Ընդդիմության ներկայացուցիչները Թբիլիսիում հանրահավաք են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հայտարարում են, որ ամեն օր բողոքի ցույցեր կանցկացնեն մինչև արտահերթ ընտրությունների նշանակումը: Իշխանությունների ընդդիմախոսների ծրագրերի մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին: «Այսօրվանից մենք ամեն օր կհավաքվենք, մինչև հասնենք նոր ընտրությունների նշանակման»,- ամբիոնից ասել է Սամադաշվիլին:
Թբիլիսիի կենտրոնում արդեն մի քանի ժամ շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների: Դրան մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների մի քանի հազար ներկայացուցիչներ, նրանց աջակիցները, քաղաքացիական ակտիվիստներ: Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթում է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը: Կառավարության ընդդիմախոսները մի շարք խախտումների պատճառով ընտրությունները համարում են ոչ լեգիտիմ: