ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Երեկ վեցից հետո

Երեկ վեցից հետո
10.11.2020 | 09:45

Մինչ Արցախի նախագահի մամլո քարտուղարը, օգտվելով Արծրուն Հովհաննիսյանի ժամանակավոր տկարությունից, ահաբեկում էր բոլորիս, Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ խփվեց։ Սպուտնիկ Արմենիային ռուսական ուժային կառույցներոից տեղեկացրել էին. «Նախնական տվյալներով՝ Նախիջևանի տարածքից խփվել է ռուսական ուղղաթիռ ու ընկել է Հայաստանի տարածքում»:


Նախնական տվյալները ճիշտ էին, ցավոք: Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ՝ հայտնեց ՀՀ ԱԻՆ-ը: Կա երկու զոհ, երրորդ օդաչուն վիրավոր է, տեղափոխվել է հիվանդանոց։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Հետո ՌԴ ՊՆ-ն հաստատեց լուրը՝ «Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»: Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ: Քիչ անց Բաքուն ընդունեց, որ սխալմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը:

Ըստ Բաքվի ԱԳՆ-ի՝ ուղղաթիռը թռչում էր հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ, այն պայմաններում, երբ Ղարաբաղում ռազական գործողություններ են ընթանում: Թռիչքը եղել է մութ ժամերին, ոչ մեծ բարձրության վրա, ՀՕՊ ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: Բացի այդ, նախկինում ռուսական ուղղաթիռներ չեն հայտնաբերվել միջադեպի շրջանում: Այսինքն՝ եթե մութն ընկել է, Հայաստանի տարածքում ինչ թռչում է՝ Նախիջևանից պիտի խփե՞ն: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ լարված իրավիճակի և «հայկական հնարավոր սադրանքների» կապակցությամբ բարձր մարտական պատրաստականության պայմաններում մարտական հաշվարկը որոշել է կրակ բացել: Դա պատահաբար է եղել, ուղղված չէր ռուսական կողմի դեմ: Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել, պատրաստակամություն հայտնել փոխհատուցում տրամադրել: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում՝ ինչպես խփվեց ռուսական կործանիչը Սիրիայի օդային տարածքում ու ինչպես էր Անկարան փոխհատուցում առաջարկում, ներողություն խնդրում: Փաստացի՝ Ադրբեջանը կապ չունի, եթե Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Թուրքիայի ձեռքին է, Անկարան էլ տվել է կրակի հրամանը: Ու դա է ճշմարտությունը: Որոշակի քաղաքական կամքի առկայության դեպքում Կրեմլը այս «պատահաբարը» կարող է որակել ագրեսիա Հայաստանի ու Ռուսաստանի դեմ: Որքան էլ մութ լիներ, Նախիջևանից տեսել են, որ ուղղաթիռը թռչում է Հայաստանի տարածքում և սահմանը չի հատել: Ամբողջ խնդիրն այն է, որ ուղղաթիռը ուղեկցել է ռուսական102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը, և ուղղաթիռը խփելը յուրօրինակ նախազգուշացում է Ռուսաստանին: Հիմա Կրեմլը պիտի շատ «վախենա՞», թե՞ պատասխանի իր վրա հարձակմանը: Այս խելագար պատերազմի ժամանակ մեկ-երկու ոչինչ չասող հայտարարություն արած ՀԱՊԿ-ը երեկ արձագանքեց իր համար ռեկորդային արագությամբ. «ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ»՝ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա ափսոսանք է հայտնել, որ ԼՂ հակամարտության սրումը հանգեցրել է տխուր հետևանքների: «Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը: Ավելի լավ էր ոչինչ չասեր, ի՞նչ «սպասենք», եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդունում է, որ իրենք են կրակել: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լռել է: Խոսուն լռություն է: ՀԱՊԿ-ավարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ ՊՆ երեկ խորին ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ-ին ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և զորակցությունը փոխանցել նրանց հարազատներին ու բարեկամներին:
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ ՊՆ-ի համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների:
Իսկ գուցե թուրքերի կողմից «պատահական» սպանությունը արձագանքն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, որ
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, լուծման ուժային տարբերակ գոյություն չունի՞:

Դիտվել է՝ 6816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ