Այն աննախադեպ ազգային համախմբումը, որ պատերազմական իրավիճակներում տեղի է ունենում Հայաստանում, ամեն անգամ զարմացնում է ու ոգևորում։ Արագ բռունցքվելու այս կարողությունն ամենաթանկ բանն է, որն ի զորու է փշրելու ցանկացած պատնեշ։ Ադրբեջանն ամեն անգամ պարտվում ու ձախողվում է ոչ այն պատճառով, որ գերժամանակակից ռազմատեխնիկան չի կարողանում ճիշտ գործի դնել, չունի բավարար սպառազինություն, մարդկային ռեսուրս, այլ հենց այն պատճառով, որ նրա բանակում շատ են վարձկանները, սեփական զինվորն էլ ունակ չէ հերոսության։ Իսկ մենք ազգովին ենք պատերազմ մղում, առաջնագծում կանգնած մեր զինվորը պատրաստ է ինքնազոհության, հերոսության, որովհետև սեփական հողն է պաշտպանում։ Սա է մեր և թշնամու տարբերությունը։
Սակայն մենք էլ վատ սովորություն ունենք, խաղաղ պայմաններում այդ ներուժը չենք կարողանում ճիշտ ուղղորդել, փոշիացնում ու մսխում ենք միասնականությունը, ամեն օր մի կուսակցություն ու քաղաքական միավոր ենք ստեղծում, ինչ է թե մեր ճիշտն առաջ տանենք, մենք լինենք կենտրոնում։ Ներսից մեր ուժերը ջլատելով՝ երկիրն ու բանակի թիկունքն ենք օր օրի թուլացնում։ Մի պահ պատկերացնենք, թե առկա դժվարություններն ինչքան արագ ու համախմբված կարող ենք լուծել՝ ունենալով նույն միասնականությունը, համերաշխությունը, գործին լծվելու նույն պատրաստակամությունը։ Ավաղ։ Օրհասական պահերին է միայն արթնանում միմյանց թև-թիկունք լինելու, բռունցքվելու անհավատալի ուժը։ Զարգացած երկիր ունենալու հրամայականը մեզ պարտադրում է պատերազմական օրերի անձնազոհությամբ լծվել պետականաշինության գործին, սա էլ մի յուրահատուկ կռիվ է, բայց ոչ միմյանց դեմ, այլ տարիներ ի վեր կուտակված խնդիրների, օտարածին երևույթների, որոնք սպառնում են մեր ազգային արժեհամակարգին։ Խաղաղությունն էլ փորձության շրջան է, ավելի լավը դառնալու, ավելի լավ երկիր կերտելու, պառակտվածությունը, քայքայիչ սերմերը մեր հողից վերացնելու և հերոս տղերքի արյան գնով պահվող երկիրը նրանց արժանի դարձնելու շրջան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ