Հոկտեմբերի 23-ին, մինչ առաքելական եկեղեցին նշում էր խաչի գյուտի տոնը, Facebook սոցիալական կայքում մի հայտագիր տարածվեց, որում մասնավորապես ասվում էր. «Ո՞վ է խաչի գյուտարարը: Ես Աստվածաշունչը կարդում եմ հունարեն վեսկոտտ-Հորտ գիտաքննական տեքստից, որում չկա «խաչ» բառը: Այսինքն, Աստվածաշնչի հունարեն բնագիր ձեռագրերում «խաչ» բառ այն պատկերացմամբ, որ մենք ունենք, գոյություն չունի: Ըստ էության, խաչը Աստվածաշնչի թարգմանությունը կեղծելու հետևանք է, երբ հունարեն բնագրերն սկսեցին թարգմանվել լատիներեն»: Ըստ հայտագրի` Աստվածաշնչում ամենահաճախ օգտագործվող հունարեն «քսիլո» բառը բառացի նշանակում և թարգմանվում է «փայտ», իսկ «ստավրոս» բառը` «սյուն», բայց թե կոնկրետ ինչպիսի տեսք է ունեցել Հիսուսի «խաչը», այդ մասին չկա որևէ պատմական կամ հնագիտական արձանագրություն: «Ինչ վերաբերում է այն բանին, թե իբր Կոնստանտին կայսեր մայրը` Հեղինե թագուհին, գտել է Հիսուսի խաչը, դա առասպել է, ինչպես հունական Զևսի և Պոսեյդոնի մասին առասպելները,- ասում է հայտագրի հեղինակը:- Հետևաբար, մինչ փայտից և մետաղից սարքված իրերը կկախեք ձեր պարանոցից, բացեք biblical archaeology review ամսագիրը և համոզվեք` արդյոք կռապաշտության զոհ չե՞ք դարձել»: Ըստ նրա` խոսքն ամենահեղինակավոր հնագիտական ամսագրի մասին է:
«Հին հունարենում տարբեր նշանակություն ունի «ստավրոս» բառը,- մեզ հետ զրույցում ասաց ՏԵՐ ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԸ,- նշանակում է սյուն, փայտ, խաչ: Օրինակ, հայերենում փայտ ասելով ի՞նչ ենք հասկանում: Ասվում է` անիծյալ լինի նա, ով փայտից է կախված (Բ Օր., 21, 23), այսինքն` ծառից: Փայտը հին հայերենում նշանակել է ծառ: Բառը ապրող է, ունի կենսագրություն: Հնում Staurous բառն ունեցել է և՛ գերան, և՛ սյուն, և՛ ծառ իմաստները, բայց Հիսուսի ժամանակներում ուներ խաչ իմաստը` մեր ավանդական ընկալմամբ: Դրանք Եհովայի վկաների տարածած ստերն են, սակայն նրանք մինչև 1930-ական թվականները հրատարակած պարբերականներում Քրիստոսի խաչելությունը պատկերել են ավանդական ձևով, դրանից հետո, նրանց ղեկավարը, «լույսի շողերի» փայլատակումով լուսավորվեց և հայտնեց «վկաներին», թե Հին Հռոմում էլ ճիշտ չեն խաչել, և հետագա հրատարակություններում մեջտեղ եկավ սյուն-գերանը: Սա ամենամեծ տգիտությունն է, չի կարող մինչև 1930 թվականը մի բան ճշմարիտ լինել,ետո` սխալ»:
Տեր Ղևոնդը նշեց, որ հնագիտական պեղումների ժամանակ միշտ գտել են խաչի այն ձևը, որ մենք ենք պատկերացնում, քանի որ Հռոմում այդպես են խաչել մարդկանց: Հայտնի է Պոլիբիոս պատմիչի նկարագրությունը Կարթագենի ապստամբության, ուր ապստամբները պատժվում են` խաչվելով խաչի վրա (Полибий, “Всеобщая история”, հ. 1, 1994, էջ 200): Եվ այսպես, շատ ականատեսների վկայությունն ավելի վավերական է, քան դատավոր Ռուտերֆորդի պնդումը երկու հազար տարի անց:
«Հովհաննեսի ավետարանում Հիսուսը, դռները փակ լինելով, հայտնվում է առաքյալներին, Թովմասը այնտեղ չի լինում: Հետո նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի տեղը և իմ մատները մեխերի տեղը չդնեմ…» (Հովհ. 20, 25): Այսինքն, խոսքը մեկ մեխի մասին չի եղել,- ասում է տեր Ղևոնդը,- այստեղ ավետարանիչը (ի միջի այլոց, նա վկա է եղել խաչելությանը) օգտագործում է «մեխեր» բառը հոգնակի թվով, քանի որ, հակառակ դեպքում կօգտագործեր «մեխ» բառը եզակի թվով: Մեկ այլ դրվագում` Մատթեոսի ավետարանի մեջ (27, 37), երբ Հիսուսին խաչում են, ասվում է, որ Պիղատոսը մի տախտակի վրա գրում և կախում է Հիսուսի գլխավերևում: Այստեղից ենթադրվում է, որ եթե գերանին խաչված լիներ, կգրվեր` ձեռքերի վերևը, և ոչ թե գլխավերևում: Նման օրինակներ շատ կան»:
Իսկ թե ինչո՞ւ են ուզում ապացուցել, որ Հիսուսը խաչվել է ոչ մեր պատկերացրած խաչի վրա, տեր Ղևոնդը բացատրում է նրանով, որ Եհովայի վկաները խաչի թշնամիներ են: «Պողոսի մատնանշած խաչի թշնամիներն (Փիլ. 3, 18) այսօրվա Եհովայի վկաներն են,- ասում է նա։- Պողոսն ասում է. «Իմ մտքում չեմ դրել ձեր մեջ իմանալ այլ բան, եթե ոչ Հիսուս Քրիստոսին և նույն ինքը խաչվածին» (Ա Կորնթ. 2, 2): Մենք` հայերս, խաչի կերպարանք պիտի կրենք մեզ վրա, խորհուրդ է սա: Մենք պաշտում ենք խաչյալին, ով նույնացված է Խաչի հետ: Այդ առումով էլ մենք խաչապաշտներ ենք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ