Ինչպես ժողովուրդն է ասում՝ բոշին էշ վրա չի գալիս, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն էլ՝ փոխնախարար. ում նշանակում են, կարճ ժամանակ անց հրաժեշտ է տալիս կառույցին։ Արդեն սովորություն է դարձել 5-6 ամիսը մեկ սոցապնախարարությունում նոր փոխնախարար նշանակել։ Բացի քաղաքական անհեթեթ մոտեցումից, սա նաև ոլորտային մեծ խնդիր է ստեղծում։ Ինչպես է հնարավոր այդպիսի բազմաֆունկցիոնալ նախարարությունում ոլորտներ կարգավորել, աշխատանքները ճիշտ համակարգել, եթե մի փոխնախարար դեռ գործի մեջ չմտած արդեն փոխում են։ Հո թաշկինակ չէ, որ շուտ-շուտ լվանում եք։ Առանց այն էլ չաշխատող օղակների աշխատանքը կայուն պարբերականությամբ կաթվածահար է լինում։ Ամեն անգամ համակարգի գլխին նոր մարդ են բերում, որը մինչև հասկանում է, թե ինքն ինչի համար է այնտեղ, ասում են՝ իրերդ հավաքիր։ Սակայն այս իշխանության կադրային նշանակումները, անլուրջ պահվածքը կառավարման հանդեպ այլևս զարմանալու տեղիք չեն տալիս։
Սրան զուգահեռ նախարարությունում համալրվում ու իրենց անխախտ տեղն են զբաղեցնում այս իշխանության ԽԾԲ-ները։ Ավելին, միջին օղակում աշխատող «հներին» կամաց-կամաց մաղում են ու համալրում իրենց մերձավորներով։ Զորօրինակ, նախարարության աշխատակազմի ղեկավարը Բաթոյանի քրոջ ամուսինն է, ընկերուհին ՍԱՊԾ-ի պետն է։ Մերձավորների թիվը սրանով չի վերջանում, այլ բաժիններում էլ նրանք տաքուկ տեղավորվել են։
Այնպես որ, «հների» մասին խոսելիս առնվազն այս հարցում լավ կլինի «հեղափոխություն» չխաղաք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ