Աշխարհասփյուռ հայությունն ամենուր բարձրացնում է իր ձայնը` պահանջելով կանխել թուրք-ադրբեջանական ագրեսիան, օբյեկտիվորեն լուսաբանել ռազմական իրադարձությունները, ճանաչել Արցախի անկախությունը։ Հայրենասիրական ակցիաներից անմասն չեն մնացել բրիտանահայերը։ ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ապրում է Լոնդոնում, թվային մարքեթինգի մասնագետ է, լոնդոնյան ակցիաների ակտիվ մասնակից։ Թվային տիրույթում նույնպես մեր հայրենակիցը ակտիվորեն է ներկայացնում Լոնդոնում տիրող հայրենասիրական անցուդարձը։ Մեր` «Ի՞նչ տրամադրություններ են տիրում բրիտանահայերի շրջանում» հարցին ի պատասխան Սուրեն Սարուխանյանն ասաց, որ պատրաստ են առաջիկա ամիսներին, տարիներին իրենց աշխատավարձից պարբերաբար որոշակի գումար հատկացնել հայրենիքին, քննարկում են նվիրատվության ճիշտ ձևաչափը. մի մասը մտածում է հումանիտար օգնության մասին, մյուս մասը՝ ռազմական. «Երբ պատերազմն ավարտվի, մենք դարձյալ պետք է շարունակենք մեր գործունեությունը, որովհետև 30 տարի բավականաչափ ջանք չենք գործադրել, որ այս պատերազմը չլինի։ Այս պահին համայնքն աշխատում է մի քանի ուղղություններով, մի խումբը համակարգում է հումանիտար օգնությունը, մյուս խումբը զբաղվում է գովազդով, փորձում է կապվել լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ, իրազեկել, մեր տեսակետն առաջ տանել, որովհետև ադրբեջանցիները տարիներ շարունակ կաշառելով իրենց կողմն են գրավել մարդկանց»։
Բրիտանահայերը ակցիաներ են իրականացրել BBC-ի լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի դեսպանատների դիմաց։ Մեր զրուցակիցն ասաց, որ, չնայած Քովիդով պայմանավորված խիստ հսկողություններին ու սահմանափակումներին, հայրենասիրական ակցիաներին միացողների թիվը գնալով ավելանում է. «Մեծ Բրիտանիայի հայ համայնքն այնքան էլ կազմակերպված չի եղել, բայց այս ողբերգությունը դարձավ համախմբման առիթ։ Արդյունքում՝ BBC-ն ադրբեջանամետից դարձել է չեզոք։ Եթե ինչ-որ ադրբեջանամետ նյութ են տեղադրում, նախ` վերապահումով են անում, երկրորդ՝ դրան համարժեք տեղադրում են նաև հայամետ նյութ։ Օրեր առաջ անդրադարձել էին հայ գերիների սպանությանը, նշելով, որ Ադրբեջանը խախտել է մարդասիրական, ռազմական օրենքները։ Այդ հրապարակումը շատ մեծ արձագանք գտավ։ Չեմ կարծում, թե նախկինում նման բան կանեին, բայց չեմ էլ կարծում, թե դա միայն մեր ցույցերի արդյունքն է։ Աշխատանք է տարել Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Դրական տեղաշարժին նպաստել են նաև առանձին անհատների նամակները։ Հույս ունեմ նաև, որ չեն կորցրել մարդկային հատկանիշները և իրենց կամքով օբյեկտիվորեն են գնահատում իրավիճակը»։
Սուրեն Սարուխանյանի խոսքով՝ կարևոր է, որ մեծ լսարան ունեցող լրատվականը փոխել է ադրբեջանամետ դիրքորոշումը, բայց դա բավարար չէ հասարակական կարծիքի ձևավորման համար։ Հասարակության շուրջ 80 տոկոսը տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ են գտնվում Ադրբեջանը կամ Հայաստանը։
Սուրեն Սարուխանյանը նշեց, որ երրորդ հրադադարի հետ կապված հույսեր չունեն. «Եթե չեմ սխալվում, 90-ականների պատերազմի ժամանակ 12 անգամ հրադադար է հայտարարվել, պահպանվել է 2-ը, այն էլ` ստիպողաբար։ Ցանկությունը մեկն է, որ հարցը խաղաղ կարգավորում գտնի, մեր զինվորները չզոհվեն ու վերադառնան իրենց տները։ Ինչքան երկար տևի հրադադարը, այնքան լավ։ Բայց, զգացական մոտեցումը մի կողմ թողած, հասկանում ենք, որ թուրքի հետ պետք է ոչ թե հրադադար պայմանավորվել, այլ` պարտադրել»։
Հոկտեմբերի 26-ի առավոտյան, ժամը 8:45-ի սահմաններում Ադրբեջանը խախտեց մարդասիրական հրադադարը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Դավիթ ԿՈՇԵՑՅԱՆԻ