Իր կատարած սխալ ընտրությունը մարդը դժվար է ընդունում, բայց երբ հասկանում է, որ վրիպել է, նախ՝ ինքն իրեն է փորձում համոզել, ապա՝ սկսում պատճառներ ու մեղավորներ փնտրել: 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քիչ ժամանակ չի անցել, որպեսզի հասարակությունը վերլուծի ու գիտակցի՝ ինչ էր ուզում և ինչ ստացավ: Բարեկեցիկ կյանքով ապրել էր ուզում, բարձր աշխատավարձ, գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հույս ուներ, սոցիալական հավասարություն էր ակնկալում, կոռուպցիայի ու հովանավորչության բացառում և այլն, և այլն: Սակայն այն, ինչ ստացավ` «բա Սերժի վախտ լա՞վ էր» ու «մեզ քննադատողները հակահեղափոխականներ» են արտահայտություններն են: Կառավարության շենքի դիմաց, Ազգային ժողովի բակում ամենօրյա ռեժիմով ամենատարբեր խնդիրներով հավաքվող ու բողոքող մարդկանց կարելի է տեսնել, մեկն աշխատանք է կորցրել, մյուսը աշխատավարձ չի ստացել, երրորդը ստացած բերքի մթերման խնդիր ունի, և այսպես շարունակ: Նրանց բոլորին մի հարց է հուզում՝ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության եկածներն ասում էին, թե ունեն բոլոր հարցերի պատասխանները, իսկ իր խնդրի հետ իրեն այժմ մենակ են թողնում: Բողոքող մարդկանցից «բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում», «ախր քայլել ենք ձեզ հետ հավասար» ու նմանատիպ այլ արտահայտություններ կարելի է լսել, որոնք ուղղված են կառավարությանը, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեղավոր են բոլորը՝ փոխվարչապետը, նախարարները, նախարարության վարչության պետերը, ավագ մասնագետները, քարտուղարուհին անգամ, բայց ոչ երբեք՝ կառավարության ղեկավարը: Կառավարության դիմաց հավաքվող մարդիկ գուրգուրանքով, սիրով ու ջերմությամբ, Փաշինյանի նկատմամբ մեծ վստահությամբ, հավատով, իրենց անսխալ ընտրության մեջ մինչև հիմա վստահ՝ լուտանք են թափում բոլոր այն սև ուժերի գլխին, որ իրենց չեն թողնում վաստակել օրվա հացը:
Նրանց համար մեղավոր են բոլորը, բացի Փաշինյանից: «Փաշինյանը մեր խնդրից տեղյակ չէ», «Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, թիմն է վատը»՝ ասում են բոլոր նրանք, ում Փաշինյանն անձամբ է համոզում, թե աղքատությունը ձեր գլխում է, վերացրեք այն: «Գնացեք աշխատեք, մի շիշ օղի քիչ խմեք, մի փոր հաց էլ մի կերեք»՝ ասում է ամենայն հայոց ամենագետը, իսկ մարդիկ լսում են նրան, ու իրենք իրենց վախենում խոստովանել՝ սխալ ընտրություն են արել: Ասֆալտին փռող, պատերին ծեփող գերագույն գլխավոր հրամանատարը, որ հպարտներին ու արժանապատիվներին խոստացել էր ձերբազատել հուսահատության «ԳԱԶել»-ներից, մահվան վերելակներից, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից, պետական համակարգի աշխատողների անհարկի պարգևավճարներից, կոճակ սեղմող պատգամավորներից, ինչ խոսք, գուցե աներևույթ մոգության շնորհիվ գիտի՝ ինչպես կախարդել լսել ու տեսնել չցանկացող մարդկանց: «Իսկ ի՞նչ փոխվեց» հարցն իրեն տվող ու այդպես էլ պատասխան չստացող իմ հարևան անգրագետ Պողոսը դեռ թաքուն հույս է փայփայում, որ զորեղ «դմփ-դմփ-հու»-ի մի համազարկով ամենակարողն ամեն բան տեղն է գցելու, և արդարանալու է իր ընտրությունը: Տա Աստված՝ նման հրաշք տեղի ունենա, բայց չմոռանանք՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր թագավորին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ