Պատերազմից բառացիորեն օրեր անց սոցցանցերի օգտատերերը սկսեցին բարձրաձայնել, թե ծաղկի շուկայում արձանագրվել է աննախադեպ գնաճ։ Իսկ վերջին 3-4 օրերին արդեն ահազանգում են, որ, օրինակ, ծաղկեպսակների ռեկորդային գներ են սահմանվել` սկսած 50 հազար դրամից:
Նաև կան պնդումներ, որ ծաղիկ-ծաղկեպսակներին զուգահեռ թանկացումներ են նկատվել զինվորական պարագաների խանութներում. հիմնականում անբացատրելիորեն աճել են զինվորական համազգեստների գները։
Հետևությունը մեկն է` հանրության մի մասի գիտակցության մակարդակը գրպանից այն կողմ չի անցնում: Թերևս այդ է պատճառը, որ պատերազմական իրավիճակը ոմանց համար հարստանալու պարարտ հող է ապահովում: Ասել է` բիզնեսը զարգացնելու տեսանկյունից, եթե դատենք, «երանելի» ժամանակներ են վրա հասել։
Ծաղկավաճառները, ի դեպ արդարանում են, թե իրենց կամքով չեն պայմանավորված առկա թանկացումները: Իսկ եթե փորձեք ճշտել` ի՞նչ բացատրություն կտան նման խայտառակ դրսևորմանը, ապա պատճառաբանությունների շարքը բավականին երկար է:
Սակայն, ինչ էլ ասեն, միևնույն է անհասկանալի է մնում, թե ինչու է մեխակը, օրինակ, սովորական 10 դրամից դարձել 70 դրամ:
Արդեն ձանձրանում ես լսել բոլոր ծաղկավաճառների շուրթերից հնչող նույն ձևակերպումը` պահանջարկը շատ մեծ է, եղած քանակը չի բավականացնում, ջերմոցների տերերն էլ թանկացրել են: Ասեմ նաև` ջերմոցների տերերն էլ իրենց հերթին են զարմացած այս «հանելուկով»:
Ահա այսպիսին է նաև պատերազմական քրոնիկոնը. ոմանք կյանքն են տալիս հանուն հայրենիքի, ոմանք էլ խիղճն են «զոհում» հանուն գրպանի:
Մի քանի խոսք էլ զինվորական համազգեստների թանկացումների մասին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) օրեր առաջ արձանագրեց. «Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսավարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողովում ներկայումս իրականացվում են աշխատանքներ»:
ՏՄՊՊՀ-ն նաև քաղաքացիներին դիմել էր կոչով՝ նման դեպքերի հանդիպելիս տեղեկացնել, իսկ տնտեսավարողներին և վերավաճառողներին զգուշացրել՝ անհիմն բարձրացումներ փաստող իրավախախտում հայտնաբերելու դեպքում տվյալ անձինք ենթարկվելու են ֆինանսական պատժամիջոցների:
Հավելենք նաև` հանձնաժողովն ուսումնասիրում է ծաղկի շուկայում արձանագրված շեշտակի գնաճի հանգամանքները:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, վերջին օրերին նաև բարձրաձայնում են, թե գնային աճ է նկատվում նաև անշարժ գույքի շուկայում: Այն է`կտրուկ աճել են վարձով տրվող բնակարանների գները: