Երևանն անհերքելի ապացույցներ ունի, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ՝ «Ռիա Նովոստի»-ին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության ու Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման Ղարաբաղ անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:
«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` Երևանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:
Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը:
«Ռիա-նովոստի»-ին ասել է Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016-ի ապրիլի սրացումից հետո: Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբն ու ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ: «Սակայն, այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը: Խաղաղապահների ներգրավման մասին նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, որ չեզոք են:
«Ինչը կարելի է շեշտել հենց սկզբից. ցանկացած խաղաղարար մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով ու գործով գործում են ոչ թե չեզոք, այլ որպես հակամարտության կողմ»,- ասել է Մնացականյանը: Նրա խոսքով՝ «խաղաղապահ գործողությունը միշտ եղել է հիմնական սկզբունքների մի մասը և, հետևաբար, հակամարտության կարգավորման կարևոր բաղադրիչը»: «Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցուցակ»,- ասել է նա: