ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԻՆՉՈՒ և ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԻՆՉՈՒ և ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
27.05.2011 | 00:00

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՈՐՉՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն մի քանի ամիս է, ինչ ֆինանսական ճգնաժամը զիջել է իր դիրքերը համաշխարհային տնտեսությունում, մինչդեռ Հայաստանում, ինչպես վկայում է պաշտոնական վիճակագրությունը, ճգնաժամի հաղթահարման մասին դեռ վաղ է խոսել: Որո՞նք են ներքին տնտեսական ճգնաժամի պատճառները և որքա՞ն են դրանք տարբերվում համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքներից: Ակնհայտ է, որ ամեն պարագայում անհրաժեշտ է կատարել տնտեսագիտական համակողմանի վերլուծություն և ախտաճանաչում: Իր հերթին, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ախտաճանաչումը կարող է տնտեսագիտական եզրահանգումների, գնահատականների և կանխատեսումների իրական հիմք հանդիսանալ: Մեր համոզմամբ, տնտեսագիտական ախտաճանաչման մոտեցումները պետք է հիմնվեն տարածքային, հիմնահարցային և երևութային գործոնների վրա: Տվյալ դեպքում, տնտեսական համաճարակի առաջացման հարցում միաժամանակ առկա են տարածքային բոլոր երեք գործոնները:
Գլոբալ առումով, ճգնաժամի պատճառների ողջ համախմբից անհրաժեշտ է առանձնացնել ամենահիմնականները:
Նախ, զարգացած երկրները, կոչ անելով զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներին ազատականացնել իրենց տնտեսությունները, ներառյալ ներքին և արտաքին առևտրի ոլորտները, իրենք շատ հաճախ կոպտորեն խախտում են խաղի կանոնները և պետական հովանավորչությամբ, արտաքին առևտրի լայնամասշտաբ սուբսիդավորմամբ անհավասար պայմաններ են ստեղծում մրցակցության համար: ՈՒստի խոսքը ոչ թե ազատ, այլ արդար մրցակցության մասին է: Արդյունքում մեծ հարված է հասցվում մրցունակությանը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում, քանի որ զարգացած երկրներում սուբսիդավորված ապրանքները հեռանում են բնական մրցունակությունից և չեն կարող գոյատևել առանց պետության աջակցության, իսկ զարգացող երկրներում, ուր պետական բյուջեների սուղ միջոցները թույլ չեն տալիս նման սուբսիդավորում իրականացնել, կորչում են մրցակցային առավելություններն իրացնելու բոլոր հնարավորությունները, և անկում է ապրում տեղական արտադրությունը: Սա, թերևս, կարելի է համարել գլոբալ ամենամեծ տնտեսական հակասությունը, ինչը չէր կարող չհանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի:
Երկրորդ, զարգացող երկրների ապրանքների արհեստական մրցունակության պահպանմանն ուղղվող ֆինանսավորումը կատարվում է աղքատության, սովի և այլ սոցիալական խնդիրների հաշվին: Մի կողմից` կրճատվում են սոցիալական ծախսերը, մյուս կողմից` ավելանում են սուբսիդավորման գումարները: Միայն Եվրամիության անդամ երկրներում մեկ գլուխ կովին բաժին հասնող սուբսիդիաներն ավելին են, քան, ասենք, Ռուսաստանում մեկ գյուղացու միջին տարեկան եկամուտը: Սա է նաև պատճառը, որ 1996 թ. Հռոմի գագաթնաժողովում աշխարհի բոլոր պետությունների (առաջին հերթին` զարգացած) ստանձնած պարտավորություններն առ այն, որ մինչև 2015 թ. պետք է աղքատությունն աշխարհում կրճատել առնվազն կիսով չափ, այդպես էլ չեն կատարվում: Ավելին, աղքատների և սոված մարդկանց թիվն աշխարհում ոչ թե կրճատվում է, այլ հակառակը` աճում:
Երրորդ, սկսած 1964 թվականից, երբ զարգացող երկրների պահանջով հիմնադրվեց և սկսեց գործել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը` UNCTAD, օրակարգային հարց դարձավ միջազգային նոր տնտեսակարգի ձևավորումը: Այդ մասին խոսեց նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը 2009 թ. Դավոսի համաժողովում: Սակայն որևէ լուրջ տեղաշարժ նույնպես չի արձանագրվում: Իրականում անտեսվում է զարգացող երկրների դերը համաշխարհային տնտեսական գործընթացներում` նրանց մատնելով որոշակի մեկուսացման: Ինչ վերաբերում է նման երկրներին ֆինանսական միջոցների տրամադրմանը, ապա առկա է այն միտումը, որ այդ միջոցներն ուղղվեն հիմնականում սոցիալական բնույթի ծրագրերի ֆինանսավորմանը և ոչ երբևէ` աջակցելու տեղական արտադրությունների կայացմանն ու զարգացմանը: Բնականաբար, զրկված լինելով պատրաստի արտադրանք ստանալու իրական հնարավորություններից, զարգացող երկրները, ի վերջո, դառնում են զարգացած աշխարհի հանքահումքային կցորդը: Իսկ սա, իր հերթին, խախտում է բոլոր տնտեսական համամասնությունները և, ի վերջո, բերում տնտեսական ծանր հետևանքների թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրների համար:
Տարածաշրջանային մակարդակով, ճգնաժամի պատճառները հիմնականում պայմանավորված են տնտեսական ինտեգրացման բացակայությամբ կամ դրա թերի բնույթով: Աշխարհի բոլոր մայրցամաքներում տարածաշրջանային ինտեգրման բոլոր փորձերը հանգում են ազատ առևտրի գոտու կամ, լավագույն դեպքում, մաքսային միության ձևավորմանը: Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտին` ստեղծման պահից մինչ օրս, չի վերաճել անգամ մաքսային միության: Նույնը կարելի է ասել թե՛ Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսական ինտեգրման, թե՛ ԱՊՀ, թե Լատինական Ամերիկայի նման գործընթացների վերաբերյալ: Տարածաշրջանային ինտեգրման առումով միակ բացառությունը, թերևս, Եվրամիությունն է, որը թևակոխել է տարածաշրջանային ինտեգրման վերջին տնտեսական և քաղաքական միության կայացման փուլը: Այսուամենայնիվ, մրցակցության ծավալման առումով այստեղ առկա է արտաքին աշխարհից որոշակի մեկուսացում, ինչը պայմանավորված է ապրանքների և ծառայությունների հանդեպ ԵՄ անդամ երկրների ներսում առաջնահերթ պահանջարկի ձևավորմամբ և այլ երկրներից նման ապրանքներից հրաժարվելու համընդհանուր միտումով: Սա, իր հերթին, սահմանափակում է այլ երկրների` ԵՄ շուկայում իրենց ապրանքներն ու ծառայություններն իրացնելու հնարավորությունները:
Այսպիսով, տարածաշրջանային ինտեգրման հնարավորություններն աշխարհում խիստ սահմանափակ են: Երկրների մեծ մասն այսօր առևտրատնտեսական գործընկերներ է որոնում հեռավոր արտերկրում, մինչդեռ որևէ երկիր չի կարող հավակնել համաշխարհային տնտեսությունում լիարժեք ինտեգրվելուն, եթե նրան չի հաջողվել սեփական տարածաշրջանում հասնել տնտեսական ինտեգրման բարձր մակարդակի։
Միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում, ներառյալ` ԱՊՀ-ում և ՍԾՏՀ-ում (Սևծովյան տնտեսական համագործակցություն) ինտեգրման գործընթացները հիմնականում քաղաքականացված են և պայմանավորված հիմնական դերակատարների երկկողմ դաշնակցային շահերով: Սա ևս առողջ միտում չի կարող դիտվել և հանգեցնում է իրական տնտեսական համագործակցության վիժեցման:
Տեղական շուկայում ճգնաժամի բաղադրիչներն առկա էին մինչ համաշխարհային տնտեսական աղետը: Հիմնականում անմրցունակ տնտեսության գոյության պատճառները պետք է որոնել մենաշնորհների առաջացման և տնտեսության մեջ դրանց բարձր տեսակարար կշռի մեջ: Կարևոր է հաշվի առնել նաև ստվերային տնտեսության մակարդակը, որը թույլ չի տալիս հաշվառելի դարձնել ազգային տնտեսությունը և իրականացնել համապետական նշանակության ռազմավարական ծրագրեր` տնտեսական կողմնորոշիչների բացակայության պայմաններում: Տնտեսական սպառնալիքների շարքում իրենց էական տեղն ունեն նաև կոռուպցիան, ինչպես նաև ֆինանսական, ֆինանսա-բանկային, ներդրումային, արդյունաբերական, պարենային, սոցիալական և տնտեսական անվտանգության այլ ոլորտների ապահովման մյուս իրական սպառնալիքները: Ընդհանուր առմամբ, տեղական շուկայի վրա ազդում են կառավարելի և անկառավարելի գործոնները, որոնք պարարտ հող են ստեղծում տնտեսական ճգնաժամի համար: Եթե այս ամենին հավելենք նաև արտահանման համեմատ ներմուծման ծավալների շեշտակի ավելացումն ու առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի աննախադեպ աճը, ապա պարզ կդառնա, թե ինչու և ինչպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է ազդել ազգային տնտեսության վրա:
ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԸ
Ինչ վերաբերում է ճգնաժամի հարուցիչներին` հիմնահարցային և երևութային գործոններին, ապա դրանք կարելի է պայմանականորեն դասակարգել.
l համակարգային,
l գաղափարախոսական,
l պատասխանատվության,
l վստահության:
Ճգնաժամը հստակ ցույց տվեց, որ հիվանդ է ոչ միայն ֆինանսական ենթակառույցը, այլև ողջ իմունային համակարգը, որին պետք է ծառայեր ֆինանսական ոլորտը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջին տասնամյակներին ոչ թե ֆինանսական համակարգն է ծառայել տնտեսությանը, այլ հակառակը, տնտեսությունը ծառայել է ֆինանսական և բանկային համակարգերի զարգացմանը: Ավելին, ֆինանսական հարաբերությունը ձեռք է բերել որոշակի ինքնուրույնություն, անգամ սկսել է զարգանալ սեփական օրենքներով և օրինաչափություններով, ինչն էլ դրանք կտրել է իրական տնտեսությունից և ձևավորել «վիրտուալ տնտեսություն»: Ի վերջո, կտրվելով իրականությունից և խզելով կապը դրա հետ, ֆինանսների աշխարհն ինքն իրեն դատապարտեց ճգնաժամի և ծանր հարված հասցրեց ողջ տնտեսական համակարգին` արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, շինարարությանը, ծառայությունների ոլորտին և այլն: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ճգնաժամը ոչ թե առանձին` ֆինանսների ոլորտին է առնչվում, այլ ողջ տնտեսական համակարգին, ուստի կարելի է կոչել համակարգային ճգնաժամ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3687

Մեկնաբանություններ