ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ավտոկրատից՝ դեսպոտ. հենց այս միջակայքում էլ նրա «առաքելությունը» ձախողվելու է

Ավտոկրատից՝ դեսպոտ. հենց այս միջակայքում էլ նրա «առաքելությունը» ձախողվելու է
23.03.2024 | 18:13

Փաշինյանի իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով: Այսինքն, իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության, օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային՝ Փաշինյանի առաջ դրված և իրենց շահերից բխող առաքելությունը:

Որքան Փաշինյանը քիչ-քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտորի փոփոխություն, տարածքների հանձնում), այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու է հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել նրա «առաքելության» և քայլերի դեմ, ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը, և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է:

Սա նշանակում է՝ որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ, նույնքան էլ կոշտացնելու և բռնաճնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է:

«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է, և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով որոշ ժամանակ անց այլևս կրել հնարավոր չի լինելու, պետք է անցնել կա՛մ դեսպոտիզմի, կա՛մ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել (հիշեք նախագահ Արմեն Սարգսյանին):

Դատելով ընթացքից և հանրային ռեակցիաներից՝ Փաշինյանը դեռ կերկմտի որոշ ժամանակ՝ դեսպոտիզմի անցնե՞լ, թե ոչ, բայց որքան ժամանակն ընթանա, «առաքելության» պահանջը նրա առաջ երկընտրանք չի թողնելու:

Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը», պետք է պատրաստ լինեն, նվազագույնը, թե՛ իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե՛ բռնաճնշումների, և թե՛ իրավունքների խախտման: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները, որոնք ահռելի են երկրում, պետք է համր վիճակից դուրս գան և դառնան խոսող, արտահայտվող ու հանրայնացվող, դրա համար ևս բազմաթիվ տեխնոլոգիաներ կան:

Հանրային պրոտեստի ցուցադրմանը, թեկուզ և դիրքորոշման արտահայտման և տարածման ձևին պետք է տրվի ծավալի էֆեկտ, գլորվող ձնագնդի էֆեկտ այլ ոչ միայն ակտիվ միտինգային պրոտեստի առումով պետք է աշխատանք տարվի, որը վերջին ակորդն է:

Խոսեք ձեր ընկերների, հարազատների հետ, փոխանցեք ձեր կարծիքը ձեր միջավայրերում, մի վիճեք, նեղացրեք և անվանարկեք նրանց: Եղեք նրանց ձեզանից չվանող և համբերատար: Սա ևս գործողություն է, ևս պրոտեստ է, ևս աշխատանք է՝ շատ կարևոր պրոտեստանտ ծավալն ունենալու համար: Մի սպասեք մեծ միտինգի հրավերի՝ գործողության ակնկալիքով: Ձեր միկրոմիջավայրերում արեք ձեր միկրոգործողությունը: Եթե ասում եք, որ «սա անհոգնել մեզ կործանում է», ուրեմն դուք էլ անհոգնել մի թույլ տվեք, որ նա դա անի և հաղթեք ձեր միջավայրում:

P.S. «Առաքելության» ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը ավտոկրատից վերածվի դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նրա «առաքելությունը» ձախողվելու է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ