նշույլ անգամ չկար մեր կյանքի համար. մտածում էինք միայն ցորենը տեղ հասցնելու մասին»։
«Վերջապես հասանք Երասխ, և առաջին հարցը եղավ` «Ցորենը բերե՞լ եք»։
«Հիմա դժվար է պատկերացնել, որ մեզ ստորացնում էին, իսկ մենք հանդուրժում էինք։ Եվ ցավալին այն էր, որ մենք պարտավոր էինք զուսպ լինել, համբերել և նրանց հետ չընդհարվել. չէ որ մեր առջև մի նպատակ կար` ամեն գնով բեռները հասցնել հանրապետություն»։
«Սոսին սպառնացել էին, որ նա այլևս Նորաշեն չգա, բայց Սոսը համառորեն շարունակում էր գնալ։ Մի օր էլ նրան իջեցնում են գնացքից ու սպառնում։ Սոսն անվարան պատասխանում է. «Եթե իմանամ, որ իմ գալը ձեզ վնաս է, չեմ գա, բայց ես իմ գործն եմ անում ու ոչ ոքի չեմ խանգարում»։ Այդ պատասխանը կատաղեցնում է նրանց և սկսում են ծեծել Սոսին»։
«Շուտով ժողճակատի զինվորների շուրջը հավաքվում է բազմահազարանոց խառնամբոխ։ Հարութին ու Սերյոժային բռնությամբ իջեցնում են էլեկտրաքարշից։ Հարութին հարցնում են` ներկել կարո՞ղ է։ Վերջինս մտածում է` գուցե տանեն որևէ մեկի տունը նորոգելու, կաշխատի ու սրանց ձեռքից կազատվի»։
«Դժոխքից ելած, արյունռուշտ այդ ճիվաղը կտրում է Սերյոժայի վզի երակը և գլուխը պահում դույլի վրա և ստիպում են Հարութին հայի արյունով պատը ներկել։ Սերյոժան մի կերպ հասկացնում է, որ Նորաշենի սովխոզի տնօրեն Ջաֆարովն իր ընկերն է։ Տասը րոպե անց մեքենայով բերում են տնօրենին, որը ճանաչում է Սերյոժային և հաստատում, որ Երևանում տեխնիկումի դիպլոմը ստանալիս Սերյոժան է իրեն 500 ռուբլի տվել։ Ճիշտ է, ժամանակին իրենք ընկերներ են եղել, «բայց ես պետք է իմ ազգի վրեժը լուծեմ» ասելով` մի քանի ուժեղ հարված է հասցնում արյունաքամ եղող Սերյոժային և ավելացնում` «Ես ոչ թե իմ ընկերոջը, այլ հային եմ խփում»։
«Հավաքված ամբոխը, երբ իմանում է Մեղրիում հարյուրից ավելի գերի ընկած իրենց հայրենակիցների մասին, ավելի է բորբոքվում։ Զանգահարում են Երևան և հաղորդում, թե իբր նոր շարժակազմ է ժամանել. երկրորդ էլեկտրաքարշը թող ուղարկեն։ Երևանում չեն համաձայնում` պահանջելով այնտեղ եղածի վերադարձը։ Կատաղած` Հարութին իջեցնում են գնացքից, կանգնեցնում են մի բլրի վրա ու թիրախ դարձնելով` սկսում են կրակել նրա շուրջն ու ոտքերի տակ։ Հարութը գերլարվածությունից կորցնում է հավասարակշռությունը և ուշագնաց ընկնում է»։ «Դժբախտաբար, վտանգը չկանխազգալով` Երևանից իսկապես ջերմաքարշ են ուղարկում։ Մեքենավարները` Վահան Պետրոսյանը, Սերյոժա Նալբանդյանը և լոկոմոտիվային դեպոյի պետ Էդվարդ Սարգիսովն էին։ Ժողճակատի մարդկանց պարտադրանքով կայարանի հերթապահը ռադիոկապով Երևանից եկած մեքենավարներին ուղարկում է Հարութի էլեկտրաքարշի մոտ, որպեսզի, իբր միանան իրար և գնան Երասխ։ «Վահանը զգում է, որ Հարութն այլայլված է, բայց նրա հարցին, թե ի՛նչ է պատահել, չի պատասխանում. նրա ամեն շարժումին ու խոսքին հսկում էին զինված մարդիկ։ Վահանը հասկանում է, որ մեր մեքենավարներին պատանդ են վերցրել և վազում է դեպի խցիկ։ Իսկ թուրքերը, որ մեր էլեկտրաքարշերը միացրել էին իրենց մեքենային` ժամում 70 կմ արագությամբ քշում են դեպի Նորաշեն։ Սարգիսովն ու Վահանը ջերմաքարշից նետվում են ցած։ Սերյոժան ջերմաքարշն անջատում է ու փախցնում։ Թուրքերը, նկատելով այդ, սկսում են բոլոր կողմերից կրակել։ Գնդակներ էին, որ վզզոցով թռչում էին, կարծես գրոհող տանկ էին կանգնեցնում։ Սերյոժան գրեթե հասել էր սահմանին։ Բայց ջերմաքարշն անսպասելի կանգ է առնում։ Այստեղ են ասել` հայի անիծված բախտ. վրա է հասնում ադրբեջանցիների գազազած ոհմակը, և Սերյոժային ծեծում են միայն թուրքին հատուկ դաժանությամբ։
Վահանն ու Սարգիսովը թռչելուց վնասվածք էին ստացել և չէին կարողացել հեռու գնալ ու բռնվում են։
«Երկաթգծի ղեկավարությունը դիմում է հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկելու և ադրբեջանցիների հետ բանակցելու` գերված մեքենավարներին վերադարձնելու համար։ Բանակցությունները տևում են 8-9 ժամ։ Կառավարությունը Մեղրի ուղղաթիռ է ուղարկում` մեքենավարներին բերելու համար»։
Թող ձանձրալի չթվա ընթերցողին, որ փորձում եմ հիշատակել բոլոր մեքենավարների անունները, գոնե մի փոքրիկ դրվագով, նրանցից յուրաքանչյուրն արժանի է, որ նրանց մասին գիրք գրվի։
«Նորաշեն մեկնող հերթական գնացքը վարում էին Ժորա Գյուլնազարյանն ու Միհրան Վարդումյանը։ Նորաշենում երկաթգծի վրա մետաղի կտորտանքներ էին լցրել` գնացքի ընթացքը խոչընդոտելու համար։ Շարժվելու համար գիծը մաքրել էր պետք։ Էքեկտրաքարշից իջնելը վտանգավոր էր, բայց ուրիշ ելք չունեին։ Մի քսան հոգի` ավտոմատներով զինված, մոտենում են մեր մեքենավարներին, հետո ռուս զինված ուղեկցորդներից խլում են զենքը և տղաներին տանում են կայարան։ Հավաքվածներից մեկը, որ սթափ էր, միջամտում է, թե սրանք ի՞նչ մեղք ունեն, շարքային մարդիկ են, սա նրանց աշխատանքն է։ Երևի այդ խոսողը հեղինակավոր ու ազդեցիկ մարդ էր. Միհրանին ու Ժորային թողնում են շարժակազմը անվնաս բերելու։ Հազվադեպ` այդպես էլ էր լինում»։
«Այս ամենին ականատես էին խորհրդային բանակի զինվորները, որ ուղեկցում էին մեր մեքենավարներին, իբր ապահովելու նրանց անվտանգությունը։ Բայց այդ զինվորները ոչնչով չէին կարող (՞) օգնել մեր մեքենավարներին, իսկ իրենց զենքը զինվորները պահում էին, որ ադրբեջանցիները չխլեն»։
Ահա այսպես էր պաշտպանում հզոր խորհրդային պետությունը հայերին։ Այդ հզոր պետությունը անկարո՞ղ էր սաստելու գազազած, բայց դեռ քաղաքական և տնտեսական կախման մեջ եղած Ադրբեջանի իշխանություններին։
Չեմ կարծում...
«Հաջորդ անգամ Ժորային բախտը չի ժպտում. Արաբաչյան Վոլոդյայի հետ նրանց պատանդ են պահում` 5 օր քաղցած թողնելով։ Նրանց կանայք գնում են կառավարություն` Վ. Մանուկյանի մոտ, և պահանջում վերադարձնել իրենց ամուսիններին։ Երկար բանակցություններից հետո տղաներին ազատ են արձակում։ Բայց ջարդուփշուր եղած վագոններից կազմված մի շարժակազմ են միացնում էլեկտրաքարշին և Հայաստան ուղարկում»։
«Այդ օրերին Անդրանիկ Պետրոսյանը չորս անգամ մահից էր փրկվել։ 1992 թ. ապրիլի 22-ին ուղիղ նշանառությամբ խփել էին մեքենավարի խցիկին։ Նա հրաշքով էր կենդանի մնացել»։
«Տեսնելով երթուղիների անապահովությունը` վարչության պետն այլևս չի ստիպում մեքենավարներին գնալ Նորաշեն` թողնելով նրանց հայեցողությանը։ Զարմանալի էր. մեքենավարները չգնալ չէին կարող։ Նրանք շարունակում էին բեռներ ներկրել Նորաշենից»։
«1992-ի ապրիլի վերջին դադարեց գնացքների շարժը Երասխ-Նորաշեն ուղեմասում»։
«Մենք վերադարձանք Հայաստանն աշխարհի հետ կապող Երևան-Թբիլիսի երկաթուղուն։ Հայ երկաթուղայինները պատրաստ էին ծանրաբեռնված այս ուղեգծով բեռնափոխադրումներին, իսկ վրացիները` ոչ»։
«1992-ի օգոստոսից դադարեցվում է Երևան-Մոսկվա երթուղին։ Հայաստանն աշխարհի հետ կապող միակ լուսամուտը Փոթիի և Բաթումի նավահանգիստներն էին Սև ծովում։ Մեր երկաթուղայինների գերխնդիրն այժմ Հայաստանի հասցեով ստացված հացն ու այլ մթերքները հանրապետություն արագ հասցնելն էր»։
«Վրաստանում նույնպես հացի պակաս էր զգացվում, և ցորենով բեռնված վագոնները անսպասելի կանգառների ժամանակ ժողովրդի կողմից հարձակման ու թալանի էին ենթարկվում։ Անպակաս էին նաև զինված հարձակումները գնացքի վրա»։
«1994-ի օգոստոսյան շոգ օրեր էին։ Կարագ էինք փոխադրելու սովորական վագոններով։ Ճապոնական նավի հրամանատարին խնդրեցի կարագն ուժեղ սառեցնել իրենց նավի սառցարանում։ Սառեցրած կարագը դժվարությամբ փոխադրեցինք մեր վագոնները և գիշերով ճանապարհ ընկանք։ Գնացքն անսպասելի հրահանգով կանգնեցրին ամայի մի վայրում։ Նայեցի դուրս. գծի աջ կողմում անդունդ է, իսկ ձախից լեռներ են։ Սուրամի լեռնանցքն է` ուղեգծի ամենավտանգավոր հատվածը Վրաստանում։ Բաթումից եկող վրացի զինվորներին խնդրեցի իջնել և ստուգել վագոնները և իմանալ կանգնելու պատճառը։ Լսվեցին կրակոցներ. դուրս վազեցինք, տեսանք զինվորները կռվի են բռնվել անհայտ անձանց հետ։ Երբ լույսը բացվեց, պարզվեց, որ վրացի մեքենավարների կազմակերպածն է եղել. նրանք նախապես պայմանավորվել էին թալանչիների հետ, վերցրել նրանց իրենց հետ, հետո որոշված տեղում գնացքը կանգնեցրել են, որպեսզի ավազակները վագոններից կարագը դատարկեն և սպասեն մինչև էլեկտրաքարշի վերադարձը։ Մտնելով վագոն` նրանք սկսել էին կարագի արկղերը թափել վագոնից»։
«Վրաստանի ճանապարհին թալանի վտանգը միակը չէր անընդհատ ծագող խոչընդոտների շարքում։ Ինչ-որ սև ուժեր փորձում էին այս փրկության ուղին մեզնից խլել։ Բայց որքան նրանք համառ էին իրենց սև գործում, նույնքան անկոտրում էր մեր կամքը»։
«Մառնեուլ-Այրում հատվածում հաճախակի դարձան դիվերսիաները. պայթեցնում էին երկաթուղին, ուղեկամուրջը, վագոնները. նպատակը մեկն էր. ծնկի բերել Հայաստանը` նյութական վնաս ու մարդկային կորուստներ պատճառելով»։
«Չնայած Վրաստանի տարածքում էին վնասվում ուղեգծերը, սակայն նորոգումները կատարում էինք մենք մեր միջոցներով»։
«Մի քանի անգամ պայթեցրին Խրամ գետի երկաթգծի կամուրջը։ Վերջին պայթեցումը գերազանցում էր իր չափերով. Վրաստանին այդ կամուրջը պետք չէր։ Մեզ օդի պես անհրաժեշտ էր այն։ Վերականգնողական ամբարձիչի կարիք կար, վրացիներն ունեին, բայց հինգ տարի անսարք վիճակում էր։ Վրացիների համոզմամբ, ամբարձիչը նորոգելն անհնար է։ Մեր մասնագետները մի քանի ժամում նորոգում են ամբարձիչը և 32 ժամում վերականգնում են կամրջի թողունակությունը»։
«Առավոտյան Վրաստանի երկաթգծի վարչության պետ Վաշակիձեին զեկուցեցինք կամրջի նորոգման մասին և պահանջեցինք շարժակազմը բաց թողնել. նա չհավատաց, ասելով` որ դա անհնարին է։ Բայց երբ համոզվեց, ասաց. «Ձեր ազգը պետք է ապրի»։
«Թվում էր` մեզ համար անհնարին ոչինչ չկա այլևս։ Մեզ չընկճեցին ո՛չ բնական աղետները, ո՛չ արհեստական ավերումները, ո՛չ մարդկային չարագործությունները»։
«Մեզ ծնած ու սնած հայրենիքի նկատմամբ տածած սիրո նվիրական զգացումը մեզ մղեց միավորվելու ամենուր և ամեն գործում` հանրահավաքներում, ռազմաճակատում, հայրենիքում ու արտերկրում և այդ օրերին այնքա՜ն կարևոր երկաթուղային բեռները տեղափոխելիս»։
Այսպես է սկսվել մեր անկախությունը:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ