Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Մոսկվա ու հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Լավրովի հետ առանձին հանդիպում է ունեցել և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Դժվար է ասել՝ ինչ օրակարգերով են Վաշինգտոն մեկնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ի՞նչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից: Ակնհայտորեն՝ տարբեր: Ադրբեջանի, իմա՝ Թուրքիայի դիրքորոշումը անփոփոխ է՝ պատերազմ մինչև վերջ, իրենց պատկերացումով՝ հաղթական վերջ: Փաստացի՝ նրանք հրաժարվում են բանակցել, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Արցախի տարածքից: Սա ուլտիմատում է, ու ի՞նչ դիրքորոշում է ունենալու Վաշինգտոնը՝ ելնելով Մոսկվայի ու Փարիզի նախաձեռնություններով հրադադարների չպահպանման փորձից: Անկախ Արցախյան պատերազմից՝ Անկարան ու Վաշինգտոնը ունեն իրենց հին ու նոր վեճերը՝ Մերձավոր Արևելքում ու ՆԱՏՕ-ում: Էրդողանն ակնկալում էր ԱՄՆ-ից ստանալ ոչ միայն F-16-ներ, այլև՝ ռմբակոծիչների տեխնոլոգիաները և սկսել համատեղ արտադրություն, իմա՝ մտնել զենքի շուկա ոչ միայն «Բայրաքթար» ԱԹՍ-ներով: Վաշինգտոնը մերժեց: Մերժում է նաև հանձնել Ֆեթուլա Գյուլենին, ում Էրդողանը համարում է իր թշնամին: Վերջերս Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը Ինջիրլիքից Հունաստան է տեղափոխելու իր ռազմաբազան: Եվ նման տասնյակից ավելի խնդիրներ կան թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ռուսական լրատվամիջոցները առաջադրում են թեզ, որ ԱՄՆ-ը քարտ բլանշ է տվել Անկարային՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի: Որքանո՞վ է հավանական, որքանով՝ ոչ, կերևա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Փաստացի՝ շարունակելով հովանավորել Անկարային, ԱՄՆ-ը հովանավորում է միջազգային ահաբեկչությունը: Արցախի դեմ պատերազմում մոջահեդների ներգրավումը ժխտում են միայն Էրդողանն ու Ալիևը, բայց ընդունել է նաև Պոմպեոն:
ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հրադադարի հաստատմանն ու առաջ մղել սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղի շուրջ թեժացած հակամարտության բանակցային կարգավորումը: «Մարդասիրական հրադադար հաստատելու նախորդ երկու պայմանավորվածությունները՝ նախաձեռնված Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, միանգամից խախտվեցին: Մարտերը քաղաքացիական հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, միաժամանակ հայտնի են դառնում տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում Ադրբեջան՝ հայկական բնակչության դեմ կռվելու համար: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները, որոնք լիակատար աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու պատրաստ է օգնելու վերսկսել բանակցությունները: Խաղաղության համար նախադրյալներ ապահովելու և արդյունավետ հրադադարի հաստատման համար Թուրքիայի պես երրորդ կողմերը պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ քայլերն ու ռազմական ներխուժումները:
ԱՄՆ-ը պետք է անմիջապես նպաստի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատմանն ու Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների վերականգնմանը»,- գրել է իր հրապարակած նամակում Մարքին: Սենատորն ընդգծել է՝ քանի որ Ադրբեջանը շարունակում է ԼՂ հակամարտությունն ռազմական ուժի անօրինական կիրառմամբ լուծելու փորձերը, միջազգային հանրությանն այլ ելք չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Պետքարտուղար Պոմպեոն պետք է հստակեցնի, որ Ազատության աջակցման թիվ 907 ակտը լիարժեք կկիրառվի, և կդադարեցվի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունն անվտանգության ոլորտում: Պետքարտուղար Պոմպեոն և նախագահ Թրամփը, որ սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, պետք է պարզ դարձնեն իրենց ավտորիտար ընկերոջ համար, որ Թուրքիայի հետագա ներգրավվումն այս հակամարտությունում կարժենա իրեն տրամադրվող ռազմական աջակցությունն ու ջերմ հարաբերություններն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ»,- շեշտել է սենատորը:
ԱՄՆ կոնգրեսմեն Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել և 100 օրենսդիր է ստորագրել: «Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ: Համաշխարհային մի շարք առաջնորդներ կրակը դադարեցնելու կոչով են հանդես եկել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն երբ հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միանգամից դրանց խախտման դեպքեր գրանցվեցին: Թիվ 1165 բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ու Թուրքիայի ներգրավվածությունը: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի առնչութամբ ու հավատացած եմ, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի աշխատելու միջազգային հանրության հետ այս աղետից տուժածների աջակցելու հարցում:Բանաձևը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի կողմից պետք է հաստատվի»,- նշված է կոնգրեսմենի նամակում:
Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով օրինագիծ է ներկայացրել և կոնգրեսմեն Գրեյս Նապոլիտանոն: Նրա նախաձեռնությունը հաջորդում է կոնգրեսմեն Ադամ Շիֆի հայտարարությանը՝ «եթե Ադրբեջանն ու Թուրքիան հետաքրքրված չեն Արցախի հարցի շուրջ բանակցություններով, ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»:
Անցած շաբաթ Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալով՝ Շիֆը նաև ասել էր. «ԱՄՆ-ը չափազանց շատ է կեղծ հավասարություն դրել Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև, որոնցից առաջինն իրականացնում է հարձակում հարձակման հետևից, իսկ երկրորդը՝ պաշտպանում իր կյանքն ու տունը։ Ամերիկան պետք է պաշտպանի Ստեփանակերտի ծաղկող ժողովրդավարությունը, այլ ոչ թե բռնապետական ռեժիմը»: Մի քանի կոնգրեսմեններ Շիֆի գլխավորությամբ, նամակով դիմել էին Մայք Պոմպեոյին՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել և դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ Թուրքիայի կործանարար դերակատարումը: Համարյա ամենօրյա ռեժիմով ԱՄՆ-ում ցույցեր է անում հայ համայնքը՝ պահանջելով Արցախի ճանաչումը: Ու հարց է՝ այս դեպքում Վաշինգտոնը կգործի ի հեճուկս Մոսկվայի՞, թե՞ Մոսկվայի հետ: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ արցախյան հարցում Վաշինգտոնի եւ Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են: Իսկ համընկնու՞մ են Ադրբեջանի ու Թուրքիայի հարցում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առայժմ հայտնի չէ՝ Վաշինգտոնում կկայանա՞ Պոմպեո-Մնացականյան-Բայրամով եռակողմ հանդիպում: Բայց գլխավորը դա չէ, գլխավորը այս պահին պատերազմը դադարեցնելն է: Կարվի դա պատժամիջոցների՞, թե՞ Արցախի ճանաչման սպառնալիքով, Թրամփի վարչակազմի որոշելիքն է: Իսկ մենք կռվում ենք մեր հայրենական պատերազմը: Ու՝ հաղթելու ենք, որովհետև նահանջի տեղ չունենք: