Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կոռուպցիա կամ միլիոնատեր զոքանչ

Կոռուպցիա կամ միլիոնատեր զոքանչ
14.04.2023 | 21:00

Սույն երևույթի մասին տասնյակ հոդվածներ են գրվել, բոլորը դատապարտում են կոռուպցիան, համարում այն տնտեսական քաղցկեղ։ Դրա դեմ պայքարի միջոցառումներ են մշակում, փորձում այն սահմանափակել, բայց այդ քաղցկեղը չի վերջանում, չի վերանում, այլ ընդունում է նոր ձևեր, մուտացիաների օգնությամբ դառնում ավելի դժվար բացահայտվող, ավելի անվտանգ`հնարավոր շահառուների համար։ Որպեսզի երկար-բարակ տեսական բացատրություններով չհոգնեցնենք ընթերցողին, ճիշտ կլինի միանգամից խոսել մի փաստի մասին, որը բավականին վտանգավոր է և առաջ է բերել հարցերի մի ամբողջ շարք։ Այսպես, երեկ ՀՀ կառավարության կողմից ընդունվեց մի որոշում, որով ՀՀ տարածքում խեցգետին աճեցնող տնտեսության ստեղծման համար տնտեսվարողին տրվեց խոստում, որ երեք տարվա ընթացքում այդ ձեռնարկությունը ՀՀ կառավարության կողմից տարեկան կստանա 299 մլն ՀՀ դրամ անվերադարձ օգնություն: Անհայտ ձեռնարկությունը չգիտեմ ինչպես վստահեցրել է ՀՀ կառավարությանը, որ հիմնադրելու է խեցգետնի արդյունաբերական արտադրություն, և մեր «գերմիամիտ» կառավարությունը որոշել է մոտ 900 մլն ՀՀ դրամ նվիրել այդ խեցգետին աճեցնողին։ Լուրը, իհարկե, աննախադեպ էր և առաջ է բերել մի շարք հարցեր, որոնց օգնությամբ կփորձենք մեկնաբանել այդ իրողությունը։

1. Ովքե՞ր են ստեղծվող ձեռնարկության տերերը և նրանց հետ փոխկապակցված անձինք: Հնարավո՞ր է արդյոք նրանց շարքում հայտնաբերել ներկա պաշտոնյաների մտերիմներին, զոքանչներին, հայրերին, եղբայրներին:

2. ՀՀ կառավարության դեռևս ղեկավարը, գործարքի գովաբանական ներկայացման ընթացքում, քանիցս շեշտեց խեցգետնի արտադրության գերշահավետ և հաջողված բնույթը։ Եթե դա այդքան նախընտրելի արտադրություն է, ինչու՞ է պետությունը այն սուբսիդավորում: Մի՞թե գերհաջողակ արտադրություն հիմնադրող անձինք վստահ չեն իրենց հաջողության մեջ և չեն փորձում վարկ ստանալ ՀՀ բանկերից:

3. Ինչու՞ է սուբսիդավորվում միայն այդ կոնկրետ տնտեսությունը,այլ ոչ թե գոյություն ունեցող կամ ապագայում ստեղծվելիք նմանօրինակ այլ տնտեսություններն առհասարակ:

4. Նման ֆանտաստիկ հոգածությունը կոնկրետ ձեռնարկության նկատմամբ արդյոք չի՞ դարձնի այն գերիշխող ճյուղի, ոլորտի մեջ և չի՞ խարխլի ազատ, արդար մրցակցությունը ճյուղում ընդգրկված ձեռնարկությունների միջև:

5. Ինչու՞ է գերշահավետ արտադրությանն ուղղվում սուբսիդավորման նման ծավալ, այն դեպքում, երբ միջոցների բացակայության պայմաններում չեն իրականացվում անհրաժեշտ միջոցառումներ ժողովրդագրության, սոցիալական ապահովության, անվտանգության ոլորտներում:

6. Գերշահավետ և սուբսիդավորում ստացող ձեռնարկությունը լինելու՞ է արդյոք բաց բաժնետիրական, թե ոչ: Հարցը կարևոր է, որովհետև ՀՀ քաղաքացիների փողերով սուբսիդավորվող ձեռնարկության կառավարման մեջ ՀՀ քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն ստուգելու իրենց անունից սուբսիդավորվող ձեռնարկության մեջ ֆինանսական հոսքերը և ձեռք բերեն շահաբաժիններ:

7. Դատելով տվյալ ձեռնարկության հիմնադրման մեջ պետական ահռելի մասնակցության փաստից՝ ճիշտ և օրինաչափ չէ՞ր լինի կամ դա անել բացառապես պետական միջոցներով և ունենալ 100-տոկոսով պետական մասնակցությամբ ձեռնարկություն, կամ էլ արդեն իսկ ԶՊՄԿ օրինակով ունենալ որոշակի շահաբաժիններ:

8. Կա՞ն արդյոք անհաջողության և արտահանման սանիտարական արգելքների, սնանկության դեպքում պետական սուբսիդավորման ապահովության կամ հետվերադարձի հստակ երաշխիքներ բանկերի կամ այլ ֆինանսական կառույցների կողմից:

9. Որքանո՞վ է տվյալ ձեռնարկությունը վստահելի հարկեր վճարելու իմաստով: Որովհետև ընդամենը օրեր առաջ վերջին տարիներին անընդհատ սուբսիդավորում ստացած «Ալեքս տեքստիլ» կազմակերպությունը ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում խոստովանեց, որ տարիներ շարունակ խուսափել է հարկային պարտավորությունների կատարումից։

Ինչպես հասկանում եք, այս նոր սուբսիդավորման հեղինակները, նրանց հետ փոխկապակցված անձինք և հովանավորող պաշտոնյաները բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է ունենան՝ գործարքը ողջամիտ կասկածներից զերծ պահելու համար։ Կարծում եմ՝ հիմնական պատասխանող կողմը ՀՀ տնտեսության զարգացման նախարարությունն է, ուստի նրանց համապատասխան պատասխանատուներին առաջարկում ենք տրամադրել մեր կողմից արծարծված հարցերի պատասխանները և համապատասխան տեղեկույթ։ Այլ պարագայում վստահ ենք լինելու, որ երկու միլիոն երկու հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով օգնությունը դառնալու է ինչ-որ մեկի զոքանչի սեփականությունը։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 11375

Մեկնաբանություններ