Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, ըստ երևույթին, որևէ նոր բան չի ասել։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ ավելացնելով՝ ինչ-որ խորհրդակցության սկիզբ էին ասես դիմումն ու դրա արձագանքը, որոնք պատերազմի առաջին օրը, ոչ թե 36-րդ օրը պետք է լինեին։
-Դուք նույնպե՞ս այն տեսակետին եք, որ շատ ավելի վաղ պետք էր դիմել ռազմավարական գործընկերոջը:
-Իհարկե, ու մենք բազմիցս ենք ասել դրա մասին, որ պետք է դիմել ռազմավարական գործընկերներին և դաշնակիցներին: Դաշնակցային օգնությունն այդ պայմաններում ազատ ձեռքեր ունենալու որոշակի հնարավորություն կտար: Իսկ այս պարագայում դրանք կորսված են, որովհետև պատերազմի 36-րդ օրը իրավիճակն այլ էր, 3-րդ օրը՝ այլ։
-Իսկ ինչու՞ այդքան ուշ:
-Չեմ կարող ասել։ Հարցն այն է, որ իշխանությունները չեն կարողանում իրականությունը ռեալ գնահատել: Վտանգի իրական չափերը հասկանալու, գնահատելու ռացիոնալ որոշումներ կայացնելու հետ կապված խնդիր ունեն նրանք:
-Հասարակությունն ակտիվորեն քննարկում է՝ ինչու՞ չենք դիմում նաև ՀԱՊԿ-ին։ Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հնարավոր է դիմեն, բայց ՀԱՊԿ-ը չօժանդակի:
-Եկեք հասկանանք՝ ովքեր են ՀԱՊԿ անդամ պետությունները: Դրանցից մեկը, օրինակ, Ղրղզստանն է, որի նախկին նախագահը պնդում էր, թե Թուրքիան իրենց համար շողացող արև է: Ղազախստանն իր աջակցությունն Ադրբեջանին մեկ անգամ չէ, որ հայտնել է: Բելառուսն անթաքույց պրոադրբեջանական կողմնորոշում ունի: Որպես դաշնակից միայն Ռուսաստանն է մնում, որի հետ էլ մենք աշխատում ենք։ Բայց պետք չէ մոռանալ, որ ՀԱՊԿ կոչվածը 90 տոկոսով Ռուսաստանն է, հետևաբար՝ ի՞նչ տարբերություն՝ ՀԱՊԿ-ի՞, թե՞ ՌԴ-ի հետ ենք համագործակցում:
-Պատերազմի առաջին օրվանից Դուք և Ձեր գործընկերներն ասում եք, թե միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանք եք տանում: Ի՞նչ է փոխվում դրանից:
-Դա խորհրդարանական դիվանագիտություն է, որը թույլ է տալիս բարձրացնել խնդիրը, ներկայացնել հայկական տեսակետը, ագրեսիայի դեմ տարվող պայքարը: Ասում ենք, որ Հայաստանը պայքարում է ոչ միայն Արցախի բնակչության կյանքի իրավունքի, այլև միջազգային ահաբեկչության դեմ: Ինչքան հնարավոր է եղել, այդ մեսիջը տեղ ենք հասցրել, բայց սին հույսեր փայփայել, թե Արևմուտքը մեզ ինչ-որ ձևով պետք է օգնի կամ օժանդակություն տրամադրի, չպետք է ունենանք: Մեր օժանդակությունն առաջին հերթին գալիս է մեր բնական դաշնակիցներից, որոնք տարիների ընթացքում են ձևավորվել: Այժմ էլ համոզվում ենք՝ դաշնակիցների առումով այլընտրանք չունենք:
-Ասում եք` պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ. աշխարհը դա ընկալու՞մ է:
-Իհարկե ընկալում է, մարդիկ ողջունում են մեր պայքարն ու կոչ անում շարունակել այն, բայց սեփական միջոցներով: Աշխարհը վերջին տասնամյակում զարգացման բոլորովին այլ ճանապարհով է գնում: Մարդու իրավունքների աշխարհը, որտեղ կարևոր էր մարդը, մարդու ինքնորոշման իրավունքը, այլևս գոյություն չունի: ՈՒժեղի աշխարհ է, ու եթե ուժեղ ես, համոզիչ ես, կարող ես ունենալ քո տեսակետը, և որևէ մեկը քո սխալները չի մատնանշի: Տեսեք՝ 30 օր շարունակ Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, բայց եվրոպական որևէ կառույց կամ հենց ԵՄ-ն այդ մասին դատապարտող հայտարարություն չեն անում: Ի տարբերություն մեզ, ադրբեջանցիները շատ լավ են աշխատում միջազգային կառույցների հետ: Ինչպե՞ս եղավ, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը վազելով գնաց Գյանջա, բայց հայաստանյան նույն կառույցի երկայացուցիչը լուռ է:
-Ինչպե՞ս եղավ:
-Ենթադրում եմ, որ այստեղ նույնպես աշխատել է «խավիարային» դիվանագիտությունը:
-Գուցե մե՞նք էլ պետք է աշխատենք այդ ուղղությամբ:
-Երևի պետք է այդպես աշխատենք, որովհետև տեսնում ենք՝ դա աշխատող տարբերակ է: Պետք չէ մտածել, թե մենք վեհ արժեքների կրող ենք, ինչպե՞ս կարող ենք հարցն այդ ճանապարհով լուծել։ Երբ տեսնում ես՝ դիվանագիտորեն հարցը չի լուծվում, ցանկացած միջոցի պետք է դիմես արտաքին քաղաքականությունդ ապահովելու համար: Եթե կան մարդիկ, որ խավիար են սիրում, ապա կոնյակ սիրող մարդիկ էլ կգտնվեն:
-Վերադառնանք ահաբեկիչների թեմային. Արցախում կռվող վարձկաններն այն նույն ահաբեկիչներն են, որ ժամանակին ընդդեմ Իրանի կռվում էին Իրաքում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և այլն: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարածաշրջանի երկրներին ահաբեկչական կոալիցիա կազմելու կոչ էր անում, ինչը, փաստորեն, անարձագանք է մինչ այս պահը: «Մարդասեր» Եվրոպան առհասարակ չի արձագանքում:
-Քանի դեռ վտանգը չի հասել իրենց շեմին, Արևմուտքը չի պատկերացնում՝ իրավիճակն ինչպիսին է: Աֆղանստանում կամ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների առկայությունը մինչև 2001-ի սեպտեմբերի 11-ը որևէ մեկը չէր փորձում կանխել, բայց թե ինչպես փոխվեց իրավիճակը դրանից հետո, բոլորս տեսանք: Հիմա Արևմուտքն անում է նույն այդ սխալը: Այդ նույն ահաբեկիչները վաղը, մյուս օրը խնդիր են դառնալու նաև Ադրբեջանի և Թուրքիայի համար: Տարածաշրջանում պատկերը փոխվելու՞ է այս ուժերի հարաբերակցությամբ, միանշանակ փոխվելու է: Բազմաթիվ վկայություններ կան, որ ահաբեկչական գործողություններ են հենց Ադրբեջանում, այդ մարդիկ այժմ ադրբեջանցիներին են ահաբեկում՝ պահանջելով այն գումարները, որ խոստացել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Պետք է հասկանանք, որ մեր դիմաց հակառակորդ է, որը ո՛չ ողջախոհ է, ո՛չ էլ ներողամիտ կամ խաղաղասեր։ Այդ մարդիկ մեկ նպատակ ունեն՝ ոչնչացնել բոլոր հայերին:
-Ադրբեջանի քաղաքական ու ռազմական էլիտային հրամաններ տվողը Թուրքիայի կառավարությունն է։ Ադրբեջանում սրանից եկող ռիսկերը, վտանգները չե՞ն հասկանում, հաշվի չե՞ն առնում։
-Ադրբեջանի համար որևիցե բան հասկանալու կամ ռիսկերը գնահատելու համար արդեն ուշ է, որովհետև բանակն ու պետությունն արդեն տրամադրել են Թուրքիային: Այս պահին մենք կռվում ենք թուրքական բանակի դեմ, որը պատրաստ է Հայաստանի դեմ կռվելու մինչև վերջին ադրբեջանցին: Թուրքիայի վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը ոչինչ անել չի կարող անել, քանի որ ներքաշվել է այնպիսի մի գործընթացի մեջ, որից դուրս գալ ուղղակի չի կարող: Եթե հենց այս պահին Ալիևը որոշի կանգնեցնել ռազմական գործողությունները, Թուրքիան թույլ չի տա: Ադրբեջանը, որպես սուվերեն պետություն, գոյություն չունի: Նահանգապետ Ալիևն անում է այն, ինչ ասում է սուլթան Էրդողանը:
-ԱՄՆ-ը պատերազմը կանգնեցնելու սեփական սցենարն է ներկայացնում, այն է՝ սահմանին սկանդինավյան երկրների, այսինքն՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահներ տեղակայել: Խոսվում է նաև Ռուսաստանի խաղաղապահ զորքերի մասին: ԱՄՆ-ի առաջարկին ընդառաջ գնալը խելամի՞տ է:
-Կտեղակայվեն այն ժամանակ, երբ կողմերը համաձայն լինեն դրան: Ի՞նչ է անում խաղաղապահը, անվտանգային գոտի է ստեղծում երկու կողմերի միջև, զորք է տեղակայվում, որ եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն, առաջին հարվածն իրենք կրեն: Իսկ խաղաղապահների վրա հարձակվել նշանակում է հարձակվել այն պետության կամ դաշինքի վրա, որի ներկայացուցիչներն են այդ ուժերը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի առաջարկին, ապա քննարկելու հարց է, և, առհասարակ, պետք է քննարկել հնարավոր բոլոր տարբերակները:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ